Այսօր հայ քաղաքական կյանքից մազութապուրծ եղած Արշակ Սադոյանը նոր հնարքներ է ավելացրել օֆշորային սադո-մազոյին՝ հայտարարելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից օֆշորում ներդրված գումարների մասին: Ըստ Սադոյանի՝ 1995 թ. ստեղծվում է «ԱրմենԹել» ընկերությունը, որի բաժնետոմսերի 49%-ը վաճառվում է օֆշորային գոտում գրանցված TVT ընկերությանը, իսկ 1998 թ.՝ հունական «Ote international» ընկերությանը, իսկ օֆշորային TVT-ն այդ գործարքից ստանում է 85 մլն դոլար: «Այդ գումարները յուրացրել են Գրիգոր Պողպատյանը, Սեպուհ Թաշճյանը եւ Գրիգոր Պողպատյանի համադասարանցի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- պատմում է Սադոյանը:
Դպրոցական կապվածության հուզիչ պատմություն է` անկախ նրանից, թե այդ տեղեկությունները արժանահավատ են, թե ոչ: Հրապարակ նետված քարոզչության մեջ ամենանողկալին ենթատեքստն է՝ Լևոնի վախտ եղել ա, ուրեմն մեզ էլ է կարելի: Դուք ամբողջ օրը քարկոծում եք Տեր-Պետրոսյանի ժամանակները, բայց հենց մի բացթողում ձեզ մատնանշում ենք, հոխորտում եք շաբլոն պատասխանով՝ Լևոնի ժամանակ էլ էր էդպես: Հիմի ժողովուրդը կրա՞կն է ընկել, որ նրանք էլ են սխալներ թույլ տվել: Փոխանակ ուղղեք ձեր նախորդի սխալները, ալիբի եք գտել ձեզ համար: Ցանկացած նման սկանդալից հետո պեղում եք հնամաշ գործիչներ, որոնք ձեր արարքները արդարացնում են նոստալգիկ հիշողություններով: Նույն հաջողությամբ հոգևորականները կարող են սկսել զբաղվել նմանատիպ գործարքներով՝ վկայակոչելով Նավասարդ արք. Կճոյանին: Է, հետո՞:
Հասարակությունը ուղղակի երջանիկ կլիներ, որ դուք ուղղեիք ձեր կողմից այդքան մատնանշվող ՀՀՇ-ական իշխանության գործած սխալները: Բայց տպավորություն է ստեղծվում, որ ձեզ պարզապես անհրաժեշտ են այդ սխալները: Նույն տրամաբանությամբ ձեզ հաջորդող իշխանությունները իրենց կզգան ինչպես ձուկը ջրում: Սխալները բազմաթիվ են, տեխնոլոգիաները՝ սքանչելի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/577705692274130?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել