Սոցիալական ցանցերում, մամուլում կամ մեր առօրյայում հաճախ ենք խոսում այս կամ այն առաջնորդի պատմական դերի մասին, առանձնացնում հերոսների ու հակադրում հակահերոսներին: Երբեմն էլ դա արվում է տեղի ունեցող իրադարձությունների թարմ հետքերով, դրանց տպավորության ազդեցությամբ: Նման գնահատումներն ու ընդհանրացումներն ամեն ինչ են՝ բացի լրջմիտ լինելուց: Ահա թե ինչու:
Ընդհանրապես, առաջնորդների դերը պատմության մեջ անաչառորեն գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է ժամանակի բավարար հեռավորություն: Միայն ժամանակային բավարար խզվածքն է, որ հնարավորություն է տալիս անաչառորեն գնահատելու պատմության այս կամ այն էպոխան, այդ էպոխայում կառավարած այս կամ այն առաջնորդին: Օրինակ՝ գիտական լուրջ ավանդույթներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ համալսարաններում անթույլատրելի է համարվում գիտական հետազոտության առարկա դարձնել մի պատմափուլ, որից գոնե դեռ 30-50 տարի ժամանակ չի անցել: Ինչո՞ւ: Որովհետև գոնե այդքան ժամանակ անհրաժեշտ է շատ երկրներում արխիվացված փաստաթղթերի հանրայնացման` բացվելու համար: Դա վերաբերում է առաջին հերթին երկրի ղեկավարների արխիվներին: Իսկ առանց աղբյուրների պատշաճ համադրման որևէ եզրակացություն չի կարող լինել ամբողջական/անաչառ: Այս առումով դեռ երեկվա կամ այսօրվա դեպքերն ու դեմքերը գիտական հետազոտության ու վերլուծության առարկա կարող են դառնալ գիտական այլ դիսցիպլինաների կողմից` քաղաքագիտություն, սոցիոլոգիա և այլն, բայց ոչ երբեք` պատմագիտության:
Բացի այդ՝ ժամանակակից ժողովրդավարություններում գոնե այդքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընթացիկ քաղաքականությունը կտրվի դրան նախորդած քաղաքական ցիկլից, ինչը հնարավորություն է տալիս այդ էպոխայի, այդ էպոխան մարմնավորող առաջնորդներին տրվող գնահատականներն առավելագույնս դուրս դնելու ընթացիկ քաղաքական նպատակահարմարության ազդեցությունից:
Այս տեսանկյունից, երբ ժամանակ առ ժամանակ հանրային/քաղաքական քննարկումների ու բանավեճերի առարկա է դառնում հայոց պատմության դպրոցական դասագրքերի բովանդակությունը, կարծում եմ, հիմնական պատճառը պետք է փնտրել հենց այստեղ` վերևում շարադրված սկզբունքներից շեղման տիրույթում: Մեր դասագրքերում պատմության շարադրանքն այսօր բերված է մինչև համարյա մեր օրերը, ինչը սխալ է: Վստահ եմ՝ հայոց պատմության դասագրքերում դեպքերի շարադրանքը պետք է հասցնել միայն մինչև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը` 1991 թ. (շատ համառոտակի Արցախյան ազատամարտը` 1991-1994թթ., ներառելու գաղափարը ևս դիտարկելի է):
Իսկ ընդհանրապես, որևէ առաջնորդի պատմական դերակատարության գնահատականների հիմքում պետք է նախևառաջ դնել տվյալ առաջնորդի` պատմության (ժամանակի/անցյալի/ապագայի) ընկալման չափումները: Էդ առումով, իմ կարծիքով, երեք չափում կարող ենք առանձնացնել, հետևաբար, և առաջնորդների երեք տիպ:
Առաջինը, պատկերավոր ասած, պատմության կարճ կամ «լրագրողական ընկալումն» է. դա այն է, երբ առաջնորդը իր պատմական առաքելությունը տեսնում է իրեն տեսանելի կարճ, հատվածական ժամանակային սահմաններում: Ժամանակի ու պատմության «լրագրողական» ընկալումը առաջնորդներին «ստիպում» է սեփական առաքելությունը տեսնել ժամանակային այնպիսի միջակայքում, որքան, պատկերավոր ասած, կյանք ունի «լրագրողական նյութը»: Պատմության վերջնահաշվարկում նման առաջնորդները տիպաբանորեն, գրեթե առանց բացառության գնահատվում են իբրև ձախողված: Նման օրինակներով հարուստ է և մեր և համաշխարհային պատմությունը: Անուններ չեմ նշում միտումնավոր:
Առաջնորդների կողմից պատմության ընկալման երկրորդ չափումը կարող ենք պատկերավոր կոչել «տնտեսական»: Դա այն է, երբ պատմությունը/ժամանակը առաջնորդների կողմից ընկալվում են հանրային կացութաձևի կամ տնտեսական որոշակի ցիկլի համատեքստում, ինչը, համաշխարհային փորձից ելնելով, 50-100 տարվա տեսլական է ենթադրում: Պատմության ու ժամանակի, առաքելության նման ընկալում ունեցող առաջնորդները սովորաբար պատմության վերջնահաշվարկում գնահատվում են իբրև բարեփոխիչներ` ներկայացվելով դրական լույսի ներքո: Առաջնորդների այս տիպը մեր ու համաշխարհային պատմության ամենահաճախ հանդիպող տեսակն է: Կրկին անուններ չեմ նշում միտումնավոր:
Ու վերջապես, առաջնորդների կողմից պատմության ու ժամանակի երրորդ ընկալումը քաղաքակրթական ընկալումն է, երբ առաջնորդներն իրենց առաքելությունը և իրենց կողմից վարվող քաղաքականությունն ու նախաձեռնությունները «տեսնում» են ժամանակային շատ ավելի երկար հորիզոնում, որտեղ հարյուրամյակներ ու հազարամյակներ են պահանջվում քաղաքակրթությունների ծննդի, զարգացման, տրանսֆորմացիայի կամ անկման համար: Համաշխարհային պատմության փորձից ելնելով՝ նման առաջնորդները ժամանակաստեղծ են, նրանք են, որ բեկում են պատմության ընթացքը և այլն: Մեր իսկ պատմության նմանատիպ առաջնորդներից էին, օրինակ, Արտաշես Ա-ն, Վռամշապուհը և այլք:
Երբ խոսում ենք այս կամ այն առաջնորդի «պատմական առաքելության», «պատմական դերի» և նման վեհ բաների մասին, հիշենք, որ էդ պատմությունն էլ գիտություն է, գիտություն է ժամանակի ու հայրենիքի մասին` իր գիտական մեթոդներով, իր գիտական ապարատով, և հեչ պարտադիր չէ ժամանակի ամեն մի «անցորդի» երկու բաժակի կամ մարիխուանայի ազդեցությամբ պատմական առաքելություն ու դերակատարություն վերագրել... Դա թեթևամտություն է։ Մի՛ մտեք պատմության տաճարը: Պատմությունն էլ լեզվի նման սուրբ բան է: Չապականենք այդ տաճարները․ ամենաբարդ պահերին հենց այդ տաճարներն են մեզ էլի միավորելու: