Hraparak.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե չի սխալվում, ապա Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի ավարտ է հայտարարվել, առաջիկայում գործը կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար։

Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս իրենց չեն ծանուցել ավարտի մասին, նյութերին էլ չեն ծանոթացրել․ «Բայց ոնց հասկանում եմ մոտակա օրերին լինելու է։ Հենց ավարտեն, անմիջապես կծանոթացնեն, ոնց հասկացա,պարոն Վանեցյանն ասում ա՝ որքան տեղյակ եմ, ավարտվել է, երեւի իրեն ասել են՝ մոտական օրերս կավարտեն, ինքն էլ ասում է»։

Պաշտպանը նախաքննությանը չցանկացավ գնահատական տալ՝ նշելով, որ պետք է մի քանի օր սպասել․ «Ես մի փոքր կսպասեմ, նյութերին կծանոթանամ, նոր գնահատականներ կհնչեցնենք։ Այն, որ պարոն Սանասարյանի մեղադրանքը անհիմն է, մենք հայտարարել ենք։ Բայց նյութերին ամբողջական ծանոթնալուց հետո հնարավոր է, իհարկե պարոն  Սանասարյանի հետ համաձայնեցնենք, գուցե ասուլիսի ձեւով անենք։ Այս պահին դեռեւս նյութերը չեն ներկայացրել, գործը դե յուրե ավարտված չէ»։

Հիշեցնենք` ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։

Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել