Վերջին շաբաթներին հանրային դիսկուրսը շիկացած է և օրակարգում երկու թոփ թեմաներ են՝ Ամուլսարի հանքի շահագործման դիլեմման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թնջուկը։ Այսօր արդեն բոլորին է ակնհայտ, որ իշխանությունները այս երկու հարցում ունեն սկզբունքային դիրքորոշում, որ դրանք պետք է կյանքի կոչել, բայց այդ որոշման առկայությունը շղարշում են բոլոր հնարավոր և անհնար մեխանիզմներով։ Նաև, հետաքրքիր դուալիզմ է նկատվում երկու պրոյեկտների դերակատարների մասով, երբ մարդը, ով իրականացնում է Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգ, տորպեդահարում է Ամուլսարի լոբբինգը և հակառակը։

Խնդիրը առավել պատկերավոր հասկանալու համար մեզ կոգնի այս ինֆոգրաֆիկան, որտեղ փորձել ենք ներկայացնել դերաբաշխումը և հիերարխիկ ուղղահայացը։

Ինչպես տեսնում եք, բրգի գլխին Նիկոլ Փաշինյանն է, բայց այդ մասին կխոսենք ամփոփման մեջ։

Երկու պրոյեկտներն ունեն գլխավոր կուրատորներ, ովքեր համապատասխան պրոյեկտի գլխավոր պատասխանատուներն են։ Ամուլսարի դեպքում դա փոխվարչապետ Ավինյանն է, իսկ Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում՝ Արդարադատության նախարար Բադասյանը։ Հենց նրանք են հաշվետու Նիկոլ Փաշինյանին և հենց նրանց են ուղղված ազդեցության խողովակները։

Ավինյան Տիգրանի ուղղությամբ գլխավոր ենթամենեջերը նրա օգնական Վարագ Սիսեռյանն է, ով իր հոր՝ Արա Սիսեռյանի միջոցով լուծում է արտաքին կապերի ու կոմունիկացիաների հարցը։ Ի դեպ, փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերությունը հենց Սիսեռյանների հետ է աֆֆիլացված։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պրոյեկտի թոփ մենեջմենթն էլ ներառում է Փաշինյանի թիմի Սորոսական թևին։ Այս օղակում դժվար է ասել թե ովքեր են գլխավոր ու ենթակա մենեջերներն ու ենթամենեջերները, առավել ևս, որ Բադասյանից սկսված և բուրգի այս թևի հիմքում ընկած որոշ միավորներով վերջացրած ունեն արտահամակարգային մեկ այլ մենեջեր՝ Լարիսա Մինասյան։ Ուստի պայմանական բաժանում իրականացնենք ըստ զբաղեցրած պաշտոնների։ Այս ուղղության վրա Բադասյանի ներքև տեղակայված են Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս, ի դեպ, երկու դաշտում էլ խաղում է և այսօր միացավ Ամուլսարի հանքի շահագործումը լոբբինգ անողներին։

Պրոյեկտների թիմերի հաջորդ օղակում ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր է դառնում, որովհետև երկու ուղղությունների լոբբիստները, որոնք դիրքավորվել են ԱԺ-ում և հասարակական սեկտորում, երբեմն տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն մյուս պրոյեկտի նկատմամբ։ Դա առավել ակնառու է սորոսական թևի մոտ, որը կոնսոլիդացված հակադիր դիրքորոշում ցուցաբերեց Ամուլսարի հարցում, ինչը բավականին տարօրինակ կարող է թվալ, եթե հաշվի առնենք, որ փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերությունը ևս Սորոսական ֆինանսավորում ունի։ Մյուս կողմից էլ, Իմ Քայլը դաշինքի բազմաթիվ պատգամավորներ, որոնք լոյալություն են դրսևորում ամուլսարի հանքի շահագործման հարցում, բացահայտ ընդվզում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին քվեարկելու հավանականությունը քննարկելիս։ Ուստի այս մակարդակում բաժաումը ևս բավականին պայմանական է։ Օրինակ՝ Ամուլսարի հարցում Ավինյանի հպատակ կարելի է համարել Ալեն Սիմոնյանին ու Լիլիթ Մակունցին, իսկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ռահվիրաներն են Գայանե Աբրահամյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը, Լարա Ահարոնյանը, Դանիել Իոաննիսյանը և ՀԿ սեկտորի այլ ներկայացուցիչներ։ Ի դեպ, ինչպես արդեն նշվեց, սորոսականները բավականին լուրջ սոլիդարություն են դրսևորում Ամուլսարի դեմ արտահայտվելիս։

Վերջապես, բուրգի հիմքին հասանք, որտեղ տեղակայված է այն, ինչ մենք ընդհանրացված անվանում ենք իշխանական քարոզչամեքենա։ Այստեղ այն լրատվամիջոցներն են, որոնք զօրուգիշեր զբաղված են իշխանական քարոզչությունը տարածելով, թեև դրանցից որոշները ուղիղ կապերով կապված չեն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ, որոշներն էլ ամենաուղիղ կապերն ունեն։ Այս մակարդակում առավել էական դերակատարներն են Հանրային Հեռուստաընկերությունը, Ազատություն Ռադիոկայանը, Բաբաջանյան Արմանի 1in.am-ը, CivilNet-ը, Factor.am-ը, Հայկական Ժամանակը, Ժամանակը և այլք։

Հ․Գ․-ի փոխարեն

Երկու պրոյեկտների մեջ ակնառու թվացող առճակատումը իրականում խիստ հարաբերական է, եթե չասենք ֆիկտիվ։ Ինչպես տեսնում եք, գործ ունենք դասական բրգաձև համակարգի հետ, որի երկու թևերը որքան էլ հեռու լինեն ստորոտում, գնալով մոտենում են իրար և ունեն մեկ ընդհանուր գագաթ, որը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Չի բացառվում անգամ, որ ստորոտի մասում որոշ դերակատարների միանգամայն անկեղծ են իրենց մերժողականության մեջ, բայց դրանից բուրգը միայն ավելի պնդանում է։ Ասել է թե, եթե միևնույն է, պրոյեկտները պետք է ունենան ընդդիմություն, ապա թող այդ ընդդիմությունը լինի մեր համակարգից ու բուրգի գագաթի՝ Նիկոլի ենթակայության տակ լինի, որովհետև երկու պրոյեկտների գլխավոր շահառուն էլ, պատվիրատուն էլ, պատասխանատուն էլ հենց Նիկոլ Փաշինյանն է, անկախ նրանից, թե որ ենթա մակարդակում ինչ անձնական շահ ու շահագրգռվածություն ունեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել