Շուրջ 10 տարի ինֆորմացիայի բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ են բանակցում համանախագահների կամ Ադրբեջանի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: ճիշտ է, տարիներ շարունակ զրոյական կետում էին բանակցությունները` «սառեցված», բայց համենայն դեպս գոնե հանգիստ էինք, որ ոչ մի փաստաթուղթ չկար ստորագրված: Մեր անհանգստությունները սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց «Մադրիդյան սկզբունքներ»-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի, գաղտնի ողջ ազգի համար ու մնաց հանելուկ, առեղծվածային. ու՞մ մտքի ծայրով կանցներ անգամ, որ գործ ունենք դիվանագիտական խարդավանքների ու աճպարարության հետ: Գաղտնիությունն ու անորոշությունը համակել էր մեզ. չէինք իմանում` ի՞նչ են տալիս, ի՞նչ են առնում… Շա՜տ ուշացումով իմացանք, որ առնելու ոչի´նչ չունենք, ու փոխարենը մատաղացու ոչխարի նման մեր տղաների արյունով վերցրած հողերն են աճուրդի հանված, բախշելու են Ադրբեջանին: Ազգովի վստահում էինք արտգործնախարարի արդարացումներին. կարողանում էր քաղաքական դիվիդենտներ շահել իր ելույթներով, հավատ ներշնչել, թեև բոլոր դեպքերում այդ գաղտնիությունը շատ տարօրինակ էր, սիրտ մաշող: Դա էլ շնորհքի հարց է. կարողանալ հռետորական ճարտար լեզվով այնպես համոզել մի ամբողջ ազգի քո անսխալական լինելը քաղաքական- դիվանագիտական դաշտում, որ ազգը նշույլ անգամ չկասկածի, որ իրոք գործ ունի պրոֆեսիոնալիզմի դասեր սերտած դիվանագետի հետ: Բայց երբ վերջապես հնարավոր եղավ կոտրել ու բացել չարաբաստիկ գաղտնիության սնդուկի յոթ կողպեքներն, ու հանրությանը հասանելի դարձան Մադրիդում ստորագրված և «Մադրիդյան սկզբունքներ» անվանումն ստացած փաստաթղթի հայատյաց ձևակերպումները, այդ միֆը հօդս ցնդեց, փուչիկի նման պայթեց, ու ողջ ազգը կանգնեց փաստի առաջ: Պարզվեց, որ նախագահն ու արտգործնախարարը բանակցություններից մեզ ժառանգություն են թողել «Մադրիդյան սկզբունքները». մի փաստաթուղթ, որի հիմնարար կետերից յուրաքանչյուրը բխում է Ադրբեջանի օգտից: Ղարաբաղի ճակատագիրը իրականում հայտնվեց ծուղակում: Բարձագույն դիվանագիտական աստիճանի որակավորում ունեցող արտգործնախարար Վարդան Օսկանյանը ինչպե՞ս կարող էր ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է` գրավյալ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, միջազգային զորքերի տեղակայում… Երբ ադրբեջանական կողմը «Մադրիդյան սկզբունքներում» հաջողեց ամրագրել իր փախստականների վերադարձը բնօրրաններ, այսինքն` բուն Ղարաբաղի տարածք, զարմանալի էր արտգործնախարար Օսկանյանի հանցավոր անտարբերությունը Սումգայիթից, Բաքվից, Գետաշենից, Կիրովաբադից Շահումյանից … գաղթած մեր հայ փախստականների ճակատագրի ու նրանց իրավունքների վերաբերյալ, որոնք «Մադրիդյան սկզբունքներում» այդպես էլ տեղ չգտան, էլ չեմ ասում որպես հակակշիռ պահանջվեր դեռ սովետական տարիներին հայաթափած նախիջևանահայերի վերադարձն իրենց բնօրրանը` Նախիջևան: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ մենք փախստականներ չենք էլ ունեցել ընդհանրապես: Ամենակարևոր բացթողումը. եթե դրված էր Ադրբեջանին վերադարձնել մեր գրաված 7 շրջանները, բա մեր օկուպացված տարածքների` Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների… փոխանակման հարցը ինչու՞ չկա այս «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածում: Կարելի է կարծել, թե մեր արտգործնախարարը սրճարանում սրճելիս է եղել, երբ այս չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթուղթը կյանքի է կոչվել, և այսօր ողջ ազգին պարտադրվում է պատանդ դառնալ այդ հայատյաց ձևակերպումներին: Երբ խոսք գնաց Նախիջևանի մասին, չեմ կարող մոռանալ ու չանդրադառնալ Վարդան Օսկանյանի դաժան ու հանցավոր անտարբերությանը, երբ 2004-ին Ադրբեջանը սկսեց Հին Ջուղայի Խաչքարերի հիմնահատակ ջարդը. այնքան հազվադեպ ու թույլ, դեպքից դեպք էր նրա կողմից հնչեցվում այս աննախադեպ մշակութային եղեռնի մասին, որ ո´չ միջազգային կառույցները, ո´չ էլ ՅՈՒՆԵՍԿՈ կոչվածը լուրջ չէին ընդունում, կարևորություն չէին տալիս: Մեր ղեկավարները դարձան այդ չարագործության մեղսակիցները` իրենց անտարբերությամբ է´լ ավելի ոգևորելով մշակութային ջարդարարներին: Այս քաղաքակիրթ դարում, երբ տեղեկատվական ինֆորմացիան սփռվում է րոպեների ընթացքում, երբ հասարակ քաղաքացին է իր սեփական գույքի, իր իրավունքների պաշտպանության համար կարողանում դիմել ՀԱԱԳԱՅԻ դատարան և արդարության հասնել, մեր արտգործնախարարը չգիտե՞ր, թե ինչպես, ինչ ճանապարհով կարելի էր ի սկզբանե կանխել մշակութային այդ վանդալիզմը, ու գոնե հնարավոր կլիներ փրկել, դեմն առնել հիմնահատակ ոչնչացման, թե՞ մեր նախարարի առաջ փա՞կ էին Արդարադատության միջազգային դատարան` Հաագա տանող ճանապարհները, որպեսզի և´ Ադրբեջանի, և´ ՅՈՒՆԵՍԿՈ կոչված կառույցի դեմ դատական հայց ներկայացվեր. մի բան, որ պետք է արվեր պետական մակարդակով և պահանջվեր Ադրբեջանից բռնագանձել ոչնչացված հուշարձանների արժեքը: Հին Ջուղայի հազարամյա խաչքարերի ջարդը Վարդան Օսկանյանի դաժան անտարբերության խղճին է, ու նրա ճակատին է դաջվելու այդ խարանը… Նույն անտարբեր վերաբերմունքին արժանացավ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Զավեշտական է. այս սահմռկեցուցիչ իրողությունը նախարարը հարկ չհամարեց միջազգային կառույցներին ներկայացնել, ինչպես հարկն է` ազգային հողի վրա, երբ նման առիթը Ադրբեջանը երբե´ք ձեռից բաց չէր թողնի. այնպիսի՜ վայնասուն կբարձրացներ և չէր դադարի պատեհ-անպատեհ առիթներով բարձր բեմերից հնչեցնել ու դատապարտել: Լավ հռետոր լինելը կամ հանպատրաստից ճառ թխելը բնավ էլ կապ չունեն դիվանագետի բարձր որակ ապահովելուն կամ հայրենասիրության հետ. դրանք իրարից տարբեր կատեգորիաներ են: Օսկանյանը ճարպկորեն ձգեց տարիները. ինչպես ասում են` առանց մեր դարդին դարման անելու. դա էլ իր հմտությունն ունի, որ կարողացավ համոզել, որ գործ է անում, բայց ունենք այն, ինչ ունենք. նրանից մնաց հիշատակ «Մադրիդյան սկզբունքները»: Քանի որ Քոչարյանն ինձ մոտ ի սկզբանե որպես համարձակ ու հայրենասեր անհատի տպավորություն է թողել, ուստի մի հարց մինչև օրս գաղտնիք մնաց և անվերջ տանջում է ինձ. չեմ հասկանում, Վարդան Օսկանյանը «Մադրիդյան սկզբունքները» գաղտնիք էր պահում ողջ ազգից, որ ի ցույց չդներ իր անզորությունը, դիվանագիտական պարտությունը, բայց ինձ հետաքրքրում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքն ու հանդուրժողականությունը այս հայատյաց ձևակերպումներին: Մի՞թե Օսկանյանը իրականությունը Քոչարյանից էլ է գաղտնիք պահել (որը շատ կասկածում եմ) … Թե՞ և՛ նախագահը, և՛ ԱԳ նախարարը, թաքնվելով գաղտնիության քողի տակ, գիտակցելով բանակցություններից ժառանգություն թողած «Մադրիդյան սկզբունքներ» փաստաթղթի հիմնարար սկզբունքների հայատյաց ձևակերպումները, անհամբեր սպասում էին իրենց լիազորությունները դարադեցնելու երջանիկ պահին: Եվ այսպես, երկրորդ նախագահին ու արտգործնախարարին բարով-խերով անփորձանք, առանց պարտք ու պահանջի ճանապարհեցինք հանգստի` մեր արտաքին քաղաքականության ասպարեզում ոչ մի քայլ առաջ, այլ ընդհակառակը` երկու քայլ հետ արձանագրելով: Փաստորեն, ստատուս քվոյի պահպանումը շատ թանկ նստեց մեզ վրա. մենք ժառանգեցինք խայտառակ մի փաստաթուղթ` ծուղակ, որն այսօր պարտադրվում է կյանքի կոչել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/551814364857943?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել