Ուսանողական տարիներին Ալբերտ Էյնշտեյնն այնքան ուժգին էր սիրահարվել իր համակուրսեցի Միլևա Մարիչին, որ պատրաստ էր ամուսնանալ նրա հետ՝ հակառակ ծնողների կամքի։ Սակայն ընտանեկան կյանքն ամենևին այնպիսին չէր, ինչպիսին զույգը պատկերացնում էր։ Մեծ գիտնականը չէր կարողանում իր հարազատներին երջանկացնել, իսկ Միլևա Մարիչը հասցրեց միանգամից ափսոսալ, որ ուշադրություն է դարձրել իր համակուրսեցու վրա։

Արտասովոր զույգ

Միլևա Մարիչը մանկուց մեծ ունակություններ էր ցուցաբերում գիտության ոլորտում։ Նր հայրը՝ Միլոշ Մարիչը, 1891 թ. դստեր համար հատուկ թույլտվություն ստացավ, համաձայն որի՝ աղջիկը իրավունք էր ստանում Զագրեբի թագավորական գիմնազիայում ուսանելու, որտեղ այն ժամանակ սովորում էին միայն տղաները։

Միլևա Մարիչը ուսումը շարունակեց Ցյուրիխի կանանց գիմնազիայում, ինչի համար էլ Շվեյցարիա էր տեղափոխվել։ Վկայական ստանալուց հետո նա ընդունվեց Ցյուրիխի համալսարան, որտեղ հոգեբանություն սովորեց։ Սակայն կիսամյակի ընթացքում նա հասկացավ, որ բժշկի աշխատանքը նրան չի գրավում, և տեղափոխվեց Ցյուրիխի պոլիտեխնիկում։ Նա միակ ուսանողուհին էր ֆիզիկա-մաթեմատիկայի ֆակուլտետում։

Միլևան շատ համեստ էր ու զուսպ, ինքնուրույն էր իր համար հագուստ կարում և ճաշ պատրաստում։ Նա այնքան հաճելի ու բարի էր, որ նրա թեթև կաղությունը ոչ ոք չէր էլ նկատում։ Թե ինչու նա ուշադրություն դարձրեց իրենից 4 տարի փոքր Ալբերտի վրա, ոչ ոքի հայտնի չէ։

Այդ տարիներին արդեն երիտասարդ հանճարը գիտեր իր գինը։ Նա չէր էլ կասկածում իր հանճարեղության վրա և իսկապես հավատում էր իր պայծառ ապագային։

1897 թ. աշնանը Միլևան որոշեց ֆիզիկա և մաթեմատիկա սովորել Հեյդելբերգի համալսարանում, իսկ Ցյուրիխ վերադառնալուց հետո ակտիվորեն պարապում էր, որպեսզի լրացնի բաց թողածը։ Հենց այդ ժամանակ էլ աղջիկը սկսեց դասերը պատրաստել Էյնշտեյնի ներկայությամբ։

Ինտելեկտուալ համագործակցությունն աստիճանաբար փոխակերպվեց սիրավեպի։ Միլևայի վրա Էյնշտեյնը շատ լավ ազդեցություն էր գործում։ 1900 թ. ավարտական քննություններն աղջիկն այլևս չկարողացավ հանձնել, չնայած որ մինչ այդ միջանկյալ բոլոր քննություններում հաջողություններ էր գրանցել։

Մեծ սեր

Այդ տարիներին Ալբերտ Էյնշտեյնը սիրելիին քնքուշ նամակներ էր գրում, նրան նուրբ կեղծանուններ տալիս։ Նա նաև հայտնեց ծնողներին Միլևայի հետ ամուսնանալու մտադրության մասին։ Էյնշտեյնի մայրն ընդդիմացավ նրանց ամուսնության գաղափարին և չկաշկանդվելով աղջկան անվանեց «կաղ ու տգեղ սերբուհի»։

Միլևա Մարիչը 1901 թ. սրտի տակ արդեն իր և Էյնշտեյնի երեխային էր կրում։ Հղիության երրորդ ամսվա ընթացքում նա կրկին տապալեց քննությունները և խաչ քաշեց իր կարիերայի վրա։ Ցավոք, առաջին երեխան ևս նրան ուրախություն չբերեց։ Լույս աշխարհ գալով՝ նրանց դուստրը՝ Լիզերլը, շատ կարճ ապրեց և  մահացավ կարմիր տենդից։ 1903 թ. Ալբերտն ամուսնացավ Միլևա Մարիչի հետ՝ հակառակ ծնողների կամքի։ Արդեն մեկ տարի անց լույս աշխարհ եկավ զույգի որդին՝ Հանսը, իսկ ևս վեց ամիս անց՝ Էդուարդը։

Այս ողջ ընթացքում ամուսինները երջանիկ էին։ Ալբերտ Էյնշտեյնը շատ էր աշխատում ընտանիքին կերակրելու համար։ Միլևան տան գործերով էր զբաղվում, դաստիարակում էր երեխաներին։ Կա կարծիք, որ հենց Միլևա Մարիչն է հարաբերականության տեսության իրական հեղինակը, ինչպես նաև Էյնշտեյնի առաջին գիտական աշխատությունների։ Անվիճելի է, սակայն, կնոջ օգնությունն ամուսնուն գիտական հետազոտություններ կատարելիս, ինչպես նաև հնարավոր ֆինանսավորումը։

Հիասթափություն

Ընտանիքում խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ Էյնշտեյնը ակտիվ նամակագրություն սկսեց վարել իր հեռու քրոջ՝ Էլզա Լևենտալի հետ։ Ընտանիքի՝ Բեռլին տեղափոխվելուց հետո ամուսինների հարաբերությունները ոչ թե պարզապես վատացան, այլ գրեթե թշնամանքի վերածվեցին։

Էյնշտեյնը Մարիչից պահանջում էր իր կողմից սահմանված «ընտանեկան կանոնների» խիստ պահպանում։ Իսկ այդ կանոնները չափազանց դաժան էին։ Ֆիզիկոսի կինը պետք է հետևեր ամուսնու զգեստապահարանին և այն կարգի բերեր, հետևեր նրա սննդակարգին ու կերակուր մատուցեր։

Միաժամանակ Էյնշտեյնը ոչ մի անձնական կապ չէր պահպանում կնոջ հետ, միայն ժամանակ առ ժամանակ նրա հետ դուրս էր գալիս, որպեսզի ընտանեկան լավ հարաբերությունների պատրանք ստեղծի հասարակության շրջանում։ Նա նաև պահանջում էր, որ կինն անմիջապես չքվեր իր տեսադաշտից, երբ նա ցանկանար։

Բնականաբար, Միլևա Մարիչը երկար չէր կարող այսպես ապրել։ 1914 թ. նա որդիների հետ մեկնեց Ցյուրիխ, իսկ ամուսնալուծվեց միայն հինգ տարի անց։

Հարկ է նշել, որ պահպանվել են միայն Էյնշտեյնի նամակները Մարիչին, իսկ ահա կնոջ նամակները ամուսնուն՝ ոչ։ Գրություններից մեկում Ալբերտը կնոջն ասում է, որ նա իրենից խլել է կյանքի ողջ ուրախությունն ու երջանկությունը, այդ թվում՝ որդիների հետ շփման հնարավորությունը։

Ողբերգական ավարտ

Ցյուիխ տեղափոխվելուց հետո Միլևան երեխաների հետ ապրում էր շատ համեստ կյանքով։ Գումարը, որն ուղարկում էր նախկին ամուսինը, չէր հերիքում։ Կինը ստիպված էր լինում մասնավոր դասեր տալ որդիներին կերակրելու համար։ Երբ նա Էյնշտեյնից օգնություն է խնդրել, վերջինս պատասխանել է, որ ինքն էլ լավ վիճակում չի գտնվում, այդ իսկ պատճառով ավել գումար ուղարկել չի կարող։

Պաշտոնական ամուսնալուծության ժամանակ նախկին ամուսինները համաձայնություն կնքեցին, համաձայն որի՝ որդիներ Հանսն ու Էդուարդը պետք է գումար ստանային հոր՝ սպասելի Նոբելյան մրցանակից։ Ալբերտ Էյնշտեյնը դափնեկիր դարձավ 1921-ին և իսկապես ստացած գումարի մի մասն ուղարկեց առաջին ընտանիքին։

Հենց այդ գումարով էլ կինը Ցյուրիխում երեք տուն գնեց։ Մեկում ապրում էր ինքը՝ որդիների հետ, իսկ մյուս երկուսը վարձակալության էին հանձնված։ Սակայն 1930 թ. վերջում Էյնշտեյնի կրտսեր որդին շիզոֆրենիա ձեռք բերեց և հայտնվեց Ցյուրիխի հոգեբուժարաններից մեկում։ Էդուարդի բուժման համար վաճառեցին երկու տները։

1948 թ.՝ որդու հերթական նոպայից հետո, հոգեբուժարանում հայտնվեց նաև Միլևա Մարիչը։ Նա անդադար զանգի ձայն էր լսում և կրկնում էր «ոչ» բառը։ Կինը մահացավ 1948 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել