Բոլորս էլ գիտենք, որ կան տեղեր, որ մանրէներն ամենաշատն են սիրում. լողասենյակի խոնավ անկյունները, զուգարանակոնքի շրջանակի տակ, խոհանոցի լվացարանը։ Մենք խուսափում ենք նաև տանը կուտակվող փոշուց, սակայն քչերս ենք գիտակցում, թե որքան կեղտոտ կարող է լինել այն իրը, որն ամբողջ օրը մեր ձեռքի տակ է, դեմքին և շնչուղիներին մոտ։ Խոսքը համակարգչի ստեղնաշարի մասին է։
Փորձի արդյունքում պարզվել է, որ համակարգչի ստեղնաշարի վրա մանրէների և սնկային բջիջների քանակությունը 3543000 CFU է (CFU՝ չափման միավոր), համեմատական կարգով նշենք, որ զուգարանակոնքի վրա դրանց քանակությունը 172 CFU է։
Փորձենք պարզել, թե ինչպես է կարելի տան պայմաններում ինքնուրույն մաքրել ստեղնաշարը։
Մակերեսային մաքրում
Սա պետք է անել առնվազն ամիսը մեկ անգամ։ Դրա համար պետք է անջատել ստեղնաշարը, շուռ տալ, լավ թափ տալ։ Հետո կարելի է օգտվել նկարելու փոքրիկ վրձնից, որպեսզի ազատվեք ստեղների արանքների կեղտից։ Դա պետք է զգուշորեն անել՝ ստեղները չվնասելու համար։
Խորը մաքրում
Սա կարելի է անել երեք ամիսը մեկ անգամ, ոչ ավելի հաճախ։ Սրա համար անջատեք ստեղնաշարը և խնամքով քանդեք այն։ Օգտվեք պինցետից՝ ստեղները խնամքով հանելու համար։ Պետք չէ հանել Shift, Enter և բացարկի ստեղները, քանի որ դրանք ամուր են կպցված լինում և կարող եք վնասել։ Երբ ստեղները հանեք զգույշ մաքրեք ականջի խոնավ փայտիկով, որպեսզի մաքրեք փոշին, իսկ հետո սառը օդ փչեք ստեղնաշարի վրա։ Ոչ մի դեպքում չթրջեք ջրով։ Այս հատվածը խոնավություն չի սիրում։ Ստեղները մաքրելուց հետո տեղը դրեք։ Նախքան ստեղները հանելը լուսանկարեք ստեղնաշարը, որպեսզի հետո ճիշտ դնեք իրենց տեղերում։
Այո, սա այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն դա չի նշանակում, որ պետք է այն անտեսել։