Armtimes.com-ը գրում է․
«Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում, խայտառակ լինենք»։ Այս մասին այսօր իր առանձնատանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրներին։
Սարոյանն ասաց, որ Փաշինյանն արձագանքել է, որ կա քննություն, բժշկություն, ու եթե իրոք վիճակը վատ լինի, կփորձեն ուրիշ լուծում տալ։
Սեյրան Սարոյանն ասաց, որ ինքը հիմա չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ, բայց վերջինիս առանձնատանը գտած նամակներից ու մթերքներից ստացած շոկից դուրս է եկել։
Հիշեցնենք, որ երբ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ն հայտանաբերել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, զինվորներին ուղղված նամակներ ու սահման ուղարկվելիք մթերքներ, Սարոյանը կոպիտ արձագանքել էր, որ Գրիգորյանը գեներալից իջավ «տուշոնկա գողացողի», ու որ ինքն իմանար՝ «կթքեր վրեն»։
Սեյրան Սարոյանն ասաց, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխեն, ու ինքը գա տուն, չի փախչի։ Երբ լրագրողները օրինակ բերեցին Մարտի 1ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանին, որն այս պահին հետախուզման մեջ է, ապա նաեւ Միհրան Պողոսյանին, որին ՌԴ-ն չի արտահանձնում, Սեյրան Սարոյանն ասաց, որ նրանք ոչ թե փախել են, այլ գնացել՝ չեն եկել։