Ֆինլանդիան համարվում է աշխարհում ամենաերջանիկ բնակչություն ունեցող երկիրը, որտեղ ապրում են պունկտուալ և աշխատասեր մարդիկ։ Սա հյուսիսային փոքրիկ երկիր է, որտեղ զարգացած է հայրիշխանությունը, բնակիչների 99%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ սաունա է այցելում, իսկ եղնիկները շրջում են նեղ փողոցներով։
Ֆինները շատ ժամանակ են անցկացնում բնության գրկում
Ֆինլանդիայի տարածքի շուրջ 70%-ը պատված է անտառներով, այդ իսկ պատճառով ֆիններն իրենց զգում են ներդաշնակության մեջ։ Բնությունը պաշտպանում է և հանգստացնում։ Ֆինները հաճախ են ուղևորվում բնության տեսարժան վայրեր, պարբերաբար արշավներ են կազմակերպում և հեծանիվ են վարում։
Անվճար խմելու ջուր
Ֆինլանդիան այլ կերպ անվանում են Հազար լճերի երկիր։ Վերջիններս առաջացել են վերջին սառեցման հետևանքով, որն ավարտվել է մոտ 100,000 տարի առաջ։ Ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ այն հնարավոր է խմել տան ծորակից, առանց հատուկ վերամշակում անցկացնելու։ Գրեթե յուրաքանչյուր ռեստորանում Ձեզ անվճար կհյուրասիրեն մեկ շիշ ջուր, եթե անգամ մոռանաք դրա մասին խնդրել մատուցողին։
Երեխաների համար յուրաքանչյուր տարի նպաստ է հատկացվում մինչև վերջիններիս 17 տարեկան դառնալը
Ֆինլանդիայում ծնողները յուրաքանչյուր երեխայի համար շուրջ 100 եվրո են ստանում ամսական։ Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար գումարի չափը փոքր-ինչ աճում է։ Այդ գումարը հնարավոր է ծախսել, սակայն ծնողների մեծ մասն այն չի օգտագործում, և միայն երեխայի՝ դպրոցն ավարտելուց հետո է դրանով փորձում նրա համար բարեկեցիկ կյանք ապահովել։ Բացի դրանից՝ երեխայի ծնվելիս ծնողները մեծ արկղ են ստանում, որում նորածնի համար անհրաժեշտ շատ իրեր կան՝ հագուստ, տակդիր, խաղալիքներ։
Աշխարհում լավագույն պիցցան
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնեց, որ նրան դուր չի գալիս ֆիննական ուտելիքը։ Նա հատկապես կոպիտ էր արտահայտվել ապխտած եղնիկի մասի մասին, որն, ըստ նրա, անհամեմատելի է պարմայական խոզապուխտի հետ։ 3 տարի անց Ֆինլանդիան հաղթանակ տարավ պիցցայի միջազգային մրցույթում՝ առաջ անցնելով Իտալիայից և ներկայացնելով իր՝ եղնիկի մսով պիցցա «Բեռլուսկոնին»։
Աղբի մշակման բնագավառում առաջատար երկիր
Ֆինլանդիան ցիրկուլյար տնտեսություն է վարում, ինչը թույլ է տալիս առկա ռեսուրսներն օգտագործել մինիմալ թափոններ ստանալով։ Քաղաքային թափոնների 99%-ը կա՛մ վերամշակվում է, կա՛մ ուղարկվում է աղբայրման գործարաններ, որտեղ էլ դրանցից էներգիա է ստացվում։ 10 պլաստիկե շշերից 9-ը ուղարկվում է վերամշակման։ Նույնը վերաբերում է ապակե սպասքին։
Բնակչությունը մեծ վստահություն ունի ոստիկանության նկատմամբ
Ֆինլանդիայի ոստիկանության առանձնահատկությունն այն է, որ այն միասնական կազմակերպական կառույց է, այլ ոչ մի քանի ստորաբաժանումներից կազմված, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, սա ֆիննական կառավարության լավագույն որոշումներից մեկն է եղել, քանի որ ֆինների վստահությունն իրենց ոստիկանության հանդեպ կազմում է գրեթե 90%:
Սպորտաձևերի բազմազանություն
Ֆինների համար սպորտը կյանքի անբաժանելի հատված է։ Բացի աշխարհին հայտնի սպորտաձևերից՝ այս երկրում անցկացվում են այնպիսի մրցույթներ, ինչպիսիք են կանանց տեղափոխումը, բջջային հեռախոսների նետումը, մոծակների բռնելու մրցությունը և այլն։
Ֆինն կանայք առաջինը Եվրոպայում ստացան ձայնի իրավունք և իրենց թեկնածությունն ընտրություններում առաջադրելու հնարավորություն
1906 թ. Ֆինլանդիան մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։ Ռուսաստանում քաղաքականապես անկայուն ժամանակաշրջան էր, և կայսր Նիկոլայ II-ը երկրում հետագա անախորժություններից խուսափելու համար համաձայնեց 1907 թ. կազմակերպել Ֆինլանդիայի պառլամենտական ընտրություններ։ Հենց այդ ժամանակ էլ օրենք ընդունվեց հավասար ու համընդհանուր ընտրական իրավունքի մասին, իսկ առաջին ընտրությունների ժամանակ ընտրվեց 19 կին պատգամավոր։
Առաջին երկիրն աշխարհում, որը յուրաքանչյուր քաղաքացու համացանցի հասանելիություն տրամադրեց
2010-ից ի վեր Ֆինլանդիան դարձավ առաջին երկիրն աշխարհում, որտեղ մարդու քաղաքացիական իրավունքների թվին դասվեց համացանցի հասանելիությունը։ Կառավարությունը պաշտոնապես հրահանգեց մատակարարողներին բնակչությանն ապահովել բարձրորակ կապով, քանի որ այստեղ կարծում են, որ համացանցն առաջին հերթին մարդկանց անհրաժեշտ է աշխատելու համար։
Հայրերն իրենց երեխաների հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մայրերը
Երկրում մի շարք օրենքներ են ընդունվել, որոնք ապահովում են հայրերի առավել ակտիվ մասնակցությունը երեխաների կյանքում։ Օրինակ՝ երեխայի ծնվելուց հետո հայրերին տալիս են 9 շաբաթ արձակուրդ և վճարում են միջին աշխատավարձի 70%-ի չափով։