Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին»  համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը օտարերկրյա ներդրողների համար կայուն և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմամբ հնարավորություն կընձեռի խթանելու երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնելու առևտրատնտեսական կապերը, այդ թվում, ընդլայնելու աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:

Օգոստոսի 9-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել