2018 թ. օգոստոսին շվեդ դպրոցական Գրետա Թունբերգը Ստոկհոլմի խորհրդարանի դիմաց միայնակ ցույց կազմակերպեց։ Նա հայտնեց, որ ուրբաթ օրերը չի գնալու դպրոց, մինչև որ կառավարությունը չկատարի Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրի կետերը, որի նպատակը գլոբալ տաքացման դեմ պայքարն էր։ Դպրոցականը միանգամից համաշխարհային ճանաչում ստացավ, և նրա ցույցին միացան ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ավստրալիայի 400 քաղաքների հազարավոր դպրոցականներ։ Աղջկան Նոբելյան մրցանակի արժանացրին։

Բոլորովին վերջերս էկոլոգիական ճգնաժամը հեռավոր և քիչ հավանական որևույթ էր թվում։ Սակայն 2019 թ. փետրվարին բրիտանական Պետական քաղաքականության հետազոտության ինստիտուտը զեկույց հրապարակեց այն մասին, որ մարդկությունը ոտք է դրել «էկոլոգիական աղետի ժամանակաշրջան»։ Արդեն մոտակա տարիներին մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կհանգեցնի հասարակության և համաշխարհային տնտեսության դեստաբիլիզացիայի։ Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ 20 տարի անց համաշխարհային միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,5 °C-ով, ինչը նշանակում է, որ երաշտները, փոթորիկներն ու ջրհեղեղները ավելի հզոր ու ավերիչ կդառնան։ Եթե տաքության սահմանը հասնի 2°C-ի, ապա խմելու ջրի և սննդի պակասն ու ջրհեղեղները կսպառնան աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքին։ Որպեսզի այս ամենը տեղի չունենա, մինչև 2030 թ. հարկավոր է ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ նվազեցնել առնվազն 45%-ով։ Սակայն, չնայած որ այս ամենը նշված է Փարիզյան համաձայնագրում, պետությունները չեն շտապում կատարել դրա պայմանները։

Իր TED ելույթի ժամանակ Գրետան պատմել է, որ գլոբալ տաքացման մասին առաջին անգամ լսել է 8 տարեկանում, մի քանի տարի շարունակ ուսումնասիրել է այն և այդ ողջ ընթացքում զարմացել, թե ինչպես մարդիկ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում խնդրին։

Դպրոցական բարձր դասարաններում Գրետան հրաժարվեց մսից, դադարեց թռչել ինքնաթիռներով, իսկ իրերից գնում էր միայն ամենաանհրաժեշտները։ Երբ լրացավ նրա 15 տարին, նա շվեդական խորհրդարանի դիմաց դուրս եկավ «Դասադուլ կլիմայի պաշտպանության համար» գրությամբ պաստառով։ Նրա ծնողները՝ օպերային երգչուհի մայրն ու դերասան հայրը, սկզբում չէին աջակցում դստերը։ Սակայն դա դեռահասին չխանգարեց։ Լրագրողներին աղջիկը հայտնում է, որ դա միակ եղանակն է լսելի լինելու, քանի որ ինքը դեռևս չի կարող քվեարկել։

Գրետան հաճախ է մասնակցում կլիմային նվիրված կոնֆերանսների։ Նա ինքն է իր ելույթների տեքստերը գրում և զուսպ չէ արտահայտման մեջ։ Գրետան ասում է. «Ես չեմ ցանկանում, որ մարդիկ հուսան։ Ես ցանկանում եմ, որ նրանք խուճապի մատնվեն»։

Քննադատնեի կարծիքներին առ այն, որ աղջիկն այս կերպ պարզապես խուսափում է դպրոց հաճախելուց, Գրետան պատասխանում է. «Ինչու՞ սովորել ապագայի համար, որը կարող է և չլինել»։

Գրետային միացած դպրոցականները համաշխարհային շարժում են ստեղծել, որը կոչվում է «Ուրբաթներ ապագայի համար»։ Նրանք իրենց երկրների կառավարություններից պահանջում են էկոլոգիական խնդիրներն առաջնային համարել, նվազեցնել ախծաթթու գազի արտանետումը, հրաժարվել նավթի ու ածխի օգտագործումից և քվերակության իրավունք ունեցող սուբյեկտի տարիքային շեմը իջեցնել մինչև 16։

Գրետային աջակցում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը, Փարիզի, Միլանի, Սիդնեյի, Օսթինի, Ֆիլադելֆիայի, Պորտլենդի, Օսլոյի, Բասելոնայի և Մոնրեալի քաղաքապետները։ Իսկ հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն 2019 թ. մարտի 15-ին իր թվիթերյան էջում գրել է աղջկա մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել