Zham.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, աշնանը իշխանությունները ստիպված կլինեն որոշեն, թե ԱԺ-ն վավերացնելո՞ւ է Ստամբուլյան կոնվենցիան ինչպես արել են եվրոպական 34 պետություններ, թե այնուամենայնիվ, Հայաստանը չի վավերացնի այդ կոնվենցիան այնպես, ինչպես այն մերժեցին եվրոպական 11 երկրները:
Շատերն այսօր գուշակում են, թե ի վերջո ինչպիսին է լինելու Փաշինյանի դիրքորոշումը:
Կարող ենք կանխագուշակել, որ Փաշինյանն այս հարցում դեռ չունի կոնկրետ տեսակետ: Ոչ այն պատճառով, որ կողմնորոշված չէ, այլ Փաշինյանն այս հարցում, ինչպես նաև մյուս շատ հարցերում, կայուն պատկերացում չունի: Նա կողմնորոշվելու է այս հարցի շուրջ բանավեճի լայքերի և դիսլայքերի ստացած հարաբերությունների արդյունքներից:
Իսկ մինչ այդ «Իմ քայլը» դաշինքին «վերևից» խնդրել են այս հարցի վերաբերյալ շատ չծավալվել:
Բայց արի ու տես, որ կուսակցության շարքերում հերթական ճեղքն արձանագրվեց: ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը կրկին խառնեց շեֆի բոլոր ծրագրերը: Նա այսօր հայտարարեց, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի այդ կոնվենցիան:
Սոֆյայի այս քայլը խիստ վրդովվեցրել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին. այստեղ կարծում են, որ Հովսեփյանի այս քայլը կարող է վարակիչ դառնալ իշխող ուժի մյուս անդամների համար:
Դրա համար էլ այս համայնքի ծանր հրետանի՝ հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն, ի պատասխան Սոֆյայի հայտարարությանը սպառնող հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «իրենք հեղափոխությանը աջակցել են ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան»:
Փաստացի տրանսգենդեր Լիլիթը պատասխանում էր ոչ այնքան Սոֆյային, որքան Փաշինյանին՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կվերանայեն իրենց դիրքորոշումը այս իշխանությանը աջակցելու հարցում:
Սա , ըստ այդ շրջանակների տեսանկյունի, կլինի «հետքայլ հեղափոխությունից »: Իրենց համար հեղափոխությունը հենց այդ կոնվենցիայի վավերացումն է, որովհետև «հակահեղափոխական են» բոլոր հոմոֆոբիայով տառապող քաղաքացիները, իսկ դրանք այսօր Հայաստանում մեծամասնություն են կազմում:
Ինչպես վավերացնել այդ կոնվենցիան, և միաժամանակ չվիրավորել «հպարտ, բայց հոմոֆոբ հանրությանը», ովքեր դեռ հույսը չեն կորցրել Փաշինյանից: Ահա այս երկընտրանքի առաջ է կանգնելու Փաշինյանը այս աշնանը: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Փաշինյանը նրա աջակիցների բազան կնվազի: Քանզի նա հեղափոխության ժամանակ այնքան բան է խոստացել, որ դրա տակից դժվար թե կարողանա դուրս գալ:
Այս հարցը, գլխավորներից չէ, քանի որ ֆոնային բնույթ ունի, սակայն ուղղենիշ է լինելու , թե ի վերջո ինչ սահմանների տիրույթում է ձևավորվելու Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական գործչի արժեհամակարգային պատկերացումնները:
Սա է իրականությունը: