Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով հունիսի 28-ի նիստին կհարցաքննվեն համալիրի երկու պահակներ, լրացուցիչ վկաներ Խաչատուր Սարգսյանը և Կարլեն Ստեփանյանը: Վկաները կհարցաքննվեն տուժող կողմի միջնորդությամբ:
Դատարանն այսօրվա նիստում մերժեց «Նուվել դը Արմենի» ամսագրին տված «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի 2012թ. սեպտեմբերի 14-ի հարցազրույցը գործով ապացույց ճանաչելու տուժող կողմի միջնորդությունը՝ անհիմն, չպատճառաբանված լինելու պատճառով՝ ըստ դատարանի, տուժող կողմը չի նշել, թե հիշյալ հարցազրույցով ինչ կոնկրետ հանգամանք կարող է հիմնավորվել:
Դատարանն առանց քննության թողեց տուժող կողմի՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազներին ուղղված և վերջիններիս կողմից դատարանին վերահասցեագրված միջնորդությունը ամբաստանյալների գույքի վրա կալանք դնելու մասին: Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը նկատեց, որ տուժողներն իրենց այս միջնորդության համար սխալ հասցեատիրոջ են ընտրել՝ այն այս փուլում ոչ թե իրենց, այլ վարույթ իրականացնող մարմնի՝ դատարանի, քննարկման ենթակա խնդիր է:
Դատարանի որոշմամբ, տուժող կողմի ներկայացրած բժշկական փաստաթղթերը՝ ավստրիացի փորձագետի կողմից Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ՀՀ ՊՆ N զորամասի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, տուժող Վահե Ավետյանին վիրահատած բժիշկ Արման Հակոբյանի փաստաբանական հարցման արձանագրությունը քննության կառնվեն տուժող կողմի ներկայացրած Վ.Ավետյանի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդության քննության շրջանակում: