Shantnews.am-ը գրում է.
Այս տարվա սկզբից մինչև հունիսի վերջ Ադրբեջանի զինված ուժերում մահացել է առնվազն 20 զինծառայող։ Առնվազն 12 զինծառայող էլ վիրավորվել է։ Այս կորուստների մի մասի վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները լռել են՝ կոծկելով տեղեկությունները։ Մեծ է հավանականությունը, որ կորուստների թիվն էլ ավելի մեծ է, սակայն այդ կորուստների մասին հայտնի չի դարձել այլընտրանքային աղբյուրներից։ Ամփոփ տվյալները հրապարակել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքը։ Մահացածների մասով տվյալները համընկնում են նաև հայկական Razm.info կայքի ունեցած տվյալների հետ։
Մահվան 20 դեպքերի կեսը եղել են մարտական պայմաններում։ Մասնավորապես, նրանցից 5-ի դեպքում ադրբեջանական կողմը հայտնել է, որ սպանությունները հայկական դիրքերից արձակված կրակոցների հետևանք են։ Հայկական կողմը, սակայն, հիմնականում հերքել է այս հայտարարությունները։
Մարտական պայմաններում մահացած մյուս 5 զինծառայողներից 4-ի մահը կապվում է ականների և այլ պայթուցիկ իրերի պայթյունների հետ։ Եվս մեկը մահացել է սահմանախախտների հետ փոխհրաձգության ժամանակ (Իրանի սահմանին)։
Ոչ մարտական կորուստները եղել են հետևյալ պատճառներով․
- 1 զինծառայող՝ հիվանդության պատճառով,
- 2 զինծառայող՝ դժբախտ պատահարից (ցրտահարությունից),
- 2 զինծառայող՝ ավտովթարի հետևանքով,
- 1 զինծառայող ինքնասպանություն է գործել,
- 4 զինծառայողի մահվան հանգամանքներն անհայտ են։