Բանակն ըստ էության մի մեծ ընտանիք է, և ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, բանակում ևս մեծ դեր է հատկացվում ճիշտ դաստիարականությանը: Բանակի համար որպես դաստիարակներ եղել և մնում են սպաները, ինչպես նաև առավել փորձառու և պատաստված զինծառայողները, որոնք միջանձնային հարաբերություններում իրենց հատկանիշներով էապես գերազանցում են զինծառայողի շարքերը նոր համալրող և ոչ փորձառու զինվորներին: Բանակային կյանքում զինծառայողների միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքներով, կարգերով, հրամաններով, հրամանատարի ցուցումներով ու հրահանգներով և այլ դիրեկտիվ ակտերով: Նման հարաբերությունները ընդունված է համարել պաշտոնական: Արդյունքում ձևավորվում է ուղղահայաց ու հորիզոնական հիերարխիա: Չմոռանանք, որ բանակը, որին բնորոշ է ապանձնայնացումը, նաև սոցիալական մեծ խումբ է, որի կազմում կան բազմաթիվ միջին և փոքր խմբեր: Եթե ապանձնանյացումը անկազմակերպ է դարձնում սոցիալական կյանքը, ապա բանակի առումով այն իրականացվում է նպատակադրված՝ կարգ հաստատելու նպատակով: Օրինակ` զինվորներին բանակում միանման համազգեստներ հագցնելը սահմանափակում է նրանց անձնային տարբերությունները միմյանցից և ուրեմն` նաև անձնային որոշակիությունը, ես-կոնցեպցիան: Դա նրանց ավելի ենթարկվող է դարձնում, կարգուկանոն է հաստատում, հրամանները կատարվում են ավելի մեծ պատասխանատվությամբ: Մյուս կողմից, բանակը որպես մեծ սոցիալական խումբ, չի բացառում ոչ ձևական խմբերի և ոչ ձևական լիդերների գոյությունը: Ոչ ձևական լիդերն ունի իր ենթակաները, որոնք իրենց ազդեցությամբ նպաստում են որոշ զինծառայողների ծառայողական աճին: Եթե խոսքը գնում է բացասական լիդերության մասին, ապա փաստ է, որ փոքր խմբերի ձևավորման սկզբնական փուլում արդեն լիդերը զգալի դեր ունի խմբի միասնականության պահպանման գործում: Նման լիդերները նաև համառորեն տարածում և պարտադրում են վարքագծի իրենց կանոնները, նորմերը, ինչը հանգեցնում է բանակի կառավարման արդյունավետության նվազեցման: Թեև ոչ ձևական խմբերը բանակում ձևավորվում են կամքից անկախ, այնուհանդերձ իրենցից մեծ ուժ են ներկայացնում և որոշակի հանգամանքներում կարող են վճռորոշ ազդեցություն թողնել առաջադրված ձևական նպատակների իրականացման գործընթացի վրա: Ոչ ձևական խմբերում զինվորները մտնում են բազմաթիվ և բազմաբնույթ հարաբերությունների մեջ, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում բանակի գործունեության բոլոր կողմերի վրա: Առավել վտանգավորը բանակում թեկուզ հազվադեպ նկատվող սոցիալական շարժումներն են: Ոչ ճիշտ կարգավորման դեպքում այն կարող է վերածվել անկարգության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել