47-ամյա հրշեջ Մարկ Հեդենը երբեք չի մոռանա այն օրը, որը ամբողջովին փոխեց իր ընտանիքի կյանքը։ Այդ օրը՝ 2011 թ. նոյեմբերի 14-ին, նա օգնեց Գրեյսիի՝ իր որդեգրված դստեր մորը տեղավորել շտապ օգնության մեքենայում։

«Դա սովորական նոյեմբերյան օր էր։ Մենք նստել էինք՝ ճաշելու։ Ոչ մի արտառոց դեպք մինչ այդ պահը չէր գրանցվել», - պատմում է Հադենը։

Հանկարծ նրա թիմը արտակարգ զանգ է ստացել մի կնոջից, որը բողոքում էր ստամոքսի շրջանում անտանելի ցավերից։ Երբ Հադենն ու իր թիմը հասել են դեպքի վայր, հայտնաբերել են, որ կինը սկսել է ծննդաբերել։

Նրանք արագ տեղավորել են կնոջը շտապ օգնության մեքենայում և հասկացել, որ մինչև հիվանդանոց չեն հասնի: Նա հիշում է, որ իր թիմակիցներից մեկն ասել է. «Մենք պետք է օգնենք նրան՝ ծննդաբերել հենց այստեղ»։

Հադենը հիշում է. «Մենք պատրաստվելու ժամանակ չունեինք։ Մինչև որ կկարողանայինք ինչ-որ բան անել, կտրեցինք նրա հագուստը. լույս աշխարհ եկավ Գրեյսին։ Փոքրիկին հենց այդ պահին ինձ փոխանցեցին, իսկ ես կատակով ասացի. «Բարև՛, Ռեբեկա Գրեյս Հադեն»»։

Երբ Հադենը զրուցել է կնոջ հետ, իմացել է, որ նա անտուն է և պատրաստվում է նորածնին որդեգրության հանձնել։

Ինքը՝ հրշեջը, և իր կինը վաղուց ցանկանում էին երրորդ երեխային ունենալ։ Նրանք երկու որդի ունեին և երազում էին դստեր մասին։ Լսելով, որ երեխային պատրաստվում են հանձնել, զույգը որոշեց բաց չթողնել հնարավորությունը։ Գրեյսիի ծնունդից երկու օր անց նրանք երեխային իրենց տուն բերեցին, և 2012 թ. մարտին ծնողական իրավունքներ ստացան փոքրիկի նկատմամբ։

Այժմ Գրեյսին ապրում է իր երկու ավագ եղբայրների հետ, որոնք Հադենի կենսաբանական որդիներն են՝ 12-ամյա Փարքերն ու 14-ամյա Ուիլը։

«Տղաները նրան շատ են սիրում, իսկ նա եղբայրներին է սիրում։ Նա հրաշալի երեխա է», -ասում է Հադենը։

Հետաքրքիրն այն է, որ Հադենն ու իր կինը այս պատմությունը երբեք չեն թաքցրել Գրեյսիից։ Վերջինս միշտ իմացել է, որ որդեգրված է և որ Հադենն է օգնել իրեն՝ լույս աշխարհ գալ։

«Նա ծանոթ է ողջ պատմությանը։ Ես ցանկանում էի, որ նա իմանար և որ դա նրա համար մեծ անակնկալ չլիներ։ Իմ սիրտը դեռևս ցավում է, երբ վերհիշում եմ այն պահը, երբ ամենը պետք է մանրամասնորեն բացատրեի նրան», - ասում է Հադենը։

Սակայն Գրեյսին շատ լավ հասկանում է մի բան. նա ընտանիքի մի մասնկին է և հայրը մշտապես իր կողքին կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել