Tert.am-ը գրում է.

Հայաստանի համար շահեկան է, որ մեր հարևան Վրաստանում կայուն տնտեսաքաղաքական իրավիճակ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, տ.գ.թ. Մարինե Առաքելյանը` անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությանը: «Վերին Լարսի անցակետը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բավական վատթարացել է Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշիռը՝ ցանկացած կոնֆլիկտի սրություն, որը կարող է հանգեցնել Վերին Լարսի անցակետի փակման, կարող է ՀՀ տնտեսության համար անդառնալի հետևանքներ ունենալ»,- նշել է նա:

-Ռուս-վրացական լարվածության ֆոնին, տնտեսության որ ճյուղերի զարգացումից կարող է օգտվել Հայաստանը:

-Եթե դիտարկենք Վրաստանից ՌԴ ներմուծման կառուցվածքը, ապա առաջին տեղում «Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ» ապրանքային խումբն է`գերազանցապես գինին և հանքային ջրերը, երկրորդ տեղում`«Սև մետաղներ» խումբը, երրորդում` գյու­ղատնտեսության, բուսաբուծության ճյուղը ներկայացնող ապրանքատեսակները: Որոշակի է նաև հագուստի արտադրության ներմուծումը Վրաստանից: Ինչ վերաբերում է հանքային ջրերի ներմուծմանը Հայաստանից և Վրաստանից, ապա այդ ապրանքի ներմուծման կառուցվածքում 2018թ.-ին Վրաստանի մասնաբաժինը կազմել է 51.2%, իսկ ՀՀ-ից ներմուծման ծավալները`5.1%, մինչդեռ  ֆիզիկական ծավալի դեպքում` համապատասխանաբար 51.3 և 6.7%: Նշենք, որ հայկականի մեկ միավորի մաքսային միջին արժեքն ավելի ցածր է, քան վրացական ծագման հանքային ջրինը: Այս պարագայում ապրանքների արտահանման տեսանկյունից ՀՀ-ն կարող է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները հետևյալ ապրանքների կտրվածքով` հանքային ջուր, հագուստ, բուսաբուծության ոլորտի արտադրանք, իսկ ծառայությունների դեպքում`ուղևորափոխադրումներ, զբոսաշրջություն: Այս ոլորտների արտահանման ծավալների աճը կնպաստի համապատասխան ոլորտների զարգացմանը: 

-Ալկոհոլային խմիչքերի, հատկապես գինու արտահանման արգելքի հարցերի վերաբերյալ ևս Ռուսաստանը որոշում է կայացնելու, հարցը քննարկման փուլում է, Հայաստանն այստեղ կարո՞ղ է  արտահանման ծավալի աճ գրանցել, նոր շուկա գրավել ԵԱՏՄ տարածքում:

-2018թ.-ին Ռուսաստանի գինու ներմուծման կառուցվածքում վրացական գինիների ներմուծումը եղել է չորրորդը իր ծավալների առումով՝ կազմելով 11.1% կամ 116.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ գինիներին ՌԴ-ի ներմուծման կառուցվածքում բաժին է ընկել ընդամենը 0.63%-ը կամ 6.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է ֆիզիկական ծավալին (զուտ քաշի առումով), ապա վրացական գինիների ծավալը գերազանցել է հայկականին շուրջ 20 անգամ: Հետևաբար, միանշանակ կարելի պնդել, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ-ն չի կարող այդպիսի ծավալ ապահովել, որպեսզի լիովին փոխարինի վրացական գինիներին: Իսկ ինչ վերաբերում է մասամբ փոխարինմանը համապատասխան առաջարկի առկայության դեպքում, ապա այստեղ կարևոր է լինելու, թե որ գնային սեգմենտի համար է նախատեսված եղել վրացական գինին (բացառելով համային հատկանինշների տար­բերությունը): Այս փուլում դժվար է ասել, թե ինչպես կարող է փոխվել ՀՀ գինիների արտահանման ծավալները դեպի այլ ԵԱՏՄ-անդամ երկրներ, սակայն վերջիններիս ծավալները բավականին ցածր մակարդակի վրա են եղել:  Ինչ վերաբերում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանմանը, ապա բավականին բարդ կլինի փոխարինել դրանց բացը ՌԴ շուկայում, քանի որ դրանք որակական և գնային տարբեր սեգմենտներում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել