11-ամյա Աֆշին Քումբարը ստիպված է ապրել հիվանդությամբ, որի պատճառով նրա գլուխը մշտապես թեքված է 90 աստիճանով:
The Daily Mail-ը հայտնում է, որ 8 ամսականում աղջիկը վնասվածք է ստացել, որից հետո, նախնական ախտորոշման համաձայն, նրա մոտ ծուռվզություն է զարգացել: Դրա պատճառով Աֆշինը մշտապես ցավեր ունի, նա դժվարանում է ուտել, զուգարանից օգտվել և անգամ քայլել: Դրանից բացի՝ նա չի կարողանում դպրոց հաճախել:
Բժիշկները նրա վիճակով մտահոգված են, եւ չեն կարողանում հստակ պատասխանել այն հարցին, թե որն է վզի ծռվելու պատճառը: Աղջկա ընտանիքը չափազանց աղքատ է. անցյալ տարի քաղցկեղի հետեւանքով հոր մահից հետո երեխաներին պահում է միայն մայրը՝ տնային աշխատանքով տարեկան վաստակելով մոտ 60 ֆունտ սթեռլինգ: Դրա պատճառով նրանք չեն կարող կատարել վիրահատության ծախսերը, որը Աֆշինի վիճակը կմեղմեր:
Մինչդեռ բուժման բացակայությունը կարող է առաջացնել վզի մկանների խնդիրներ և նյարդերի ծայրամասերի վրա ճնշում: Անգամ բժշկի խորհրդատվությունները ընտանիքին հեշտ չեն տրվում, քանի որ ծռված վզի պատճառով աղջիկը չի կարող երթևեկել հանրային տրանսպորտով: Տեղացի բժիշկները խոստովանում են, որ անկարող են Աֆշինին բուժել:
«Ես աղաչում եմ կառավարությանը և տեղի բնակիչներին քրոջս օգնել: Նա վիրահատության կարիք ունի, որպեսզի նորմալ կյանքով ապրի»,- նշել է նրա եղբայր Յաղուբը: