Դուք սիրում եք սեղմել պզուկնե՞րը, դա կարող է էքսկորիացիա կոչվող հոգեկան ոչ տարածված հիվանդության ախտանիշ լինել: Ներկայացնում ենք մանրամասներ այդ երևույթի վերաբերյալ:
Նախ՝ հասկանանք, թե ինչից են առաջանում պզուկները: Եթե ուշադիր նայելու լինեք, ապա դեմքի մաշկին կնկատեք փոքրիկ փոսիկներ, որտեղ գտնվում են մազարմատները և ճարպագեղձերը: Վերջիններս պատասխանատու են մաշկի ճարպի արտադրության համար: Երբեմն այդ ճարպը պետք եղածից շատ է արտադրվում և մաշկի մեռած բջիջների ու մանրէների հետ գումարվելով առաջացնում է այդ սարսափելի բշտիկները:
Հետազոտությունների համաձայն՝ կանայք ավելի հաճախ են հակված պզուկները սեղմելու և դրանից ավելի մեծ հաճույք են ստանում, քան տղամարդիկ: Այլ խոսքով՝ գեղեցիկ սեռի մոտ էքսկորիացիայի հանդեպ հակվածությունը ավելի մեծ է: Կարծիք կա նաև, որ այդ սովորույթը վկայում է մաշկի վրա հետքեր թողնելու ենթագիտակցական ցանկության մասին:
Իսկ այդ ոչ միանշանակ գործընթացից ստացած հաճույքը պայմանավորված է նրանով, որ մեր ուղեղը արտադրում է դոֆամին կոչվող միջնորդանյութը, որ արտադրվում է նյարդային համակարգի կողմից. այն պատասխանատու է հաճույքի զգացողության համար և կախում է առաջացնում:
Մտածեք սրա մասին, երբ ձեզ կնյարդայնացնի դեմքին առաջացած պզուկը և ցանկություն կունենաք սեղմելու այն: