Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք-զինամթերքի մատակարարումների մասին լուրերը հակառուսական տրամադրություններ են առաջացրել հայ հանրության շրջանում: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ:
— Ադրբեջանին ռուսական կողմի զենքի վաճառքը ռազմավարակա՞ն գործընկերոջ արարք էր, թե՞ ոչ:
— Երբ լսում եմ, թե ինչպես է Հայաստանում մեր քաղաքական ընտրանին արձագանքում, հիշում եմ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը: Այնտեղ հայ հովիվները սարերում քննարկում էին՝ ինչն է աշխարհում կարևոր: Մեկը ասում էր՝ կարևորը մենք ենք, մյուսը՝ մենք ու Ամերիկան, մյուսը՝ Ավստրիան: Հիմա այս կարգի քննարկումներ են գնում: Բանն այն է, որ ամբողջ աշխարհը չի ստեղծվել նրա համար, որպեսզի սպասարկի Հայաստանին: Աշխարհը հիմա շատ դաժան մի տեղ է, որտեղ մի փիլիսոփայություն է ներծծվել, որ բոլորն ունեն իրենց շահերը և հանուն շահերի կարող են ցանկացած բան զոհաբերել: Դրա համար մենք տեսնում ենք, թե մարդկանց, երկրների ինչ հսկայական ոչնչացման գործողություններ են ընթանում՝ Լիբիան ոչնչացվեց՝ այդպիսի երկիր գոյություն չունի, Իրաքը համարյա ոչնչացման եզրին է, հիմա Սիրիան է ոչնչացվում: Մենք տեսնում ենք, որ մի գալոն նավթի համար կարելի է մի ամբողջ երկիր գետնին հավասարեցնել: Այսպիսին է աշխարհը, և այդ աշխարհում մենք մանկապատանեկան մի հաղորդման մասնակիցներ ենք անդադար, որտեղ մարդիկ ինչ-որ բաներ են խոսում և խոսում են՝ շատ անգամ չհասկանալով, թե ինչից են և ինչու են այդպես խոսում: Այս բաները պետք է հասկանա գոնե մեր իրական ընտրանին և շատ կոշտ պատերազմ տա, որովհետև մեր երկրի հանգուցային հարցերին է սա վերաբերում: Եթե մենք հիմա սխալվենք, ուրեմն կարող ենք կանգնել նոր ցեղասպանության առջև, երկրի կորուստի առջև, այսպիսի խոշորագույն վտանգներ կաճեն:
— Կոշտ պատերազմը ինչի՞ն է վերաբերում:
— Զենքի վաճառքի կարևոր հանգամանքը հետևյալն է՝ մեր հարևան երկրում ստեղծում են ցեղասպանության մեքենա: Մեծ հայատյացություն է այնտեղ ներմուծվել, խայտառակ պատմություն է ստեղծվել՝ իրական պատմության հետ որևէ կապ չունեցող, և զուգահեռ գնում է զինում, նպատակաուղղում և այլն: Հիմա այս իրավիճակում, երբ մենք հարցնում ենք մեր արևմտյան գործընկերներին, որոնք հիմնական դիրիժորներն են այնտեղի այդ վիճակի, թե ինչն է խնդիրը, նրանք աչք-ունքով հասկացնում են, որ խնդիրն Իրանի հետ է կապված հիմնականում: Քիչ ավելի զգացնել են տալիս, որ Ռուսաստանի հետ է կապված, այսինքն՝ այդ ուղղություններով հակադրելու համար է, իսկ դուք ընդամենը պատրվակ եք, դե մի բան պետք է ասենք, բացատրենք: Բայց մենք էլ սովոր ենք, որ երբ մի երկրում այդպիսի բան լինում է, ինչպես Թուրքիայում եղավ 100 տարի առաջ, մեկ էլ մի պահ է լինում, և նրանք անջատվում են, և մեր դեմ սկսում է գործել այդ մեքենան: Մեր խնդիրն է, որ այդպիսի բան թույլ չտանք:
— Հիմա Ռուսաստանը զինո՞ւմ է այդ մեքենան:
— Ռուսաստանն ունի վախ՝ նա պետք է չհանձնի Կովկասը, դա նրա կենսական տարածքն է: Եթե նա հանձնի Կովկասը, կփլուզվի: Դրանում համոզված են և՛ ռուսները, և՛ ռուսների հակառակորդները, և՛ ռուսների բարեկամները: Այսինքն՝ մենք ձեզ հետ նույնպես գիտենք, որ դա այդպես է: Հույժ կարևոր է Ռուսաստանի համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը: Հիմա իրական դաշնակիցը Հայաստանն է, և մեր կարևորությունը շատ մեծ է: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կապրիզներ կառուցեք և ասենք՝ սա չպետք է անես, սա չպետք է անես: Նա Ադրբեջանի հարցն էլ պետք է կարողանա լուծել ինչ-որ ձևով: Մենք ժամանակին նրան ասել էինք, երբ մենք կայինք, մենք դեռ մարդ էինք, մենք դեռ չէինք տրվել փողին, մեր ղեկավարները դեռ չէին թալանում գյուղացիներին՝ վերջին ծիրանը ձեռքներից առնում և նրանց վտարում երկրից: Ամեն ինչ ուրիշ ձևով էր, և քաղաքական ընտրանին էլ քաղաքական ընտրանի էր: Այդ ժամանակ մենք ռուսներին առաջարկել էինք՝ եկեք ձևավորենք մի ուրիշ տարածաշրջան: Հետագայում մենք այդ բանից հրաժարվեցինք, որովհետև ընդունեցինք… ամենավտանգավոր զենքը, որ մեր դեմ կիրառվել է, և ամենավտանգավոր պատերազմը, որ տարվում է, ինֆորմացիոն պատերազմն է: Երբ արժեհամակարգը որևէ երկրում փոխում ես, դու կարող ես էլ ոչինչ չանել՝ այդ երկրի ժողովուրդը ինքն իրեն կոչնչացնի: Մեզ մոտ կարողացան մեզ ներշնչել, որ կարևորագույն արժեքը փողն է: Եթե 1992-1993 թթ. կարևորագույն արժեքը փողը լիներ, Ղարաբաղում ոչ ոք չէր կռվի: Հետևաբար՝ այն ժամանակ ուրիշ արժեհամակարգ էր: Հետո մեզ փոխեցին, և մենք ամեն ինչ կոնվերտացիա ենք անում փողի և ինքներս ոչնչացնում ենք երկիրը: Հիմա այս զենքը մեր դեմ կիրառվում է, և ինֆորմացիոն պատերազմը շարունակվում է՝ մեզ փորձելով զրկել այլ զենքերից ևս: Ռուսաստանի հետ դաշինքը այս ծանր իրավիճակում մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Ըստ էության՝ կայուն խաղաղության միակ երաշխիքն է:
— Շատ դեպքերում ռուսական կողմի այդ վերաբերմունքը քննադատելիս հենց դա են նշում, որ Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար, սակայն Ռուսաստանը, անտեսելով կարևորագույն գործընկերոջ շահերը, 1 մլրդ դոլարի զենք է վաճառում նրան:
— Մեկ միլիարդ չէ, կարծեմ երեք է, խնդիրը դա չէ: Զենքերի մատակարարումը Ադրբեջանին շատ մեծ է, և դա կապված է մի շարք խնդիրների հետ: Սա մի անգամ ես անվանեցի ապուշություն Ռուսաստանի կողմից. դա կապված է ուրիշ խնդրի հետ: Ոչ թե, որ նա Ադրբեջանի հետ չպետք է կառուցի ինչ-որ տիպի հարաբերություններ, նա պետք է կառուցի և փորձի վերցնել Ադրբեջանը ազդեցության տակ: Երբ մենք չկանք և չենք կարողանում նրան առաջարկել որևէ ծրագիր, որը համատեղ գործելով անենք, նա կարող է անել՝ ինչ ուզում է: Բայց ես ապուշություն անվանեցի ուրիշ կտրվածքով: Այս զենքը օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի դեմ: Այդ զենքը, որ նա տվեց Ադրբեջանին, հիմա օգտագործվում է Ռուսաստանի դեմ՝ Հայաստանում: Այսինքն՝ հայ ժողովրդին ներշնչում են, որ Ռուսաստանը թշնամի է, նա դաշնակցություն չի ճանաչում և այլն, և Ռուսաստանը շատ բան կորցնում է Հայաստանում: Եթե նա այսպիսի էֆեկտները հաշվի չի առնում, նշանակում է՝ նա ինֆորմացիոն պատերազմում շարունակում է այնպես տանուլ տալ, ինչպես տանուլ է տալիս արդեն 30 տարի: Տանուլ տվեց Խորհրդային Միությունը՝ որպես իր ամբողջական երկիր, տանուլ է տալու և հետագայում: Եվ այս տեսակետից տանուլ տալը մեզ համար համատեղ խնդիր է՝ մենք ևս տանուլ ենք տալիս…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ