Սոցիալիզմի որոշ դրվագներ պետությունը այնուամենայնիվ պետք է իրագործի, ինչպես դա տարիներ շարունակ արվում է շատ այլ երկրներում։ 
Որպես օրինակ, պետությունը կարող է պետական մենաշնորհ սահմանել ալկոհոլային խմիչքների վաճառքի վրա։ Սա արդեն շատ երկար ժամանակ կիրառվում է Կանադայում։ Այս քայլով մեր երկիրը կստանա ահռելի մեծ եկամուտ։ Նույնը վերաբերում է շահումով խաղերին, այստեղ մենաշնորհը բարդ է սահմանել, բայց կարելի է էականորեն բարձրացնել հարկերը Հայաստանում ձեռք բերված եկամտի վրա և զրոյացնել բոլոր հարկերը այլ երկրներում ձեռք բերված եկամտի վրա։ Այս քայլով մենք նաև կկարողանանք ներգրավվել լուրջ ներդրումներ և հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել։ Այս ոլորտի շահութաբերությունը աստղաբաշխական է և պետությունը շատ քիչ է դրանից օգտվում։ 
Կարծում եմ նաև, որ մեր պաշտպանության նախարարության գնումների զգալի մասը ապահովվելու համար պետք է ստեղծել պետական ձեռնարկություններ, ընդորում ամենաաղքատ մարզերում։ Որպես օրինակ Գյումրիյում կարելի է կարել զինվորական հագուստը։ 
Անշուշտ շատ մարդ կպնդի, որ այն ինչ պետական է զուրկ է լավ վերահսկողությունից և կոռուպցիայի բուն է։ Թույլ տվեք չհամաձայնվեմ։ Նույն թեզով մեր տնտեսվարողներին տարիներ առաջ Համաշխարհային Բանկի պարտադրանքով ստիպեցին վճարել ԱԱՀ սահմանի վրա՝ ապրանքը ներկրելիս, ինչը բավականին լուրջ խոչընդոտ է ցանկացած բիզնեսի համար։ Դա արվեց ասելով, որ մեր հարկայինը իզորու չէ հարկերը հավաքագրել ներմուծումից հետո։ Այսինքն ինչ է հարկայինը չէր կարողանում իր գործը լավ կատարել, տուժեցին ներկրողները։ 
Ասածս ինչ է, եթե պետական մարմինները իրենց դեմ դրված բոլոր աշխատանքները ճիշտ կատարեն, և ներդրվեն վերահսկողության ճիշտ և գործուն մեխանիզմներ, ապա վերը նշված գործողությունները միանշանակ կարող ենք իրականացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել