«Իրենց կարծիքը երբեք չեն փոխում միայն հիմարները և հանգուցյալները»
Ջեյմս Ռասսել Լոուել

Անշո՜ւշտ, եթե փոխվել է իրավիճակն աշխարհում, տարածաշրջանում ու մեր երկրում, ապա նույնիսկ պարտադիր է փոխել կարծիդ, եթե հանգուցյալ չես կամ հիմար։ Պակաս կարևոր չէ ընկալելը քաղաքական հայացքների փոփոխության հետ կապված Բենջամին Դիզրայելիի հայտնի խոսքերի էությունը․ «Նա, ով տասնվեց տարեկանում ազատական չի եղել՝ սիրտ չունի, նա ով վաթսուն տարեկանում պահպանողական չի դարձել՝ խելք չունի»։ Ասել է թե՝ լիբերալիզմից կոնսերվատիզմ «մետամորֆոզը» շուրջ կեսդարյա կյանքի ճանապարհի արդյունք կարող է լինել։
Հիմա այս երկուսը համադրենք ու հասկանանք մեզանում ի՞նչ է կատարվում։ Մեր նոր իշխանությունների մոտ, վարչապետի բարձր հովանու ներքո, կարծիքները ոչ թե փոխվում են՝ տարիների ընթացքում, կամ երեկ ընդդիմադիր էին, այսօր՝ իշխանություն, տրամաբանության շրջանակներում, այլ՝ իշխանություն եղած ժամանակ երեկ մի բան էին ասում, այսօր՝ մեկ այլ։ Ասեմ ավելին․ այսօր նույն նախադասության մեջ կարող են տրամագծորեն տարբեր կարծիքներ հայտնել՝ մի միտքը վայրի լիբերալիզմի «ճաշացանկից» վերցնելով, մյուսը՝ թունդ սոցիալիզմի։ Ու պատահական չէ, որ վարչապետն այս առումով մերժում է բոլոր «իզմ»-երը, քանի որ դրանք գաղափարներ են՝ որոշակի աշխարհընկալման արդյունքում ձևավորված։ Եթե ընդդիմադիր ուժը գալիս է իշխանության, իհարկե կարծիքները շատ հարցերում կարող են փոխվել, քանի որ, ստանձնելով երկրի ղեկավարումը, պաշտոնի բերումով տիրապետում ես հսկայական ինֆորմացիայի, այդ թվում գաղտնի, ու պետք է ազնվորեն խոստավանես, որ շատ խնդիրներ ընդդիմադիր դիտանկյունից այլ կերպ էր երևում, ու դա բնական է, օրինաչափ, ու հասարակությունը կգնահատի քո անկեղծությունը, հասկանալով, որ այն ժամանակ էլ, երբ այլ կարծիք ես ունեցել, համենայնդեպս, ազնիվ ես եղել թե՜ հասարակության և թե՜ ինքդ քեզ հետ։ Բայց ինչո՞ւ, երբ Փաշինյանն ու նրա թիմակիցներն իրենց կարծիքը փոխում են, ոչ մի ըմբռնում էլ չի լինում, այլ լինում է տոտալ հարձակում նրանց վրա։ Պատճառը միանգամայն պարզ է, մարդիկ հասկանում են, որ ո՜չ ընդդիմադիր ժամանակ են ազնիվ եղել, ո՜չ էլ իշխանություն լինելով։ Գիտակցում են, որ երեկ իշխանության գալու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չառան, այսօր էլ իշխանությունը պահելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում՝ կտրորեն ու կպղծեն բոլոր սրբություններն ու արժեքները։ Ա՜յ դրա համար է, որ երեկ ճանապարհ փակել կարելի էր, իսկ այսօր դատապարտելի, երեկ ուժով բացեցին ԱԺ դարպասները, որպեսզի օրենսդիր իշխանության վրա ավելի մոտիկից ագրեսիվ ճնշում գործադրեն, այսօր փակում են արդեն բաց դարպասները, որպեսզի պաշտպանեն իրենց իշխանությունը ճնշումներից։ Եվ վերջապես, երեկ Ամուլսարի հանքը փակել էր պետք, այսօր՝ բացել։ Ու այսպես կարելի է երկար թվարկել, ու վերջում հանգել այն եզրակացության, որ եթե անազնիվ գործիչ ես, ապա ընդդիմադիր ժամանակ դա այլ չափի վնաս է երկրին, իշխանություն եղած ժամանակ՝ միանգամայն այլ, քանի որ չի կարող անազնիվ պետական այրը լինել արդար կառավարիչ։ Թեպետ երկրի զարգացման համար արդար լինելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, դեռ պետք է նաև բազում գործոններով պայմանավորված լինել արդյունավետ կառավարիչ։ Իսկ մեզանում արդյունավետ կառավարման փորձ ու գիտելիք չունենալու պարագայում, եթե արդար չեն, եղած սուղ ռեսուրսները հազիվ իրենց հերիքի, դրա համար էլ մեջ-մեջ են անում բոլոր հնարավոր ձևերով։
Ավելի ամոթալի բան չկա, երբ տեսնում ես, որ ժողովրդի ուժով իշխանության եկածները, երբ խոստացել էին, որ ցանկացած կայացրած որոշում պայմանավորված կլինի ժողովրդի կամքով, կբխի բացառապես մեր ազգի ու պետության շահերից, այսօր դարձել են պարզունակ «քաղաքական ֆլյուգեր»՝ չափում են տարբեր կողմերից փչող քամիներն ու հոգուտ այդ պահի ամենաուժեղի որոշում կայացնում՝ մի դեպքում ԱՄՆ-ի, մյուսում՝ ՌԴ-ի, մեկ այլ դեպքում՝ Իրանի։ 
Ու այս տխուր պատկերը հանգեցնում է մի մտքի, որ․ «Եթե առավոտյան սոցիալիստ ես, ցերեկը ցենտրիստ, երեկոյան լիբերալ, ապա՝ խելք չունես, իսկ եթե շարունակում ես այդ խելքով մեր ավետյաց երկիրը կառավարելով քանդել այն, ապա սիրտ չունես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել