Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` անգլիական «Լիվերպուլ» տրանսֆերի շուրջ թեժ կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում, քանի դեռ ոչ ոք հստակություն չի մտցնում այս ֆուտբոլային խառը իրավիճակի մեջ:
Վերջին նորությունների համաձայն` Մխիթարյանին «Լիվերպուլից» զատ ցանկանում է ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսիան»: Bild.de կայքի համաձայն (http://www.bild.de/sport/fussball/henrikh-mkhitaryan/dortmund-jagt-donezk-star-30990682.bild.html)՝ 24-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար Գերմանիայի փոխչեմպիոնը պատրաստ է վճարելու 25 միլիոն եվրո (մոտ 32,5 միլիոն դոլար), և ակումբի ղեկավարները արդեն սկսել են այդ ուղղությամբ բանակցությունները: Bild.de-ն նաև ընդգծել է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:
Միաժամանակ «Լիվերպուլի» պաշտոնական կայքէջը (liverpoolfc.com), espn.co.uk մարզական կայքին հղում կատարելով, գրում է, որ անգլիական ակումբը լավատեսորեն է տրամադրված Մխիթարյանի տրանսֆերի նկատմամբ և կարող է առաջիկայում իրականացնել այն: Հայտնի է նաև, որ տաղանդավոր հայ ֆուտբոլիստը հունիսի 23-ին չի մասնակցել «Շախտյորի» ուսումնամարզական հավաքին, թեև ինչպես հայտարարել է թիմի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը, պարտավոր էր դա անել:
«Թե ի՛նչ պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի միացել թիմին՝ մենք չգիտենք: Եթե Մխիթարյանն առաջիկայում չհայտնվի թիմում, ստիպված կլինենք տուգանել նրան: Նա ոչ մի կոնտակտ «Լիվերպուլի» հետ չունի: Վստահ եմ, որ «Լիվերպուլի» հետ Մխիթարյանի բանակցությունների մասին լուրերը ընդամենը խոսակցություններ են»,- ասել էր Պալկինը sportdaily.ru կայքին:
Արդեն մի քանի շաբաթ շարունակ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տրանսֆերի վերաբերյալ լուրերը մե՛կ հաստատվում են, մե՛կ հերքվում: Ըստ մարզական կայքերի հաղորդագրությունների` «Լիվերպուլը» պատրաստ է հարձակողական ոճի կիսապաշտպանի համար 20-23 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 31-35,5 միլիոն դոլար) վճարել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի հիմնական խոչընդոտն այն է, որ Մխիթարյանի նկատմամբ իրավունքներ ունի հայաստանյան «Փյունիկ» ակումբը, որի սեփականատերը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է, ինչպես նաև Մխիթարյանի ներկայիս ակումբը` «Շախտյորը», որոնք չեն ցանկանում իրենց իրավունքները զիջել «Լիվերպուլին»: Հայաստանում շատերը սկսեցին մեղադրել Հայրապետյանին` Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան փչացնելու համար` համարելով, որ վերջինս ցանկանում է շարունակել փող աշխատել Մխիթարյանի միջոցով` նաև անգլիական ակումբի կազմում:
Տրանսֆերի շուրջ հակասական տեղեկությունները գրեթե խելագարության են հասցնում Մխիթարյանի երկրպագուներին, որոնք երկուշաբթի նույնիսկ պատրաստվում էին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի առջև: Սակայն կիրակի Մխիթարյանի հայտարարությունից հետո, որով նա հորդորում էր իր տրանսֆերի մասին չստուգված լուրեր չտարածել, ակցիան չկայացավ: Ակցիայի կազմակերպիչները ցանկանում էին պահանջել «ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած» Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Մինչդեռ Մխիթարյանը իր հայտարարության մեջ գովասանքի խոսքեր էր հնչեցրել Հայրապետյանի հասցեին: «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է, որ ես հանդես գամ բարձրագույն ակումբներում, խաղամ լավ ֆուտբոլ և օգուտ տամ Հայաստանին ու իմ ժողովրդին, և հիմա էլ Ռուբեն Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ես հանդես գամ եվրոպական ավելի լավ ակումբում: Ես միշտ և այսօր էլ շատ լավ հարաբերություններ ունեմ Ռուբեն Հայրապետյանի հետ, և ՀՖՖ նախագահը ոչ մի կապ չունի տարբեր լուրերում նշվող տեղեկությունների հետ»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր տաղանդավոր հայ ֆուտբոլիստը: Մխիթարյանն այս գրառումից հետո մինչ այս պահը իր էջում նոր հայտարարությամբ հանդես չի եկել:
Մխիթարյանի տրանսֆերը եվրոպական հայտնի ակումբ լուրջ իրադարձություն է հայաստանյան ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ մինչ այս հայ ֆուտբոլիստները նման հայտնի ակումբներում չեն խաղացել, բացառությամբ Էդգար Մանուչարյանի, ով մի քանի տարի հանդես եկավ հոլանդական «Այաքսի» կազմում: Սակայն պետք է նշել, որ «Լիվերպուլը» առավել տիտղոսակիր և հայտնի ակումբ է, քան «Այաքսը»:
Ֆուտբոլային մեկնաբան Արամ Մելիքբեկյանը, ձեռնպահ մնալով Մխիթարյանի տրանսֆերի բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց, «ԱրմենիաՆաուին» ասում է, որ ստեղծված իրավիճակը բնականոն է համարվում ֆուտբոլային աշխարհում:
«Շատ են դեպքերը, երբ բանակցությունները բավական երկար են տևում, ասենք, մեկուկես տարի տևեց, մինչև [բրազիլացի ֆուտբոլիստ] Նեյմարը տեղափոխվեց «Բարսելոնա»: Սա նորմալ պրակտիկա է, Մխիթարյանի տրանսֆերի բանակցությունները դեռ ամենաերկարը չեն»,- ասում է Մելիքբեկյանը:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԵՎՈՐԳՅԱՆ



