Pastinfo.am-ը գրում է.

Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ նախորդ տարի հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Արթուր Աղաբեկյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել առերեւույթ չարաշահումների համար։  Մասնավորապես՝ ըստ նախաքնական մարմնի՝   հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ, այն է՝  առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։

Շուրջ 10 ամիս տեւած նախաքննության արդյունքում քննիչը որոշում է կայացրել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեղադրանքով Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Իսկ  ՀՀ քրեկան օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առեւտրային ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընունվելու հիմքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել