Hraparak.am-ը գրում է.

Երեկ խոստացա, որ Hraparak. am-ի աղբյուրները մանրամասնություններ կհայտնեն գյումրեցի կնոջ մասին։ Նշենք, որ կինը Նիկոլ Փաշինյանին ասել էր․ «Խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»:

Շատերը, առանց խղճի խայթի, գրառումներով  տարածեցին, որ այդ կինը գիժ է, շատերը՝ ավելի վատ բաներ։ Այսօր մեզ հայտնի են դարձել այլ մանրամասնություններ։

Գյումրեցի կինը հավաքարար է։ Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքն է մաքրում՝ վաղ առավոտից։ Աշխատասեր կին է, հոգեկան որևէ խնդիր չունի։ Ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։  Ունի մայր, ով իր հետ է բնակվում։  Անկողնային հիվանդ է, մշտապես հոգատարության, բժշկական խնամքի կարիք ունի։ Աղջիկը «միջից կիսվում է» մոր կարիքները հոգալու համար։ Առանց հայր մեծացնում է աղջիկ, ով սովորում է 7-րդ դպրոցի  9-րդ  դասարանում։ Մայրը պատմում է, որ սեպտեմբերի մեկի համար աղջկա համար չի կարողացել ոչինչ գնել ու շատ է նեղվում։ Ստանում է 55․000 դրամ աշխատավարձ։ Մեր աղբյուրին խնդրեցի հարցնել հետևյալը՝ եթե նա նեղված էր ու ներկայացնում էր իր ծանր վիճակը, ինչու՞ չկանգնեց և որևէ քայլի չսպասեց։ Այդ հարցը շատերն էին համացանցում  բարձրացնում ու եզրակացնում՝  չի կանգնել, որովհետև նրան պատվեր են տվել՝ ասել ու հեռացել է։ Հարցին գյումրեցի կինը  այսպես է պատասխանել․

-Ես մուրացկան չեմ։  Պարզապես ուզում էի ասել այն, ինչ ասացի։ Միայն ես չեմ, մարդիկ առավոտից իրիկուն աշխատում, կոպեկներ են ստանում։ Իսկ ինքը խոստացել էր, որ իր վարչապետ դառնալուց հետո ամեն ինչ փոխվելու է։ 

Այսօր շատերն էին դիմել մեզ՝ գյումրեցի կնոջը օգնելու, երկրորդ, ավելի թեթև աշխատանքով ապահովելու, օգնության  հարցով, վաղը նրանց կտրամադրեմ գյումրեցի կնոջ հեռախոսահամարը և անձամբ կզրուցեն նրա հետ ու կհամոզվեն, որ ինքը լավ մայր ու նվիրված աղջիկ է։

Գյումրեցի կինը պատմել է նաև, որ գյումրեցիներ կային, ովքեր ուզում էին նամակներ հանձնել Փաշինյանին,  թիկնապահները  կոպտորեն հրում, չէին թողնում՝ մոտենային, իրեն ևս հրում, հեռացնում, շպրտում էին ու այնքան կոպիտ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել