Հետազոտողների միջազգային խումբն ուսումնասիրել է մարդկային երկու գանգերի մնացորդներ, որոնք չորս տասնամյակ առաջ հայտնաբերվել են Հունաստանում, և եկել է եզրակացության, որ ժամանակակից մարդիկ Աֆրիկայից Եվրոպա են գաղթել 150 հազար տարի ավելի վաղ, քան կարծում էինք մինչ օրս։ Ուսումնասիրության զեկույցը հրապարակված է Լոնդոնի բնական գիտությունների թանգարանի պաշտոնական կայքէջում։

Ուսումնասիրության են ենթարկել մասամբ պահպանված երկու գանգ, որոնք 1978 թ. հայտնաբերվել են Հունաստանի հարավում գտնվող Ապիդիմա քարանձավում։ Գտածոները պայմանականորեն անվանվել են Ապիդիմա 1 և Ապիդիմա 2։

Ի սկզբանե դրանց տարիքը գնահատվել է մոտ 160 հազար տարի, սակայն գիտնականները մշտապես երկմտում են այն հարցի շուրջ, որ թվագրումը ճշգրիտ չէ կատարված։ Բացի դրանից՝ արտաքին տեսքով գանգերը տարբերվում են իրարից։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ դրանք պատկանում են տարբեր ժամանակահատվածների։

Ապիդիմա 2 գանգը նման է նեանդերթալացու գանգի, որը հայտնաբերվել է Ջիբրալթարում և Իտալիայում։ Ապիդիմա 1-ը հիշեցնում է ժամանակակից մարդու գանգ, որի տարիքը գնահատվում է 100 հազար։

Խումբն օգտագործել է այնպիսի տեխնիկա, որը թույլ է տալիս հասկանալ ոչ միայն հողի շերտի տարիքը, որում հայտնաբերվել է գանգը, այլև հենց դրանը։ Ապիդիմա 2-ին նոր թվագրումը ցույց է տվել, որ այն շուրջ 170 հազար տարվա հնություն ունի։ Իսկ ահա Ապիդիմա 1-ն առավել հին է։ Պարզվել է, որ այն առնվազն 210 հազար տարեկան է և պատկանել է Homo Sapiens-ի ներկայացուցչի, այլ ոչ նեանդերթալացու։

«Մեր ուսումնասիրություն թույլ է տալիս ենթադրել, որ ժամանակակից մարդիկ Հունաստանում հայտնվել են առնվազն 210 հազար տարի առաջ։ Հնարավոր է, որ նրանք ներգաղթել են Մերձավոր Արևելքից և փոխարինվել են նեանդերթալացիներով, որոնց էլ պատկանել է Ապիդիմա 2 գանգը»,- ասում է պրոֆեսոր Քրիս Սթրինգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել