Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ ինձ և, կարծում եմ, ոչ միայն ինձ ամենաշատը դուր եկավ այն պահը, երբ թիմերը շքերթով անցնում էին հանդիսատեսի առջև ու փոխադարձաբար վայելում ծափողջյուններն ու ժպիտները։ Հենց այդ պահին առաջացավ իրական կապը միջոցառման գաղափարի ու մասնակիցների, հանդիսատեսի միջև։

Ու նկատեցի, որ շատ ակնառու էր տեղացի և Սփյուռքի մեր հայրենակիցների տարբերությունը՝ իրադարձությունը տոնելու առումով։ Հայաստանի, Արցախի մարզիկներն անցնում էին առավելապես լուռ, զուսպ ժպտալով, խուսափելով նայել շուրջը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց թիմում, ի դեպ, կանայք ավելի շատ էին, անցնում էին մեծ ոգևորությամբ, օդային համբույրներ ուղարկելով, նկարվելով։ Շատ հետաքրքիր էր դիտարկել այս տարբերությունը մեր միասնության մեջ։ Ասեմ, որ երկու դրսևորումներում էլ մարդիկ ինձ հասկանալի ու հարազատ էին։

Ինչ վերաբերում է բացման բովանդակային ծրագրին, ապա կարծում եմ, որ նման ուրախ, ոգևորող, երիտասարդական միջոցառումների ժամանակ ամենից քիչ է զգացվում ցեղասպանությունից ու մեզ հետ պատահած այլ պատմական աղետների ու տառապանքների մասին տագնապահարույց երաժշտության ներքո վերհիշելու կարիքը։ Ես ԱԺ հյուրերին պարտադիր ուղեկցում եմ Հայոց ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր, Արցախի հյուրերն անպայման ծաղիկներ են խոնարհում ազատամարտիկների շիրիմներին, կան հիշատակի օրեր ու ոչինչ երբեք չի անտեսվում, բայց այսպիսի երիտասարդական, ուրախ միջոցառումների ժամանակ կարծում եմ պետք է առավելապես հե՛նց ապագային միտված Հայաստան - Արցախ - Սփյուռք միավորող ընդհանրություններ գտնենք ու ներկայացնենք մեր ձգտումները, երազանքները՝ ապագայի մասին։ Սպասում եմ, որ նման միջոցառումների բացման ժամանակ նոր ասելիք ու տեսարաններ լինեն։ Ու սա վերաբերում է բոլոր մեծամասշտաբ միջոցառումներին։

Գիտեմ նաև, թե որքան դժվար էր կազմակերպիչներին այսպիսի մեծ միջոցառումը կազմակերպվել Արցախում։ Իսկապես մեծ աշխատանք էր արվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել