Tert.am-ը գրում է.

Այսօր մեր աչքի առաջ այնպիսի տեսարան է, որը խորհրդանշում է սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ զինված ուժերում. այս մասին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում, այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայողական տպավորիչ ուղի ունեն, և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, որոնք իրենց կյանքում առաջին ագամ ստանում են սպայական կոչում: Սպայական ծառայությունը, թերևս, կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է կամք, անվերապահ և առանց քննարկման ի կատար ածել հրամաններ, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ դա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է սպայի ծառայությունը։ «Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող բեռ: Լինել սպա, լինել հրամանատար, նշանակում է, երբեմն, այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հնարավորությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին ՀՀ-ին և նրա ժողովրդին»,- շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի բարձր պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. «Ավելին՝ ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ ունեցած իր հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով: Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել