1888 թ. սեպտեմբերի 19-ին բելգիական Սպա քաղաքում պատմության մեջ առաջին անգամ կայացավ գեղեցկության միջազգային մրցույթ։ Ամենագեղեցիկ աղջկա կոչմանը արժանալալու համար պայքարում էր 350 մասնակից, որոնցից 21-ը դուրս եկավ եզրափակիչ։ Ե՛վ գեղեցկության մասին պատկերացումները, և՛ ընտրության սկզբունքները, և՛ մրցույթի անցկացման կանոնները XIX դարում էականորեն տարբերվում էին ժամանակակից ստանդարտներից։

1888 թ. ամռանը թերթերում հայտարարությւոն հայտնվեց գեղեցկության մրցույթի մասին, որը պետք է կայանար սեպտեմբերին Բելգիայում։ Բոլոր ցանկացողները պետք է փոստով ուղարկեին իրենց լուսանկարն ու կարճ ինքնաբնութագիր։ Թերթի խմբագրություն ուղարկվեց 350 ծրար՝ Ավստրիայից, Ամերիկայից, Ալժիրից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Թունիսից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից։ Նրանցից ժյուրին ընտրեց 21 աղջկա, որոնք պետք է մասնակցությունը շարունակեին արդեն Սպա քաղաքում։ Մասնակիցներին չէր թույլատրվում հանրության առջև դուրս գալ. նրանց տեղավորել էին հյուրանոցի առանձին հարկում, որտեղից ելք ունեին միայն դեպի հյուրանոցի խաղատուն, որտեղ էլ պետք է անցկացվեր մրցույթը։ Մինչև մրցանակների բաշխումը ոչ ոք իրավունք չուներ մասնակիցներին տեսնելու։ Աղջիկների ուղևորափոխադրումների և ապրուստի ծախսերը խաղատունն ամբողջովին իր վրա էր վերցրել։

Մրցույթի կազմակերպիչը Էրվե դյու-Լորենն էր։ Խաղատունը մրցույթի հաղթողների համար որպես մրցանակ նախատեսել էր 10,000 ֆրանկ։ Ժյուրիի կազմում ընդգրկված էր ութ տղամարդ, որոնց թվում՝ նկարիչներ, քանդակագործներ և արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Մրցույթն անցկացվեց 12 օր շարունակ։ Ամեն օր մասնակիցները հանդես էին գալիս խաղատանը, ժյուրիի անդամների առջև։ Բոլորը կրում էին երկար զգեստներ։

12-րդ օրը հայտնեցին մրցույթի հաղթողի անունը։ Մոլորակի ամենագեղեցիկ աղջկա կոչմանն արժանացավ 18-ամյա Մարթա Սուկարեն՝ Գվադելուպայից, ում շնորհվեց 5,000 ֆրանկ։ Երկրորդ հորիզոնականին ու 2,000 ֆրանկի արժանացավ ֆլամանդուհի Անժելա Դելրոզեն։ Երրորդ հորիզոնականում վիեննացի Մարի Սթիվենսն էր, ում մրցանակը կազմում էր 1,000 ֆրանկ։ Մրցույթից հետո խաղատան աշխատակազմը մեծ խնջույք էր կազմակերպել մասնակիցների, ժյուրիի անդամների, տեղի իշխանությունների և մամուլի ներկայացուցիչների համար։

Անգամ պատմության առաջին գեղեցկության մրցույթն առանց սկանդալների չի անցել։ Մասնակիցներից մեկը այնպես էր բոլորին ապշեցրել իր գեղեցկությամբ, որ ժյուրին միաձայն որոշեց, որ նա մրցույթից դուրս է։ Այդ աղջիկը Ֆաթիման էր՝ Ալժիրից։ Հնարամիտ գործարարը հավելյալ գումար էր պահանջում այն մարդկանցից, որոնք ցանկանում էին տեսնել այդ աղջկան։ Իսկ երբ ժյուրին հայտարարեց հաղթողի անունը, մասնակիցներից մեկը, բարկանալով արդյունքներից, մոտեցավ գեղեցկուհուն և թքեց նրա երեսին։

Գեղեցկության մրցույթի հաղթողները ոչ միայն գումարային մրցանակներ ստացան, այլև համաշխարհային հայտնիություն. Մարթա Սուկարեն արդյունքների հրապարակումից հետո երեք օր շարունակ ավելի քան 100 սիրո խոստովանություն և առաջարկություն ստացավ։ Սակայն նա մերժում էր բոլորին՝ հայտնելով, որ ցանկանում է դերասանական կարիերա սկսել։ Ցավոք, նրա հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան։

Բելգիական գեղեցկության մրցույթի անհավանական հաջողությունը բերեց նրան, որ XX դարում նման միջոցառումներ սկսեցին անցկացվել նաև այլ երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել