Ճիշտն ասած, ամենից քիչ հետաքրքիրը հիմա "ողբամ զքեզ" ոճն է, վիրավորանք ու մեղադրանքներն են, որովհետև դրանց հետևանքն էլ հայտնի է: Մի երկու օր "սուր զգացողություններ", իսկ հետո կարևոր թեմայի մոռացվելը, այդպես էլ կոնցեպտուալ մակարդակի չբրաձրանալը, ու հետո մի օր .....նորից նույնը նույն փակ շղթայով:

Կուզենայի ճիշտ հակառակի ականատեսը լինել: 
Հանքարդյունաբերության թեման այսքանով ոչ միայն չպիտի սպառվի, մոռացվի, զոհ դառնա ստանդարտ ընդդիմադիր՝ "հանցավոր ռեժիմը" ոճի, այլ իր ամբողջ խորությամբ դեռ նոր պետք է դրվի, ձևակերպվի, քննարկվի, խոսացվի, ոչ միայն նեղ, այլ ավելի լայն շրջանում, հատկապես քաղաքական: Ու սա զուտ տեսական, ակադեմիական ցանկություն չէ:

Կառավարության որոշումը կանխատեսելի էր ահագին չափով (թեև ես որոշ հույսեր ունեի՝ մի 10 տոկոսի չափով): 
Ինչո՞ւ էր կանխատեսելի: 
Որովհետև չկա կամ թույլ է այն կոնցեպտուալ դաշտը, որի հիման վրա նման որոշումները պետք է կայացվեն: Վստահ եմ, որ Նիկոլն իրեն հասանալիի չափով կայացրել է անկեղծ որոշում, որը արդյունք չի եղել արտաքին ճնշումների, այլ հենց իր ունեցածի չափով արված որոշում է՝ վատ կամ լավ: (Ըստ իս, իհարկե, սխալ որոշում):

Մենք պետք է գիտակցենք, որ որպես հասարակություն, պետություն, ազգ շատ թույլ ենք, անպաշտպան ենք, թույլ գիտակցություն ունենք, թույլ պատկերացում ունենք աշխարհի մասին և անպատրաստ ենք նման հարցերում մեծ որոշումներ ընդունելու:

Դրա համար եմ ասում, եկեք քննարկենք ոչ թե առանձին վերցված հանքի խնդիրը, այլ հանքարդյունաբերությունը՝ համալիր: 
Հարցեր դնենք, որովհետև ամեն բան սկսվում է ճիշտ հարցերից: Ցանկացած գիտելիք, ցանկացած նոր որակ սկսվում է ճիշտ հարցադրումներից: 
Հարցեր դնենք առանց կաշկանդվելու ամենի մասին, ինչ համարվում է անքննելի, թեկուզ և պարզվի, վերջում, որ իրոք անքննելի է:

Մեզ պե՞տք է հանքարդյունաբերություն, և եթե այո, ապա ինչպիսի՞ ու ի՞նչ նպատակներով:

Ի՞նչ կարգի եկամուտների դեպքում ենք արդարացված համարում բնապահպանական ռիսկերը, և այդ եկամուտներն ինչպե՞ս ենք ճիշտ համարում օգտագործել: 
Օրինակ, կրկնեմ այն ինչ ասել եմ՝ մենք նորմալ համարո՞ւմ ենք, որ ասենք մեր ընդերքից հանածի 100-ից, ասենք, 5 մեզ հասնի, իսկ 95-ը գնա դուրս, իսկ 10, 20, 30 և այլն: Ո՞րն է ողջամիտ սահմանը: Ո՞րն է սահմանը, որից այն կողմ գործ ունենք պարզ թալանի, ստրկության, գաղութային շահագործման հետ: 
Եթե այս հարցերը դրվեն, քննարկվեն ու ստացվեն պատասխաններ, ապա հաջորդ Ամուլսարի դեպքում, կունենաք ավելի պարզ հիմք՝ որոշում ընունելու համար:

Ընդ որում՝ էս հարցերը սկզբում տանք զուտ մարդկային մակարդակում, հետո նոր հասնենք ավելի մասնագիտականի: 
Որովհետև հիմքում ամենի պարզ մարդկային բանականությունն է, իսկ մասնագիտականը որոշ դեպքերում միտում ունի վերածվելու մոգության և մանիպուլյացիայի, եթե պարզ բանականությամբ ժամանակ առ ժամանակ անստուգելի է դառնում:

Մենք պետք է հարցնենք ու հասկանանք նաև, թե որքանով իրականում "վախենալու են" "քաղաքակիրթ աշխարհի" սրզբազան բոբոները՝ ներդրողները, միջազգային դատավորները, փորձագետները և մյուսները: 
Դրանք անտեսելի միավորներ չեն, բայց արդյո՞ք այդքան ուժեղ են ու այդքան միանշանակ միասնական ուժ են, որքան մեզ համոզում է մեր հին հայկական հավատքը "քաղաքակիրթ աշխարհին", "խաչակրաց զորքին" ու "Դաշանց թղթին", Անտանտին՝ հանուն որի 1 ու կես միլիոն զոհ տվինք 1915-ին:

Մի խոսքով, հավատափոխ լինելու հարց կա......: 
Անսպասելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել