Էսօր հետաքրքիր նորություն իմացա
ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:
Բայց ավելի հետաքրքիր էր պատասխանը:
Հետաքրքիր է նրանով, որ լավ առիթ է կարեւոր քննարկում սկսել (ավելի շուտ՝ շարունակել). արդյո՞ք պետք է գլխավոր ճարտարապետի ինստիտուտը որպես այդպիսին։
Նարեկ Սարգսյանը ասում է․ «Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում, թե այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան, Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից»:
Այստեղ ահռելի խառնաշփոթ կա։
Քաղաքի գլխավոր ճարտարապետները որպես Քաղաքի Գլխավոր Հեղինակ (նաեւ ստեղծագործական իմաստով) կարող են աշխատել միայն այնպիսի համակարգերում, որտեղ իշխանությունը բոլոր գործառույթներով խիստ կենտրոնացված է, այսինքն` ստրկատիրական, միապետական, ֆեոդալական կամ տոտալիտար պետություններում։ Այո, կարելի է ավելի հեռու գնալ, եգիպտական քաղաքները եւս երեւի ունեին Գլխավոր Ճարտարապետներ, լավ օրինակ է, ինչու չէ, Հիտլերի ֆավորիտ ճարտարապետ Շպեերը, որը միանձնյա որոշում էր Ռեյխի քաղաքաշինական դիմագիծը։ Իհարկե, ո՞վ չէր ուզի իրեն Վերածննդի իտալական քաղաքի ճարտարապետ պատկերացնել։
Բայց նույնիսկ այս կոնտեքստում Թամանյանի դեպքը ուրիշ էր։ Դաշնակցական կառավարությունը նրան հրավիրել էր եւ պատվիրել Երեւանի գլխավոր հատագծի մշակումը։ Սովետական կարգերի հաստատումից հետո Թամանյանը, իհարկե, գլխավոր ճարտարապետի պաշտոնում բազմաթիվ շենքերի հեղինակ էր, բայց իրավիճակը սկզբից այնպիսին էր, որ սոված, ավիրված պետությունում ցանկացած աշխատող անհատ անում էր մի փոքր ավելին, քան հասցնում էր։ Սակայն 20-30-ականների սկզբներում մրցակցությունը բավականին մեծ էր, եւ եթե խոսքը հենց Թամանյանի մասին է, ապա նրա եւ մնացած ճարտարապետների հարաբերությունները բավականին երկիմաստ էին եւ դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։ Հետո, ստալինյան հայտնի որոշումներից հետո, «խմորումներին» վերջ տրվեց, քաղաքաշինական գործունեությունը մտավ հստակ գծված հունի մեջ եւ պարզ էր, որ Երեւանի գլխավոր ճարտարապետները պետք է դառնային միանձնյա պատասխանատուներ, որոշողներ։ Պատվիրատուն մեկն էր՝ պետությունը, գաղափարական ուղղությունը որոշվում էր կուսակցական մարմինների կողմից, եւ որեւէ հակասություն չկար նրանում, որ ստեղծագործական եւ մասնագիտական որոշումների իրավունքը տրված էր գլխավոր ճարտարապետի ինստիտուտին։ Եւ ընդհանրապես, Գլխավորի գաղափարը հասկանալի էր միապետական կարգերի ժամանակ, ոչ պաշտոնապես, բայց գլխավոր ամենալավ նկարիչ, գլխավոր կոմպոզիտոր, գլխավոր ակադեմիկոս, նույնիսկ գլխավոր հրապարակ, գլխավոր շենք եւ այլն։
Սակայն ազատ շուկայական պայմաններում քաղաքաշինական ոլորտի կառավարումը հին ձեւերով անհնար է, իսկ գլխ․ճարտարապետի պաշտոնը այսօրվա անորոշ ու համատարած լիազորություններով՝ նոնսենս։ Փաստորեն, այսօր գլխավոր ճարտարապետի ձեռքերում կենտրոնացված է թե՛ օրենսդրական (ծրագրերի առաջարկում, հսատատում), թե՛ գործադիր (առաջադրանքների եւ թույլտվությունների տրամադրելը), թե՛ վերահսկողության ֆունկցիաները։ Ժամանակակից որեւէ արեւմտյան քաղաք չունի նման պաշտոն, կամ եթե այդպիսինը կա, ապա գործառույթները խիստ սահմանափակ են, բացարձակ կապ չունեն ստեղծագործական աշխատանքի հետ։ Սա ավելի շատ հսկողի, տեսուչի կամ համակարգողի պաշտոն է, որը կարող է զբաղեցնել նույնիսկ մասնագիտությամբ ոչ ճարտարապետը։ Կհարցնեք, բա լավ, ո՞նց են այդ դեպքում կառավարում այս ոլորտը։ Պատասխանը երկար է․ կան բազմաթիվ քաղաքաշինական գործիքներ, հատուկ ինստիտուտներ, որոնք զբաղվում են քաղաքների զարգացման ծրագրերը եւ գլխավոր նախագծերը մշակմամբ։ Օրինակ` Չիգայում մի շարք պետական եւ ոչ պետական կազմակերպություններ մշակում են նույնիսկ նույն խնդիրներին վերաբերող ծրագրեր, ընդ որում պատվիրատուներն էլ տարբեր են․ համայնքը, պետությունը, գործարարները, հետո այդ ծրագրերը քննարկվում են, անցնում են բազմաթիվ փորձագիտական խորհուրդներ եւ, կարեւորը, խիստ մրցակցության արդյունքում ընդունվում են որոշումները։ Այ դրանից հետո պետական պաշտոնյաները (անունը գլխավոր ճարտարապետ կամ տեսուչ կամ ցանկացած ուրիշ բան) հետեւում են այդ ծրագրերի իրականացմանը։ Այս թեմայով գրել է նաեւ Սաշուր Քալաշյանը։
Այսպիսով, պարոն Սարգսյանի հղումը անցյալին արժեքավոր է այնքանով, որ իրոք, Հայաստանի նոր Հանրապետության գոյության ընթացքում բոլոր գլխավոր ճարտարապետների գործունեությունը կասկածելի է եւ հետաքննության կարիք ունի։
Մյուս ուշագրավ հայտարարությունը․ «Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին (2004 հուլիս-2008 հուլիս), երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»: ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը»:
Չգիտեմ, սա միամտություն է, թե խորամանկություն։ Լավ, ասենք, նորից ատավիստական մտածողություն։ Նախ, թողենք հանգիստ Թամանյանին, Գրիգորյանին, Շպեերին եւ մնացածին, նրանց վարձել էր միակ եւ անկրկնելի պատվիրատուն՝ պետությունը, եւ նրանք ստանում էին ֆիքսված աշխատավարձ եւ հոնորարներ։ Այսօր տրամաբանությունը ուրիշ է։ Եթե կա ՍՊԸ (չշփոթել շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամի հետ), ապա այդ պարագծում ցանկացած գործունեություն միայն եւ միայն բիզնես է։ Անշուշտ, պաշտոնյան իրավունք ունի ստեղծագործական աշխատանքի, կարող է գրքեր գրել, դասախոսություն կարդալ, մրցույթների մասնակցել, նկարել, երաժշտություն գրել, սակայն նախագծային աշխատանքը, որը ունի պատվիրատու, որը լիցենզավորված է, եւ որի արդյունքում առաջանում են շահույթ եւ հարկային պարտավորություններ, բիզնես է, նույնիսկ եթե այդ աշխատանքով զբաղվում է Լեոնարդո դա Վինչին կամ Մոմիկը։ Ինչքան էլ հիասթափեցնող հնչի, բայց ժամանակակից բոլոր հայտնի վառ ճարտարապետները նաեւ հաջողակ բիզնեսմեններ են (բայց գրեթե ոչ մեկը նրանցից՝ պաշտոնյա, այն էլ քաղաքի գլխ․ ճարտարապետ), իսկ սըր Նորման Ֆոստերը երեւի առաջի հերթին բիզնեսմեն, հետո ճարտարապետ :)։ Ճարտարապետությունը, լինելով բարձր արվեստ, այնուամենայնիվ բիզնես է, եթե դրա համար վճարվում է եւ առավելեւս, եթե այդ աշխատանքի արտադրանքը՝ նախագծերը իրականանում են։ Եւ ապրուստը վաստակելու համար նախագծային ՍՊԸ-ն կարիք ունի պատվերների, այ այդ պատվերները գտնելու կամ ստեղծելու մեջ կարող է նաեւ թաքնված լինել շահերի բախման ուրվականը, եթե նախագծողը համատեղությամբ նաեւ պետական պաշտոնյա է, բայց սա արդեն իմ գործը չի, այլ հատուկ մարմինների։