Panorama.am-ը գրում է.

«Վեգա» ընկերությունում դեռևս չեն հաշվել, թե հրդեհի հետևանքով որքան վնաս են կրել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանն ասաց, որ հաշվարկման աշխատանքներն ընթացքի մեջ են, ընկերությունը ֆինանսական մեծ կորուստներ է կրել, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։

Հիշեցնենք՝օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը բռնկվել է «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում: Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)`  լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք:

Արթուր Չոբանյանը նշեց, որ հրդեհի պատճառը հայտնի չէ, այն սկսվել է կահույքի արտադրամասում, որն արագությամբ տարածվել է՝ ընդգրկելով նաև պահեստը։

«Ինձ պատմել են, որ շատ արագ է ամեն ինչ տեղի ունեցել։ Ամբողջ շենքում կան կրակմարիչներ, բայց հրդեհն այնքան արագ է տարածվել, որ պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել և աշխատակիցները հասցրել են միայն դուրս գալ շենքից»,- ասաց ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենը։

Նրա խոսքով՝ այրվել են  կահույքի արտադրամասն ու պահեստը, որոնք գտնվել են նույն մասնաշենքում, իսկ սրահը թեև չի այրվել, սակայն այն կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Արթուր Չոբանյանը հայտնեց, որ հրդեհի հետևանքով «Մալաթիա Մոլ»-ի տարածքում գտնվող «Վեգա» սրահը ժամանակավորապես չի գործի, միայն վերանորոգումից հետո այն իր դռները կբացի այցելուների առաջ։ Նա վստահեցրեց, որ մեկ ամսվա ընթացքում հարդարման աշխատանքները կավարտվեն։

Անդրադառնալով ԱԻՆ-ի աշխատանքին, մասնավորապես այն խոսակցություններին, թե հրշեջները ուշ են ժամանել հրդեհի վայր, Արթուր Չոբանյանն ասաց, որ հրշեջների և շտապօգնության աշխատանքը ամենաանշնորհակալ գործն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել