ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչինչ չունի Աֆրիկայում Չինաստանի առաջատարության դեմ, սակայն կարծում է, որ Չինաստանը Սև մայրցամաքի երկարաժամկետ զարգացման համար հիմքեր չի ստեղծի, այլ միայն այնտեղից դուրս կբերի բնական ռեսուրսները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Չինաստանի հիմնական հետաքրքրությունն Աֆրիկայի բնական ռեսուրսները հասանելի դարձնելու մեջ է՝ արտահանման վրա կողմնորոշված իր տնտեսությունը խթանելու նպատակով։ Շատ հաճախ Աֆրիկան պարզապես կիրառվում է հումքի դուրս բերման, այլ ոչ թե աշխատատեղերի ստեղծման և երկարաժամկետ զարգացում ապահովելու համար»,- հայտարարել է Օբաման Սենեգալից ՀԱՀ թռիչքի ժամանակ: 

Նա ընդգծել է, որ շատ մարդիկ բավարարված են Աֆրիկայում Չինաստանի մասնակցությամբ: 2012-ին Աֆրիկայի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 200 մլրդ դոլարի, և Չինաստանը դարձել է Աֆրիկայում գլխավոր ներդրողը: 

«Կարծում եմ՝ լավ է, որ Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և այլ երկրներ մեծ ուշադրություն են դարձնում Աֆրիկային, սակայն այժմ «սառը պատերազմի» ժամանակները չեն, այլ առկա է մեկ գլոբալ շուկա»,- նշել է ԱՄՆ նախագահը: 

Աֆրիկայի քաղաքական գործիչները կարծում են, որ ԱՄՆ-ը զիջել է առաջատարությունը մայրցամաքում Չինաստանին, և Օբամայի շրջագայությունը դիտարկում են որպես այն վերականգնելու փորձ:

Ուրբաթ ուշ երեկոյան Օբամայի օդանավը վայրէջք է կատարել Պրետորիայի «Ուաթերքլուֆ» ռազմաբազայում: ԱՄՆ նախագահը կլինի նաև Յոհանեսբուրգում և Քեյփթաունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել