Այն որ հետհեղափոխական Հայաստանի իշխանությունը ոչ մի նոր բան չի կարողանում ստեղծել, վաղուց արդեն գաղտնիք չէ: Նաև վաղուց գաղտնիք չէ, որ հեղափոխականների իշխանությունը ուրիշի ստեղծածի վրա փիառվելու մեծագույն սիրահար է, որովհետև սեփական սնանկությունը քողարկելու լավագույն միջոցը, թերևս, այլոց մտածածն ու իրագործածը բոլշևիկյան տերմինաբանությամբ ասած` էքսպոպրիացիայի ենթարկելն է:
Այս առումով ռեկորդը պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, ով լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում ասում է, որ «Ստարտափ Սամմիթ 2019-ին» կառավարության անդամներն ու պատգամավորները՝ վարչապետի, Արարատ Միրոզոյանի գլխավորությամբ, մասնակցել են ֆորումին և իրենց մասնակցությամբ իրենք սամմիթը կենտրոնական իրադարձության են վերածել: Եվ ոչ մի խոսք սամմիթի կազմակերպիչների և տարիներ շարունակ իր անձնական միջոցներով սամմիթի իրականացումը ֆինանսավորող Արթուր Ջանիբեկյանի մասին:
Կառավարության, և մասնավորապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նման պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարոյական գրպանահատություն: Ավելին, պարոն նախարարն այն աստիճանի է հոռոցել, որ իրեն թվում է, թե տարիներ շարունակ Հայաստանում կազմակերպվող ստարտափ սամմիթին մասնակցելով` ինքն անձնամբ ու իր կառավարության գործընկերները լավություն են անում, օգնում են միջազգային նշանակություն ունեցող այս եզակի հայկական նախագծի կայացմանը: Մինչդեռ անզեն աչքով, անգամ, նկատելի էր, որ ստարտաթ սամմիթին իշխանության ներկայացուցիչները վազում էին մասնակցելու, որ հերթական փիառի պատառիկը պոկեն ու երևան հեռուստաէկրաններին: Սեփական անձի դերն ու նշանակությունը այս աստիճանի գերագնահատող, խաչագողի հոգեբանությունից չձերբազատված մարդիկ ոչ մի արդյունքի չեն հասնելու, ոչ մի ներդրում չեն բերելու, ոչ մի արժեք չեն ստեղծելու, որովհետև ոչ շնորհակալություն հայտնելու շնորհք ունեն և պարտավորության զգացում, ոչ էլ ուրիշի ստեղծածի վրա մարդավարի փիառվելու ունակություն: