Իշխանափոխությունից հետո հեղափոխականներն ամպագոռգոռ հայտարարեցին, որ երկրում վերացված է կոռուպցիան։ Հետո տեսանք, որ կոռուպցիայի մեջ թաթախված են նոր իշխանության անգամ ազդեցիկ ներկայացուցիչներ։ Դրանից հետո խմբագրվեց խոսքը՝ կոռուպցիա կա, բայց չունի բուրգի տեսք՝ ինչպես նախկինում, թեպետ այդպես էլ չապացուցվեց, թե ով է Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տարել, որքան է տարել և ում հանձնել։ Ասում էին՝ նախկինում ցանկացած կադրային նշանակում համաձայնեցվում էր երկրի նախագահի հետ, որպեսզի իրենց ծանոթ-բարեկամներին գործի ընդունելու համար կախվածություն ունենային երկրի ղեկավարությունից, թեպետ դա էլ չապացուցվեց։
Մինչդեռ, աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան վերացած չէ, կա՜, ուղղակի չափի ու ձևի խնդիր է, ուրեմն եթե վերացնում ես համակարգային կոռուպցիան, ապա դրա փոխարեն պետք է ստեղծես ներառական (ականջը կանչած Դարոն Աջեմողլուի տերմինով ասած՝ Ինկլյուզիվ) քաղաքական համակարգ, դրանից բխող՝ ներառական տնտեսություն, ինչն, ինչպես տեսնում ենք, չի ստեղծվում, անգամ նախադրյալները չենք տեսնում։ Իսկ երբ քաղաքական համակարգդ էքստրակտիվ է, իսկ կոռուպցիան արմատախիլ արված չէ, ապա պետք է այն կանոնակարգես ու վերահսկես, այլապես կփլվի համակարգը։ Այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի համար ֆինանսական աղբյուր գտնի ու վայելի, իսկ որպեսզի դա չբացահայտվի, «ներքևներից» փող չվերցնի ու այնպիսի պայման ստեղծի, որ կոռուպցիան իջնի Լուլուի մակարդակի, իսկ կադրային հովանավորչությունն էլ՝ «կոկորդիլոսագետ» մարզպետի, որն ազդարարում էր, որ՝ իհարկե՜, իր մտերիմներին պետք է գործի ընդունի, բա էլ ո՞ւմ։ Այսպես համակարգ չես պահի, եթե թողել ես՝ ով կարողանում, պետական բյուջեն թալանում է, դու էլ ում ուզում ես՝ նրան ես բռնում, բայց բոլորին լարվածության մեջ պահում։ Ու եթե կաշառք վերցնելը դարձել է ռիսկային, ապա կաշառքի չափերը անխուսափելիորեն մեծանում են, դա աքսիոմա է։
Ով որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին պետք է հուշեր, որ նման անլուրջ պայմանագիր չկնքեր խալիների լվացման առիթով, բոլոր նրանց այս օրերին նույն աշխատակազմի ղեկավարն անօրինական ազատել է աշխատանքից։ Այսինքն, այնպես չէ, որ գործիմաց կադրեր չկան, որ հուշեն, կա՜ն, ուղղակի նրանց ոչ միայն լսող չկա, այլ փորձում են օր առաջ նրանցից ազատվել, քանի որ նրանք արդեն հոգնեցրել են ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը՝ իրենց փաստարկված տեսակետներով, ինչից անփորձները բարդույթավորվում են։ Դրա համար նրանց փոխարեն Աժ աշխատակազմի ղեկավարությունն ուզում է գործի ընդունել անփորձ, անգրագետ ու անխելք կադրերի, որպեսզի ինքն՝ իր «Իդեալ» խանութ-սրահների փորձով, տեղակալը՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի, մյուս տեղակալը՝ պամպերսի վարորդ-առաքիչի, գրագետ աշխատակիցների ֆոնին չկաշկանդվեն։
Ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել․ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում, երկրի թիվ մեկ առաջնային մադատով օժտված ներկայացուցչական մարմնում աշխատակիցներին ազատում են աշխատանքից օրենքի խախտմամբ, այն մարդկանց, որոնց եզրակացությունների հիման վրա են ընդունվում մեր հանրային կյանքը կարգավորող օրենքները, ներքին կարգով էլ հայտնում, որ կա քաղաքական որոշում բոլոր հին աշխատողներից ազատվելու։ Ու տեսնելով, որ կարող է ԱԺ բնականոն աշխատանքը խաթարվել, անօրինական մրցույթ են հայտարարել։ Բայց զավեշտն այն է, որ մրցույթի հարցաշարի մեջ ընդգրկված են օրենքներ, որոնք ուժը կորցրած են ճանաչված, իսկ մրցույթ անցկացնողները տեղյակ չեն, քանի որ աշխատանքից ազատել են նրանց, ովքեր տեղյակ են։ Զուգահեռաբար հապշտապ ցանկանում են դրսից կադրեր ներգրավել հարցազրույցների միջոցով, չհասկանալով, որ երբ մարդը ԱԺ-ում չի աշխատել, իսկ դա բավական սպեցիֆիկ կառույց է, ապա եթե անգամ իրավագիտության դոկտոր լինի, միևնույն է, առաջիկա ամիսներին աշխատելու է Համբոյի տղա Գիքորի կարգավիճակում, քանի որ գիտելիքից բացի նաև փորձ է հարկավոր՝ օրենսդրական «սարդոստայնից» գլուխ հանելու համար։
Ու եթե մեր նոր իշխանությունների մոտ մի բան լավ է ստացվում, ապա դա հեղափոխական տեմպերով պետական կառավարման համակարգն ապամոնտաժելն է, տեղը ոչինչ չստեղծելով։ Անգամ եթե դատարանները շրջափակելու քաղաքական որոշման մասին խոսվեց բացահայտ ու գործողություններն արվեցին հասարակության աչքի առաջ, իսկ ԱԺ-ում հրահանգը տրվել է գաղտնի ու քայլերն էլ արվում են պատերի ներսում, միևնույն է՝ այս դեպքում «պայթյունն» ավելի ուժեղ է լինելու ու երկրին հասցված վնասն ավելի մեծ։
Սթափվել է պետք պարոնա՜յք, քանի դեռ ուշ չէ, եթե իհարկե արդեն ուշ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել