Lragir.am-ը գրում է.
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, այսօր վերջին մամուլի ասուլիսն է հրավիրել:
Նա անդրադարձավ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, ասաց, որ Եվրամիությունը շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել այս հարցում:
«Աջակցությունը որպես այդպիսին ներկայացվել է մեր հայ գործընկերներին: Վստահ եմ, հիշում եք Տուսկի այցելությունը Հայաստան: Հիշում եք, թե նա վարչապետի ու նախագահի հետ հանդիպմանն ինչ է ասել: Եվրամիությունը որոշակիորեն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ մասնավորապես իսկապես մաքուր, անբիծ ու արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք տրամադրել քաղաքական, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև ֆինանսական աջակցություն»,- ասաց նա:
«Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ մի շատ կարևոր առաքելության շրջանակներում՝ Բրյուսելից Հայաստան: Հայաստանում ընդունել ենք մեր գործընկերներին Եվրահանձնաժողոի տարբեր ստորաբաժումներից: Նրանք Բարձրագույն դատական խորհրդի հետ են հանդիպել, հարակից այլ կառույցների բարեփոխումներ իրականացնողների հետ: Այս քննարկումները չափազանց կառուցողական են եղել, և մեր աջակցությունը, վստահ եմ, չափազանց կարևոր է նաև ֆինանսական տեսանկյունից»,- ասաց նա:
Սվիտալսկին նշեց, որ այս պահին քննարկվում է աջակցության երկու տարբերակ՝ ուղիղ ու անմիջական աջակցություն, որն արդեն այս աշնանը հասանելի կդառնա ՀՀ համար և միտված կլինի կառավարության՝ դատաիրավական բարեփոխումների պլանների իրականացմանը:
«Մենք նաև խոսում ենք բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է նաև դեպի ապագա: Ծրագրեր գալիք 3-4 տարիների համար՝ ՀՀ-ին տրամադրվող բյուջետային փաթեթի շրջանակներում: Եվ ես պետք է նաև գոհունակությամբ ընդգծեմ, որ մեր քննարկումները ՀՀ կառավարության հետ շատ արդյունավետ ու կառուցողական են եղել: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք այս պահին ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Եվ մենք պատրաստ ենք այդ պլաններում ՀՀ-ին աջակցություն տրամադրել»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Եվրամիությունը որևէ բարեփոխման մոդել չի պարտադրում Հայաստանին: Եվրոպայում չկա արդարադատության ոլորտի որևէ մեկ միասնական մոդել, այսինքն՝ այս հարցում խնդիրներ կան նաև Եվրամիության ընտանիքում:
«ԵՄ-ն որևէ բան չի ցանկանում պարտադրել, բայց պատրաստ է խորհդրատվական աջակցություն տրամադրել, մենք պատրաստ ենք մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, որը պատրաստ է հայկական կողմի հետ կիսվել այն փորձով, որը կուտակվել է այլ երկրներում իրականացված բարեփոխումներից: Մենք պատրաստ ենք փորձագետներ հրավիրել, ովքեր կգան Հայաստան, այդ փորձով կկիսվեն, որպեսզի Հայաստանը չկրկնի այն սխալները, որոնք այլ երկրները թույլ են տվել: Ինչպես շեշտեցի՝ բարեփոխումների ձևաչափը որոշվում է անկախ, ինքնավար ՀՀ իշխանության կողմից»,- ասաց Սվիտալսկին:
Նա անդրադարձավ նաև վեթինգի գործընթացին, ընդդիմադիրների այն քննադատություններին, թե այսպիսով ՀՀ իշխանություններն ուզում են ստեղծել իրենց կամակատար դատական համակարգ:
«Բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության համաձայն: Վստահ եմ, որ դա չափազանց կարևոր բաղադրիչ է: Եվ բարեփոխումների ջանքերը պետք է լինեն ըստ միջազգային ստանդարտների, խոսքը, մասնավորապես, Եվրախորհրդի ստանդարտների մասին է: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է Եվրախորհրդում մեր մասնագետների հետ: Երբ ասում ենք՝ անկախ դատական իշխանություն, նկատի ունենք իրապես անկախ, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտություններից, իշխանության երեք ճյուղերից կատարյալ բաժանումը չափազանց կարևոր է մեզ համար: Ես որևէ պատճառ չունեմ այս պահին, հաշվի առնելով վերջին շաբաթների քննարկումները, անհանգստանալու, որ կա որևէ միտում՝ թուլացնելու դատական իշխանության անկախությունը ՀՀ-ում»,- հավելեց նա: