Օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք։

Այս մասին ասված է ՍԴ-ի տարածած մամուլի հաղորդագրության տեքստում։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով  ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։


«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- նշված էր ՍԴ-ի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել