Panorama.am-ը գրում է.

Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, 1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը  «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել է, որպեսզի ոչնչացվի հեռագրատանն առկա կրկնօրինակը։

Նշված որոշումը վերաբերում էր Վանի և Բիթլիսի հայերին: «Թե կենտրոնում և թե շրջաններում անհրաժեշտ է նախապես ձերբակալել հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրա հարձակվել պատրաստվող հայերին, իսկ հարձակվելու դեպքում՝ աքսորել նրանց Բիթլիս և ոչնչացնել», - ասված է փաստաթղթի 4-րդ հոդվածում։

Աքչամի գնահատմամբ՝ սա ըստ էության միայն տղամարդկանց վերաբերող մի յուրատեսակ «կանխարգելիչ միջոցառում» էր, և նշված որոշման մեջ «ոչնչացում» (թուրք․՝ İmha) բառի կիրառությունը չափազանց կարևոր է։

«Մենք այլ աղբյուրներից էլ գիտենք, որ 1914թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրվեց, սակայն իրականում այն կիրառվեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ սպառնալիքը կանխելու նպատակով կիրառվող ոչնչացումը մի շարք ցեղասպանությունների բնորոշ առանձնահատկությունն է», -գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դեմ նացիստների իրականացրած Հոլոքոստի հետ։ Այս դեպքում ևս նախապես վճռված էր կանխել տղամարդկանց ապստամբությունը, բայց, ի վերջո, թիրախում հայտնվեցին նաև կանայք և երեխաները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել