Թուրքական Սանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայ Աբգար V արքայի ընտանիքի գերեզմանոցը։

Ուրֆայի ամրոցում՝ ներկայիս Սանլիուրֆայում, հնագիտական պեղումներ կատարելու ժամանակ հնէաբանները հայտնաբերել են շուրջ 80 վաղ քրիստոնեական գերեզմաններ, որոնց թվում է եղել Աբգար V արքայի ընտանիքի յուրօրինակ գերեզմանոցը։ Գիտնականները գտել են նաև սալիկ, որի վրա ասորորեն գրություն է եղել. «Մեծ արքա Աբգար Ուկամա Մաննու, Եդեսիայի առաջին քրիստոնյա կառավարիչը»։ Բացի դրանից, գերեզմանոցը զարդարված է եղել խճանկարներով և խաչի պատկերով։ Դրանում թաղված են եղել արքայական ընտանիքի 10 անդամները։

Աբգար արքան երկու անգամ Հյուսիսային Միջագետքի հայկական հատվածում գտնվող Եդեսիայի թագավորությունն է ղեկավարել, որի մայրաքաղաքը ներկայիս Սանլիուրֆան էր։ Առաջին անգամ թագավորել է մ.թ.ա. 4- մ.թ. 7 թթ., իսկ երկրորդ անգամ՝ 13-50 թթ.։ Հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացին գրում է, որ Աբգար V-ը, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։

Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, ով բուժում է Աբգարինու քաղաքի մյուս հիվանդներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Խորենացու, Աբգարի քեռորդու՝ հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։ Աբգարը դարձի գալով նամակներ է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել