Երեխայի ծննդից հետո կնոջ օրգանիզմն ուժեղ սթրես է տանում։ Դա պայմանավորված է ոչ միայն ընտանիքում նոր անդամի հայտնվելով, այլև անհրաժեշտ նյութերի դեֆիցիտով։ Կրծքով կերակրումը շատ էներգիա է խլում և վիտամինային պահուստի համալրում է պահանջում։ Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ կնոջը դժվար է ճիշտ և լիարժեք սնվելը։ Նման դեպքերի համար մշակված են հատուկ կերակրող մայրերի համար ստեղծված վիտամինային կոմպլեքսներ։
1) D վիտամին
D վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանանց մոտ՝ ոսկրակակղանք՝ ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը:
2) С վիտամին
Կրծքով կերակրման ժամանակ կարևոր է C վիտամինի ընդունումը։ Ասկորբինաթթուն ակտիվորեն մասնակցում է նյութափոխանակությանը, իմունային համակարգի գործունեությանը, օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային, ոսկորների ձևավորմանը։ Կարևոր է ատամների և լնդերի համար։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան։
3) Ֆոլաթթու
Կրծքով կերակրման ժամանակ ֆոլաթթվի օգտակարության մասին կռահելն այնքան էլ դժվար չէ։ Պետք է միայն ուսումնասիրել B9-ի հետծննդաբերական դեֆիցիտը․ մոր համար՝ կաթնարտադրության նվազում, գերհոգնածություն, տրամադրության անկում, երեխայի համար՝ թերքաշություն, իմունիտետի անկում, մարսողական համակարգի խանգարում, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական զարգացման վատթարացում։
4) Е վիտամին
E վիտամինը կաթի միջոցով անցնելով երեխային՝ նպաստում է նրա արագ աճին, նյարդային, էնդոկրին համակարգերի առողջ զարգացմանը, էրիթրոցիտների արտադրման կարգավորմանը։
5) А վիտամին
Մասնակցում է տեսողական պիգմենտների առաջացմանը, նպաստում է ոսկորների և ատամների զարգացմանը, պաշտպանում է մաշկը և լորձաթաղանթը, ազդում է մաշկի, եղունգների և մազերի որակի վրա։ Ռետինոլով հարուստ են կենդանական ծագման մթերքները՝ ձկան յուղ, կաթի յուղ, սերուցք, կաթնաշոռ, պանիր, դեղնուց, լյարդի ճարպ և այլն:
6) В6 վիտամին
Պիրօքսիդինը կարգավորում է մոր նյարդային համակարգը։ Հատկապես շատ B6 վիտամին կա ընդեղենի, սպանախի, կարտոֆիլի, ծաղկակաղամբի, գազարի, հազարի, լոլիկի, ելակի, կեռասի, նարնջի և լիմոնի մեջ։
7) В2 վիտամին
Վիտամին B2-ը ոչ միայն գեղեցկության վիտամինն է, որն ազդում է մաշկի, մազերի ու եղունգների որակի վրա, այլև արժեքավոր տարր է, որ մասնակցում է մեր օրգանիզմում կատարվող մի շարք կարևոր գործընթացների։ Այն մեծ դեր է խաղում իմունային համակարգի ամրացման գործում։ Անհրաժեշտ է արյունաստեղծման համար, մասնակցում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի արտադրմանը։ Մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքին, անհրաժեշտ է գլխուղեղի բնականոն գործունեության համար։ Մեծ նշանակություն ունի մարդու վերարտադրողական ֆունկցիայի և վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման հարցում։ Կարևոր է տեսողության պահպանման և աչքի տարատեսակ հիվանդությունների կանխարգելման հարցում։
8) В12 վիտամին
В12 վիտամինի պակասությունն օրգանիզմում սակավարյունություն է առաջացնում, ազդում է նյարդային համակարգի և մարսողական օրգանների վրա։
B12-ի հիմնական աղբյուր են ծառայում կենդանական ծագման մթերքները՝ ձուկ, ծովամթերք, միս, կաթ, պանրեղեն։
9) К վիտամին
K վիտամինը մասնակցում է արյան մակարդելիության գործընթացներին։ Այս վիտամինը շատ անհրաժեշտ է նորածինների համար։ K վիտամինով հարուստ են սպանախը, շագանակը, եղինջը, մասուրը, կաղամբը, գազարը, լոլիկը, ելակը և մորին։