Էկոլոգիական հետազոտության և սինթեզի ազգային կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել են, որ մարդու ազդեցությամբ աղտոտվել է համաշխարհային օվկիանոսի 60%-ը։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ վերջին տասնամյակներում օվկիանոսի վրա մարդու ընդհանուր ազդեցությունը կրկնապատկվել է։ Հաջորդ տասնամյակի ընթացքում այն կարող է կրկին կրկնապատկվել, եթե չդադարեցվի աղտոտման գործընթացը։

Մարդկության ազդեցությունը ներառում է թափոնները, մասսայական ձկնորսությունն ու տրանսպորտային փոխադրումների աշխուժացումը։

«Մեզ անհրաժեշտ է լուծել խնդիրը, որը բազմաթիվ մասերից է բաղկացած։ Պետք է դանդաղեցնենք, ապա դադարեցնենք մարդկության բացասական ազեցությունն օվկիանոսների վրա», - նշում է հետազոտության գլխավոր հեղինակ Բեն Հալպերնը։

Գիտնականների մոտ առավել մեծ անհանգստություն են առաջացնում Մերձավոր Արևելքի, Ավստրալիայի, Արևմտյան Աֆրիկայի և Կարիբյան ավազանի շրջանները։ Էկոհամակարգում ամենից շատ տուժում են մանգրովե ծառերն ու կորալները։

Հետազոտողները հայտնաբերել են, որ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ծովերի բաղադրությունը բարելավվել է կոմերցիոն ձկնորսության նվազման հետ մեկտեղ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքականությունն ու օվկիանոսի վիճակի բարելավմանն ուղղված այլ գործողությունները մեծ նշանակություն ունեն։

Տվյալները նաև ցույց են տվել, թե որքան կտրուկ է բարձրացել օվկիանոսի ջերմաստիճանը հարաբերականորեն ցածր ժամանակահատվածում։

«Ձեզ հարկավոր չեն վիճակագրական բարդ տվյալներ՝ տեսնելու, թե որքան արագ է փոփոխվում օվկիանոսի ջերմաստիճանը և հասկանալու խնդրի մասշտաբները», - ասում է տվյալների մասնագետ Մելանի Ֆրեյզերը։ «Ես կարծում եմ, որ այս հետազոտությունը, մյուսների հետ մեկտեղ, ընդգծում է կլիմայական փոփոխությունների պայմաններում միջոցներ ձեռնարկելու կարևորությունը»։

Չնայած որ դժվար է հստակեցնելը, թե որքան պլաստիկ կա մեր մոլորակի վրա, միջազգային ոչ պետական Ocean Conservancy կազմակերպությունը կարծում է, որ օվկիանոսում շրջանառվում է արդեն իսկ 150 մլն մ/տոննա պլաստիկ, որն ամեն տարի ավելանում է ևս ութ միլիոնով։ Հետազոտողները եկել են եզրահանգման, որ պլաստիկը կարող է օվկիանոսն ավելի տաք դարձնել ու խաթարել Երկրի կլիմայական ցիկլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել