«Ճիշտ չէ ուղտին նստել, կուզեկուզ ման գալ»․ ժողովրդական ասացվածք

Դե, մեր դեպքում ուղտը «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայի տեսք ունի։ Լավ, ինչո՞ւ են անընդհատ նման անհարմար իրավիճակներ առաջանում վարչապետի ու նրա չտես և անփորձ թիմի հետ։ Պատճառը պարզ է․ իշխանություններին տուն ուղարկելու համար ազդեցին հասարակության նուրբ թելերի վրա, դժգոհությունները գեներացրին՝ պնդելով, որ վատ եք ապրում, քանի որ իշխանությունները ձեր մասին չեն մտածում, երկիրը թալանում են ու միայն իրենց գրպանները լցնում։

Դե, եթե երկիրդ գտնվում է բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի ռեժիմում, քո արևմտյան ու արևելյան հարևան պետությունները, խոսքները մեկ արած, քո կործանումն են ուզում, դու էլ փոքր երկիր ես, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար նաև մի շարք օբյեկտիվ դժվարություններ ունես, մտել ես բոլոր առումներով քեզնից հզոր թշնամու հետ սպառազինության մրցավազքի մեջ, որպեսզի կանխարգելես պատերազմի վերսկսումը, ինչը ֆինանսապես մաշում է երկիրդ, ու ամեն պահի պատերազմի վերսկսման վտանգը վանում է զգուշավոր ներդրողներին։

Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ մեր մաքսիմալիստ ու անհամբեր ազգի առաջ, որ բոլորն են ցանկանում լավ ապրել՝ անկախ արժանիքներից, մեկ էլ հայտնվում են ջահելներ, ու ասում․ «Այն, ինչ երազում էիք, հաշված օրերի ընթացքում կանենք, կախարդական փայտիկ ունենք, բայց կաշխատի, եթե օգնեք՝ նստենք իշխանական գահին»։ Դե, ինչպե՞ս չհավատային նրանց, երբ այդքան համեստ էին, համոզիչ ու հասանելի․ փողոցում քայլում էին, նստում ու պառկում ասֆալտին, հասարակ ժողովրդի հետ շփվում։ Դե քանի որ իրենք այդքան ռեսուրս չունեին, որ իրենց թիմով երկրի բոլոր փողոցները փակեին, իրականում դա համեստություն չէր, այլ՝ անհրաժեշտություն։

Հիմա, երբ առանց երկրի զարգացման ծրագրի, «նազարի բախտով» եկել են իշխանության, ի՞նչ է մնում իրենց․ անընդհատ համեմատվել նախկինների հետ՝ նրանք անհամեստ էին, մենք համեստ ենք։ Բայց շատ չանցած՝ ոչ միայն հարմարվեցին իշխանական բարիքներից օգտվելուն, այլև հասկացան, որ որոշ ծախսեր ուղղակի անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար, և որքան էլ երկիրդ փոքր լինի ու աղքատ, աշխարհի հետ հարաբերվելու համար պետք է պետական կառավարման համակարգի վրա որոշակի պարտադիր ծախսեր արվեն՝ անկախ նրանից, թե ով է իշխանավորը։

Եթե արել ես հեղափոխություն, պետք է կատարես համակարգային ու արմատական բարեփոխումներ, իսկ եթե անընդհատ համեմատվում ես նախկինների հետ, հաստատում ես, որ որևէ այլ կառավարման համակարգից պատկերացում չունես։ Եթե դու որակական ու բովանդակային փոփոխության ծրագիր ունենայիր, այն էականորեն կտարբերվեր նախկինից, իսկ հիմա ձևը համեմատում ես ձևի հետ։ Ու կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, որ մի հարցում խնայում ես ու թմբկահարում, որպեսզի մեկ այլ չերևացող տեղ տասնապատիկ ավել գումար ծախսես ու փորձես գաղտնի պահել։ Բայց եթե անգամ արդար կառավարիչ ես, ինչը մեր դեպքում այդպես չէ, չի նշանակում, որ նաև արդյունավետ կառավարիչ ես։ Հարկավոր է բարիք ստեղծել, ու դրան զուգահեռ մտածել խնայողության մասին, իսկ եթե ապաշնորհ ես, որքան ուզում ես, խնայիր, վերջնարդյունքում ավելի վատ վիճակում կհայտնվես։

Ախր գործից հասկացողները, հատկապես՝ տնտեսագետները, իշխանությունների այս էժանագին էմոցիոնալ աճպարարությանը չեն խաբվում, այլ առաջնորդվում են «չոր ու ցամաք» թվերով․ եթե կոռուպցիան վերացել է, ապա դա պետք է երևա ՀՆԱ-հարկային մուտքեր հարաբերակցության վրա, եթե ներգաղթ ունենք, ապա դա պետք է երևա թվերով, եթե բարենպաստ բիզնես միջավայր ունենք, ապա դա պետք է երևա ներդրումների ավելացմամբ, եթե խոսվում է երկրում տնտեսական առաջընթացի մասին, ապա դա պետք է ամրագրված լինի մակրոտնտեսական բարելավված ցուցանիշներով։ Այն պարզունակությամբ, որ երբ մեկն ասում է՝ Սևանը կանաչել է, գնում, մի վայր են գտնում, որտեղ կանաչ չէ, ու ասում՝ ամեն ինչ լավ է, նույն պարզունակությամբ էլ, երբ ասում են, որ երկրում տնտեսական ոլորտում հետընթաց ունենք, վարչապետը մի անկապ ցուցանիշ է գտնում ու ասում՝ տեսեք, առաջընթաց կա։ 

Ու այնքան վատ տեղ է տանում այս էժան պոպուլիզմը, որ սկսում ես մտածել, որ արդեն ուշ է՝ կոչ անելու ուղտին նստած կուզեկուզ ման չգալ, պետք է ուղղակի հորդորել ժամ առաջ ուղտից իջնել ու քո տրամաչափին համահունչ կենդանի նստել, ու եթե հապաղես, այնքան խայտառակ կլինես, որ անգամ էշը կարող է չհանդուրժել այս անարժան հեծյալին ու վայր գցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել