Բրազիլական Սան Պաուլու քաղաքում գտնվող սուպերմարկետներից մեկը վաճառքի է հանել լվացքի փոշու տուփեր, որոնցում կոկաին է հայտնաբերվել։

Հուլիսի 15-ի առավոտյան գնորդներից մեկը, լվացող միջոցի փոխարեն հայտնաբերելով սեղմված տուփով կոկաինի մածուկ, փորձել է ապրանքը վերադարձնել խանութ, սակայն սպառնալիքների է հանդիպել։ Գնորդներից մյուսը գտնվածն անմիջապես ոստիկանությանն է հանձնել։

Սուպերմարկետի ստուգման ընթացքում իրավապահները նկատել են, թե ինչպես է մի քանի մարդ բեռնաթափում նույն ապրանքից։ Վերջիններս փորձել են թաքնվել, սակայն ոստիկանները նրանց բռնել են և վաճառակետի սեփականատիրոջ հետ միասին ձերբակալել։

Ոստիկաններն առգրավել են լվացքի փոշու մի քանի տասնյակ տուփ, որոնցում թաքցված է եղել շուրջ 50 կգ կոկաինի մածուկ։ Ըստ նրանց գնահատականների՝ այդ զանգվածից հնարավոր է պատրաստել ավելի քան 200 կգ կոկաին։

Հետաքննիչները կարծում են, որ թմրանյութով տուփերը սխալմամբ են հայտնվել խանութի դարակներում, իսկ սուպերմարկետի սեփականատերը բիզնեսն օգտագործել է փողերի լվացման համար։

Սան Պաուլուի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նախկինում երբեք նմանատիպ դեպք չի գրանցվել։ Լվացքի փոշի արտադրող ընկերությունից հայտնել են, որ տեղի է ունեցել «ապրանքի տուփի օգտագործման ակնհայտ խախտում անհայտ նպատակով», և պատրաստակամություն են հայտնել ոստիկանության հետ համագործակցելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել