1959 թ. հունիսի 10-ին Մոսկվայում վայրէջք կատարեց Air France ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին 12 մոդել և հայտնի ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանը։ Նրանք Մոսկվա էին եկել՝ հսկայական միջոցառում անցկացնելու՝ ԽՍՀՄ տարածքում նորաձևության առաջին ցուցադրությունը։

Երիտասարդ Իվ Սեն Լորանն այդ ժամանակ 22 տարեկան էր։ Նա վերջերս էր դարձել Christian Dior նորաձևության տան գեղարվեստական ղեկավար և երազում էր զարմացնել հանրությանը։ Հենց այդ պատճառով էլ նա ցանկանում էր սոցիալիստական պետությունում պատմության մեջ առաջին ցուցադրությունն անցկացնել. այդպես նա կկարողանար նորաձևության մեջ իրական հեղափոխություն կատարել։

Որպեսզի մասշտաբային շոուն ամենաբարձր մակարդակի վրա լիներ, մոդելների հետ Մոսկվա էին ուղարկվել հագուստով և զարդերով լի 120 ճամպրուկ, ինչպես նաև 500 լ ֆրանսիական օծանելիքով. 12,5 լիտրը օգտագործվեց հենց մոդելների համար, իսկ մնացածը նվիրեցին խորհրդային քաղաքական գործիչներին։

Ցուցադրություններն անց էին կացվում Մշակույթի տանը։ Միջոցառման մուտքը բացառապես հրավիրատոմսով էր, որոնք տրամադրվում էին արտաքին առևտրի ներկայացուցիչներին, թեթև և տեքստիլ արդյունաբերության աշխատողներին։

Կազմակերպվել էր նաև փակ ցուցադրություն ֆրանսիական հյուպատոսությունում խորհրդային էլիտայի համար՝ բարձաստիճան կուսակցական պաշտոնյաների, նրանց կանանց ու հարազատների։

Հանդիսատեսին ներկայացվեց «Տրապեցիա» հավաքածուից մի քանի հագուստ, որոնց մի մասը ավանդական ռուսական սարաֆանների տեսք ուներ, այդ իսկ պատճառով էլ ռուսական անվանումներ էին ստացել՝ «Նադեժդա», «Տատյանա»։

Մեկ շաբաթվա ընթացքում մոդելներն ամեն օր 2-3 ցուցադրության էին մասնակցում։ Ողջ ընթացքում նրանք ներկայացրել են 120 կերպար։

Խորհրդային քաղաքացիներին ամենաշատը զարմացնում էր այն, որ մոդելները դուրս էին գալիս մայրաքաղաքի փողոցներ՝ զբոսանքի։ Նրանք զբոսնում էին ԳՈՒՄ-ում, Կարմիր հրապարակում և անգամ մոսկովյան շուկայում, որտեղ լուսանկարվում էին անցորդների հետ։

Զբոսանքի ընթացքում աղջիկներին ուղեկցում էր լուսանկարիչը, ով ֆիքսում էր խորհրդային քաղաքացիների հետաքրքիր արձագանքները օտարերկրացի մոդելներին տեսնելիս։ Հետաքրքրական է նաև այն, որ մոդելներին նախապես ասում էին, թե զբոսանքի ընթացքում ինչպես պահեն իրենց, որպեսզի զարմացնեն անցորդներին, ու գեղեցիկ լուսանկարներ ստացվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել