Ճանապարհը նեղ էր, փոշոտ:
Ասֆալտի մասին այստեղ երևի գաղափար չունեն:
«Մի՞թե խառնել եմ ճանապարհը, բայց շատ հստակ հիշում եմ՝ խաչմերուկից աջ, հետո ուղիղ մինչև վերջ ու ձախով…»:
Հեռվից երևաց բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված «Դրախտ»:
Սկսեց բռունցքներով հարվածել դարպասին:
Սոված, հոգնած, ծարավ, այնքան էլ չէին ստացվում թակոցները:
Երկար ժամանակ պատասխան չկար:
Նստեց գետնին, դարպասին հենված:
Արևն իր բռունցքներով անխնա հարվածում էր գլխին:
Գլուխը ծանրացավ ու կախվեց ուսի վրա:
Աչքերը փակվեցին:

…Արթնացավ` զգալով, որ ինչ-որ մեկը ցնցում է ուսը:
Աչքերի առաջ մի անատամ ծերունի էր:
Չնայած լավ հագնվելուն զգացվում էր գավառական ոճը:
Քթից սահող հեղուկը կախվել էր բեղերին ու չէր կարողանում սահել:
- Ծխելիք ունե՞ս, հորեղբայր,- մի բան ասելու համար հարցրեց:
Առանց խոսքի ծերունին գրպանից հանեց հին ամսագրի ծալած մի թուղթ, կտրեց ձեռքերով:
Մյուս գրպանից հանեց մի բուռ թութուն, մոտեցրեց կեղտոտ քթին, հոտ քաշեց:
Թքով թրջեց ամսագրի թուղթը, փաթաթեց թութունն ու մեկնեց տղային:
- Չէ՛, չե՛մ ուզում, փոշմանեցի, սա՞ է «Դրախտը»:
- Հա՛, մատաղ, սա՛ է, ներսում ծխել չի կարելի, այստե՛ղ ծխիր:
Մուգ կարմրագույն լնդերը ցույց տալով ժպտաց:
- Չե՛մ ուզում, Անժելային կկանչե՞ս, ներսից:
Ծերունին լուռ դեպի իրեն քաշեց ծանր դարպասի դուռը:
Ճռնչալով դուռը տեղի տվեց:

* * *
Լսվեց բացվող դռան ճռռոցի ու համարյա անլսելի քայլերի ձայն:
- Դու դեռ բարկանա՞ծ ես:
- Այո՛, - առանց նրա կողմը նայելու պատասխանեց:
- Բայց ինչո՞ւ, դա իմ աշխատանքն է, եթե ինձ չզանգեն, տղամարդ կամ կին, ինչպե՞ս եմ հավաքելու պատվիրատուներ:
Դու լավ գիտես, որ իմ ամեն մի գրված «Գործարար ծրագիր» մեր եկամուտն է:
Ինքդ չես աշխատում…
- Երեկ համակարգչիդ մեջ տեսա հաղորդագրություն, ինչ-որ Վիգեն քեզ խնդրել է գրել «Սիրո գործարար ծրագիր», ինձ հիմարի տե՞ղ ես դրել:
- Դա՛ կատակ է, հասկացի՛ր, գործնակա՛ն…
- Ոչինչ չեմ ուզում լսել, ես ատո՛ւմ եմ քեզ, հասկանո՞ւմ ես, ատո՛ւմ:
Ե՞րբ ես ինձ հանգիստ թողնելու:

* * *
Ատում էր ամեն ինչի համար, այն ցավի համար, որ նա միշտ իրեն բարությամբ էր պատասխանում,
Այն բանի համար, որ նա շատ գեղեցիկ էր ու միշտ ուշադրության կենտրոնում:
Այն բանի համար, որ նրան բացի իրենից էլ ոչ ոք պետք չէր:
Ատում էր, որ ոչ մի անգամ իրեն առիթ չէր տվել ատելու, խանդելու:
Ատում էր այն բանի համար, որ նա իր բազմաթիվ երկրպագուների միջից ընտրել է իրեն՝ ոչնչով աչքի չընկնող ու ձախողակ անձնավորությանը:
Ատում էր, որ ժամանակին ընկավ ընտանեկան հունի մեջ, հասկացավ կյանքի գեղեցիկ լինելը… որ կարողացավ սովորել սիրել:
Իսկ հիմա ատում է:
Ինչի՞ համար:
Չէր կարող պատասխանել, բայց հաստատ ատում էր, գուցե այն բանի համար, որ նա կարողանում էր կատարել իր ամենատարօրինակ ցանկությունները՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Կյանքը դարձել էր համաչափ, հանգիստ ու տխուր:
Իրեն պետք են կրքեր, հուզմունքներ, վեճեր, հաշտություններ, զգացողություններ, որ իրեն զգար ոչ թե վանդակի մեջ վազող սկյուռի կարգավիճակում, այլ՝ կենդանի մարդու՝ լեցուն կյանքին հատուկ բոլոր դժվարություններով…
Հասկանում էր, որ երջանիկ է, հասկանում էր, որ գտել է այն, ինչ ուրիշները դեռ փնտրում են:
Երջանկությունը կանգնած էր իր կողքը, բայց դա այն երջանկությունն էր, որին նա ատում էր:
Ատում ամբողջ հոգով:

- Սուրճդ կսառչի, ի՞նչ ես կպել պատուհանին, առաջին անգամ եմ տեսնում, որ քեզ գրավում է անձրևը:

… Պատուհանից դուրս անձրև էր, որոտ:
Թափանցիկ կաթիլները ապակուն փարված սահում էին ցած:
Փողոցում մարդիկ էին վազում` փորձելով թաքնվել անձրևից:
Տարօրինակ օր էր, քանի որ նա փողոցում չտեսավ հովանոցով մարդկանց:
Իսկ ի՞նքը…
Ինքը միշտ գտնվել է կյանքի հովանոցի տակ ու երբեք չի մտածել` ինչպես և ումից թաքնվի:
Այդպես տխուր է, տխուր ու ատելի կյանք:
Նրան չէր երևում, որ ինքը լալիս է:
Տղամարդ և լա՞ց:
Չգիտեր` ի՞նչ կա արդյոք արցունքների մեջ, զղջո՞ւմ, ցա՞վ, հպարտության ոտնահարո՞ւմ, խա՞նդ…
Կարծես արցունքների միջոցով նրանից դուրս էր գալիս ատելությունը, որ նա տածում էր դեպի իր անկողնում պառկած այս հրաշալի, վստահելի կնոջը:
Հիմա էլ չէր հասկանում, թե ինչպե՞ս կարելի է ատել մեկին, որն իրեն սիրում է…
Բայց այդ համակարգչի թղթապանակների մեջ խնամքով թաքցրած նամա՞կը, այդ Վիգե՞նը,
Այդ «Սիրո ծրագի՞րը», ոչինչ չի կարողանում հասկանալ:

- Սուրճդ կսառչի, դե մի փքվիր, արի՛:
- Ինձ համա՞ր էլ կարող ես գրել «Սիրո գործարար ծրագիր»:

Մոտեցավ, պառկեց անկողնուն, կնոջ կողքը:
Փորձեց սկուտեղի վրայից վերցնել սուրճի բաժակը:
Կինը սկուտեղը մի կողմ դրեց ու իր նուրբ ձեռքերով գրկեց ուսերը:
Նրա ձեռքերի հպումից ամբողջ մարմնով մի դող անցավ:
Ատելության մասին նրա բոլոր մտքերը քանդվեցին խաղաքարտերից պատրաստված տան նման:
Տեսավ նրա թափանցիկ աչքերի մեջ երևացող սահման չունեցող մի ինչ-որ զգացմունք:
Համբուրեց:
Շուրթերով գտավ նրա շուրթերն ու այնպես կպավ նրանց կարծես առաջին անգամ լիներ:
Մոռացավ քիչ առաջվա մտքերի մասին:
Ուզում էր այդպես մնալ երկար-երկար, իսկ մնացա՞ծը…
Այդ պահին մնացածը կարևոր չէր:
Անժելան ազատվեց գիշերանոցից:
Իրեն պետք են կրքեր, հուզմունքներ, վեճեր, հաշտություններ, զգացողություններ…
Կյանքը լցվում էր ի՞ր, թե՞ նրա մեջ, չէր հասկանում, բայց համոզված էր, որ ապրում է իր լավագույն պահերը:
Պահեր, որ իրենց համատեղ կյանքում եղել են բազմաթիվ անգամ:

Գիշերն արթնացավ:
Անձրևը դեռ շարունակում էր թակել պատուհանները:
Անկողնում պառկած նայում էր առաստաղին, լսում էր անձրևի ձայնն ու մտածում, թե ինչ թույլ արարած է ինքը:
Համ սիրում է, համ ատում նրան:
Ո՞րն է սրանցից ավելի ուժեղը:

Քնի մեջ Անժելան շարժվեց ու նորից հպվեց իրեն, ինչպես կատվի ձագն է դաժան աշխարհից թաքստոց ման գալիս:
Հպվեց, ինչպես փոքրիկն է հպվում կողքը արթուն, աչքը վրան պահող մորը:
Քնաթաթախ ինչ-որ բան ասած:
Ձեռքով շոյեց Անժելայի մազերն ու զգաց, որ մի կաթիլ իր այտով է իջնում:
«Ինչ հիմարն եմ ես, էլ ի՞նչ է ինձ պետք: Ինչպե՞ս կարող եմ նրան ատել, նա արժանի է ավելի մեծ սիրո, քան ես եմ կարող նրան տալ: Ես արժանի չեմ նրան: Ինչո՞ւ»:
Այդ «ինչու»-ի հետ էլ քնեց:
Քնեց ժպիտը շուրթերին, որովհետև գիտեր, որ վաղն ուրիշ է լինելու:
Վաղվանից կսիրի նրան, ինչպես ոչ ոք չի սիրել երբևէ:
Ինքն իրեն լրիվ կնվիրի նրան:
Որովհետև երջանիկ է և ուզում է անպայման կիսվել նրա հետ:
Որովհետև իրոք սիրում է, սիրում:


* * *
Ծերունին լուռ քաշեց իրեն ծանր դարպասի դուռը:
Ճռնչալով դուռը տեղի տվեց:
Մի պահ կորավ դռան ետևում, հետո երևաց միայն գլուխը:
Նորից բացվեց անատամ լեզուն:
- Դու ո՞ր Անժելին ես ուզում, Թովմասյա՞ն թե՞ …
- Հա՛, հա՛, Թովմասյան, կանչի՛ր, ասա` քեզ սպասող կա, ասա, պատվիրատու է, ուզում է Ծրագիր պատվիրել, գործարար, ինքը կհասկանա:
Երկար սպասեց:
Ամպերն արդեն չանգռում էին արևի երեսը` ստիպելով հեռանալ, երբ երևաց կարծես արդեն ծանոթ ծերունին:
- Անժելը զբաղված է, ասաց նոր «Սիրո գործարար ծրագիր» է գրում:
Գնա, տղա ջան: Հետո կգաս, երբ ազատվի:
Ի՞նչ գործ ունես, բալա՛մ, քո ատամի բանը չէ…

* * *
…Անժելան արթնացավ:
Ձեռքերը ետ քաշեց նրանից:
Վերմակը սահել, ընկել էր գետնին:
Նայեց նրան ոտքից գլուխ, գնահատողի տխուր հայացքով:
Նրա քնի մեջ ժպտացող դեմքը սարսափ առաջացրեց:
«Ինչպե՞ս եմ կարողացել սիրել նրան, չե՛մ հասկանում:
Ինչպե՞ս…»:

Շարունակությունը հաջորդիվ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել