Երևանն այն ժամանակ նեղլիկ փողոցներով, փոքր տներով, սակավաթիվ բնակչությամբ քաղաք էր, չգիտեիր՝ որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում: Զբոսնեք Երևանով և կտեսնեք, որ շատ քիչ շինություններ կան, որ այսօր հիշեցնում են հին Երևանի մասին: Ամեն նոր բացվող սրճարանը վերացնում է հին քաղաքից մի մասնիկ: Քաղաքի կենտրոնը գրեթե անճանաչելի է, իսկ Հյուսիսային պողոտայի աճող շենքերի կողքին ճկռել են հները, որոնք կարծես ուզում են չերևալ: Այնպիսի տպավորություն է, որ սև շենքերն այլևս չեն համապատասխանում մայրաքաղաքի ընդհանուր պատկերին: Բայց գուցե տխուր բաներից չխոսենք և Կասկադում մի բաժակ սո՞ւրճ խմենք:
Այս քաղաքն այնքան փոքր է, որ մեկը մյուսին ճանաչում է: Բավական է՝ մի սրճարանում նստես, և կողքիդ կհայտնվի որևէ ծանոթ: Գեղեցիկ է Երևանը, միայն նրա համար, որ մերն է, բայց մի բան ակնհայտ է՝ որքան շատ ես խորանում պատմության, ստեղծման մեջ, այնքան ավելի ես սիրում նրան: Հենց այս սկզբունքով էլ BlogNews.am-ը որոշեց իրականացնել այս նախագիծը: Այս լուսանկարները մյուս սերունդներին կպատմեն և ցույց կտան, թե ինչպիսին է եղել Երևանը մեր օրերում:
«Մոսկվա» կինոթատրոն
Նախկին Աստաֆյան փողոցն է, հիմա հայտնի՝ որպես Աբովյան, Շառլ Ազնավուրի հրապարակ։ Ի դեպ, առաջին անգամ հենց այս փողոցով է անցել Երևանի տրամվայը: Հիմա դժվար է պատկերացնել, որ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հատվածում սրճարանների փոխարեն ժամանակին փողոց է եղել, որտեղով խորհրդային տարիներին անցնում էին քաղաքի սակավաթիվ մեքենաները, անցկացվում շքերթեր, իսկ կինոթատրոնի առջև Խաչատուր Աբովյանի արձանն էր (հիմա «Աստղակերպի նշաններ» շատրվանն է), Նկարիչների միության տեղում մզկիթ էր, կողքը՝ բնակելի տներ, իսկ Ստանիսլավսկու անվան թատրոնի տեղում ռուսական եկեղեցի էր:
Այս փողոցում կարելի է երկար մնալ. պատմելու շատ բան կա: Երեկոներն այստեղ գեղեցիկ են, երբ կապույտ երկինքը խառնվում է օդում կախված փոքրիկ լույսերին, որոնք էլ խորհրդավորություն են տալիս «Գրանդ Հոթել Երևանին»: Հարակից սրճարաններից կարելի է տեսնել, թե ինչպես են, իրար հերթ չտալով, հյուրանոցից ներս ու դուրս անում մեր քաղաք ժամանած օտարերկրյա հյուրերը: Ի դեպ, դեռևս Խորհրդային Հայաստանում այս հյուրանոցը եղել է արտասահմանյան հյուրերի հանգրվանը: Նախկինում՝ «Ինտուրիստ», հիմա արդեն «Գրանդ Հոթել Երևանն» ունի հինգ ճակատ, որոնցից երեքը գլխավոր են` Աբովյան փողոցի, կիսակլոր հրապարակի (այժմ՝ Ազնավուրի հրապարակ) և այլևս գոյություն չունեցող Մեչետսկայա (Մզկիթի) փողոցի ճակատները:
Յուրաքանչյուր ճակատ ունի գեղեցիկ հարդարանք` պատշգամբներ, լոջիաներ, կամարաշարեր, պատուհանների շրջանակներ, իսկ մշակված են դրանք տարբեր գույնի և ֆակտուրա ունեցող նյութերի համադրությամբ:
Խորհրդային Միության բացօթյա սրճարանների կուլտուրան հենց այստեղ է ձևավորվել: Նկարիչների միության հարևանությամբ` հյուրանոցի ռեստորանի դիմաց, բացօթյա սրճարաններից մեկն էր, որն այն տարիներին բոհեմի հավաքատեղին էր: Այստեղ կարելի էր հանդիպել Երվանդ Քոչարին, Կոստան Զարյանին, Լևոն Ներսիսյանին, Շիրվանզադեին, Գուրգեն Մահարուն, Չարենցին և այլոց: Արտասահմանից կամ Խորհրդային Միությունից ժամանած մտավորականները նույնպես կանգ էին առնում «Ինտուրիստում»: Հյուրանոցը հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով: ՀԽՍՀ կառավարությունը հյուրանոցի մի հատվածը տրամադրել է հայրենիք վերադարձած հայտնի հայ մտավորականների, քաղաքական, հասարակական գործիչների: Շուրջ յոթ տարի հյուրանոցում ապրել է Եղիշե Չարենցը: Նախ՝ բնակվել է երկրորդ հարկի 21-րդ լյուքս համարում, ապա՝ մզկիթին նայող ընդարձակ սենյակում: Համարն ունեցել է նրբաճաշակ կահավորանք՝ արևմտյան ու արևելյան ոճերի համադրությամբ: Այստեղ են ծնվել Չարենցի երկու դուստրերը` Արփենիկն ու Անահիտը: Ի դեպ, սենյակը, որտեղ ապրել է Չարենցը, անվանակոչվել է նրա անունով:
Երևանի կենտրոնական հանրախանութ կամ Детский мир
Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կանգուն է Երևանի կենտրոնական հանրախանութը կամ Детский мир-ը: Կառուցման աշխատանքները սկսվել են 1935 և ավարտվել 1937-ին: Այս շենքի մասին հին երևանցիները լավ գիտեն։ Այդ մենք ենք, որ անցնելիս երբեմն չենք նկատում հսկա սև շենքը, որը շատ խորհրդավոր տեսք ունի` անհայտ ճակատագրով: Բայց ժամանակին այդպես չէր: Երևանում հանրախանութներն այնքան քիչ էին, որ մարդիկ հիմնականում այցելում էին Կենտրոնական հանրախանութ, իսկ լավ ապրանքները գնում էին, այսպես ասած, «տակից»: Առաջին հարկում գաստրոնոմն էր` հայտնի իր կարկանդակներով, կային մանկական բաժիններ, որտեղ վաճառում էին խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, որտեղից պաղպաղակ և թխվածք էին վերցնում, նստում մեծ սեղանների շուրջ և մեծ պատուհաններից նայում Սպանդարյան փողոցին։ Երրորդ հարկում տարբեր կտորներ էին վաճառվում:
Շուրջ 82 տարվա պատմություն ունեցող այս շենքը դեռևս կանգուն է, չկա տանիքի վերևի գրությունը` «Հաճախեք Կենտրոնական ունիվերմագ», բայց պահպանված է արտաքին տեսքը, միայն անհայտ է` ինչ է մնացել ներսում, որովհետև մուտքն այստեղ արգելված է:
Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ` երկրի համար կարևոր իրադարձությունների, ռազմական շքերթերի ու տոնակատարությունների վայր, իսկ ներկայիս Կառավարության շենքի ժամացույցը երևանցիների ամենահայտնի ժամադրավայրն էր։ «Արի պայմանավորվենք Հրապարակի ժամի մոտ». այս արտահայտությունը լսել են գրեթե բոլոր երևանցիները: Ժամանակին, երբ չկային հեռախոսներ, մեր ծնողները ժամադրվում էին հենց այստեղ։ Դե պատկերացրեք՝ քանի սրտեր են այստեղ հանդիպել, միացել և բաժանվել:
Հրապարակը կազմված է երկու մասից. առաջին մասը շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակն է: Ըստ մտահղացման՝ բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ, բայց ժողովուրդն այն ավելի շատ որպես լավաշ գիտի: Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որոնք տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի դիմաց: Շատրվանները մինչև օրս էլ երեխաների համար ամառվա տապից զովանալու միջոց են. չնայած շատերի համար տհաճ, բայց սա շատ երևանյան տեսարան է: Այստեղ քեզ հաճախ կարող են շփոթել օտարերկրացու հետ, եթե, օրինակ, ձեռքիդ ֆոտոխցիկ տեսնեն. միանգամից տաքսի կառաջարկեն, որպեսզի ցույց տան Գառնին ու Գեղարդը:
1972 թվականի լուսանկարում դեռևս կառուցվում է Ազգային պատկերասրահի շենքը: Սա մեր քաղաքի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս մեր ազգային կերպարվեստի և արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Հայաստանի առաջին հանրապետության շենքը
Հրապարակից հետո քայլերը տանում են Հանրապետության փողոց, որը մինչխորհրդային Երևանի ամենաերկար և կարևոր փողոցներից էր: Տարբեր անուններ է ունեցել` Գուբերնսկայա, Լենինի, հետո կոչվել է հեղափոխական Ստեփան Ալավերդյանի անունով, իսկ արդեն 1991-ին` անկախության վերականգնումից հետո, մնաց Հանրապետության փողոց:
Հենց այստեղ էլ` աջ հատվածում, կանգուն է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքը: Ասում են` Սարդարապատի հերոսամարտի ավարտից օրեր անց հենց այս շենքի երկրորդ հարկի պատշգամբից է Արամ Մանուկյանը հայտարարել Հայաստանի անկախ դառնալու մասին և կարդացել Թիֆլիսի Ազգային խորհրդի՝ մայիսի երեսունի հռչակագիրը: Իսկ այսօր հարյուր տասնչորս տարվա պատմություն ունեցող այս շենքում մարդիկ պարզապես պիցցա են պատվիրում...
Ճարտարապետական առումով շենքն, իհարկե, որոշ փոփոխությունների է ենթարկվել․ 2006-2010թթ. շենքի և՛ պատմական հատվածը, և՛ կից կառույցը ներսից հիմնովին վերակառուցվել է, և շենքի արտաքին տեսքն ամբողջությամբ պահպանելով` ավելացվել են վերնահարկեր:
Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն
1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին: Ըստ ծրագրի՝ համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն՝ 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան՝ ընթերցասրահով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ: Ասում են` Ալեքսանդր Թամանյանը հատուկ քնքշանքով էր մոտենում Օպերայի թատրոնի նախագծին, սիրում և փայփայում էր այն:
Տարիներ հետո թատրոնում պետք է բեմադրվեին մի շարք հայկական օպերաներ ու բալետներ, մշակութասեր հասարակությունն էլ պետք է վայելեր Ալեքսանդր Սպենդարյանի «Ալմաստ» օպերան:
Ալեքսանդր Սպենդարյանի և Հովհաննես Թումանյանի բրոնզե արձանները պատահական չեն հայտնվել այստեղ: Այս շենքում առաջինը բեմադրվել է Ալ. Սպենդարյանի «Ալմաստ» օպերան, որի խոսքերի հեղինակը Հովհաննես Թումանյանն է:
Օպերայի շրջակայքը ևս երևանցիների սիրելի վայրերից է, ու այն միշտ բազմամարդ է։
Ստալինի արձանը և «Մայր Հայաստանը»
1950 թվականի հոկտեմբերի 29-ին է բացվել Հաղթանակ զբոսայգին (ինչպես շատերս սովոր ենք անվանել՝ Մոնումենտը): Հենց այդ նույն օրն էլ տեղի է ունեցել Ստալինի 17-մետրանոց արձանի բացումը։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Մերկուրովը և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Այն ԽՍՀՄ-ի տարածքում Ստալինի ամենամեծ հուշարձաններից մեկն է եղել (բարձրությունը պատվանդանի հետ կազմել է 50 մ): 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, և այն հինգ տարի դատարկ է մնացել։ Եվ միայն 1967 թվականին է դրա տեղում կանգնեցվել «Մայր Հայաստան» արձանը (քանդակագործ՝ Արա Հարությունյան): Արա Հարությունյանին հանձնարարվել էր հայ ժողովրդի հավաքական կերպար ստեղծել։ Բնորդուհին Ժենյա Մուրադյանն է:
Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը:
Ասում են՝ ընդամենը մի գիշերում է ապամոնտաժվել Ստալինի արձանը, իսկ արդեն առավոտյան բնակիչները տեսել են դատարկ պատվանդանը:
«Անի» հյուրանոց
«Անի» հյուրանոցն է՝ մի փոքր այլ դիրքից: Ծառերը դեռևս չեն ծածկել հյուրանոցի առաջին հարկը, իսկ առաջին կադրում երևացող գովազդային վահանակը չի փակում փողոցի ընդարձակ տեսարանը: Հյուրանոցը հիմնադրվել է 1970 թվականին և բացվել Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ: Հյուրանոցի բացմանը շքեղ ընդունելություն էին կազմակերպել, քանի որ Մոսկվայից, Թիֆլիսից, Լիբանանից և Ֆրանսիայից հյուրեր էին ժամանել:
Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման տեղում գտնվող Անի հյուրանոցն առաջին 16-հարկանի շենքն էր Երեւանում: Հյուրանոցի կառուցման ծրագիրը շատ վաղուց էր քննարկվում։ Այդ ժամանակ Երևանում երեք հյուրանոց կար` «Արմենիա»-ն, «Սևան»-ը և «Երևան»-ը, և մայրաքաղաք ժամանած զբոսաշրջիկներին տեղավորելու խնդիր էր առաջանում: Ի դեպ, երբ Շառլ Ազնավուրն առաջին անգամ այցելեց Հայաստան, նրան ցույց տվեցին հյուրանոցի մանրակերտը և խնդրեցին, որ նա դրա կառուցման համար բարեխոսի Մոսկվայի կառավարության հետ:
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ
Խորհրդային ժամանակաշրջանում հստակ նպատակ էր դրված լայնացնել Երևանի կենտրոնի փողոցները՝ մաքրելով դրանք կիսախարխուլ շինություններից։ Դրա վառ օրինակներից մեկն էլ Ամիրյան փողոցն էր․ հեռացվել էր դրա աջակողմյան մասի հին շենքերի շերտը՝ փոխարենն ընդարձակելով փողոցը։
Ամիրյանը մեր քաղաքի հնագույն փողոցներից է: Այն կրում էր Նազարովսկայա անունը` Երևանի նահանգի նահանգապետի անունով: Առաջին հանրապետության օրոք քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացին: 1991 թվականին անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվում է Վռամշապուհ արքայի անունով, սակայն դա կարճ է տևում, և փողոցին կրկին վերադարձվում է Ամիրյան անունը:
Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է Երևանի սուպերմարկետներից մեկը:
«Դվին» հյուրանոց
Երևանի «Դվին» հյուրանոցն իր դռները բացեց հանրության առջև 1983 թվականին։ Տասնչորսհարկանի մեծ շինությունն ուներ լյուքս համարներ, ռեստորան, սրճարան, բար, հուշանվերների խանութ, ամառային սրճարան, լողավազան և այլն: Բոլոր սենյակները կահավորված էին ֆիննական կահույքով։ Ճարտարապետական և գեղարվեստական ոճով աչքի ընկնող հյուրանոցի ինտերիերի ձևավորմանը մասնակցել են նկարիչներ, քանդակագործներ և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետներ: Այստեղ ելույթ էին ունենում հայրենական էստրադայի նշանավոր արտիստները, իջևանում էին շատ անվանի արտիստներ: Հյուրանոցը համարվում էր երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը:
Հյուրանոցային համալիրի բակում` շատրվանների կողքին, տեղադրված է կոփածո պղնձից պատրաստված «Լեռնային պար» արձանախումբը։ Հիմա այն տեղափոխվել է հյուրանոցի մյուս հատվածը: Հիմա մենք տեսնում ենք լրիվ ուրիշ «Դվին»` արդիական ոճով հսկայական համալիր, որում նախկին հյուրանոցի տեսքն ամենևին պահպանված չէ։ Դրանում արտացոլված են ոչ թե ազգային ճարտարապետության ավանդույթներն ու դիմագիծը, այլ՝ արևմտաեվրոպական ու արաբական ոճերի համադրությամբ արված անհասկանալի մոտեցումներ:
Ազգային ժողովի շենքը
Բաղրամյան 19 հասցեում գտնվում է Ազգային ժողովի շենքը: Հիմա դրա հարակից այգին բաց է այցելուների համար, և կարելի է անարգել զբոսնել այնտեղ: Շենքի առաջամասում մեծացվել է պուրակի հատվածը, փոխարենը չկան կողքի ծառերը, չնայած ամբողջ տարածքը ծառաշատ է:
Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948 թվականին և ավարտվել են 1950 թվականին: Կառուցումից ի վեր և մինչև Հայաստանի անկախացումը շենքը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստավայրը: 1991 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունել է «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, համաձայն որի՝ ՀՀ Գերագույն խորհրդին է հանձնվել ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը: 1991 թվականի մայիսին ՀՀ Գերագույն խորհուրդը (ներկայիս Ազգային ժողովը) տեղափոխվել է այս շենք:
Կասկադ
Սա Երևանի ամենահայտնի ու սիրված վայրերից է, որտեղ աջ ու ձախ սրճարաններ են։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ: Այստեղ միշտ բազմամարդ է, իսկ օտարերկրացիները հաճույքով բարձրանում են բոլոր 572 աստիճանները` Երևանի ֆոնին գեղեցիկ լուսանկար ունենալու համար: Դե էլ չասեմ, որ «Կոֆե Կասկադ» արտահայտությունը հենց այստեղ է ծնվել: Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը Ալեքսանդր Թամանյանն էր: Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ: Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որը կունենար բազմաբնույթ կիրառություն: Ներկայիս աստիճանների տեղում բլուր էր` ծառերով և արահետներով: Ասում են՝ երեխաներն ուրախանում էին հատկապես ձմռանը, երբ սահնակներով իջնում էին բարձունքից: Աջ և ձախ հատվածի ծառերն ավելի սաղարթախիտ են դարձել՝ ծածկելով հարակից շենքերը:
Ալեքսանդր Թամանյանի արձանը բացվել է 1974 թվականին: Արձանի հեղինակը քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է: Նա պատմել է, որ արձանի ձախ կողմի քարը հին ճարտարապետությունն է, աջը` նոր ժամանակաշրջանի, իսկ Թամանյանը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև:
ԳՈՒՄ կամ Տաշիր
«Տաշիր» առևտրի կենտրոնի տեղում ժամանակի եղել է հայտնի ԳՈՒՄ-ը: Այն հանրախանութ էր, որտեղից մարդիկ կատարում էին իրենց գնումների մեծ մասը:
ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ շուկան անվանում էին «կոլխոզի շուկա», մարդիկ առևտուր էին անում հանրախանութի կողքին, բաց երկնքի տակ։
Հիմա ԳՈՒՄ անվանում են առևտրի կենտրոնի հարակից շուկան: Շինությունը պահպանվել է, պահպանվել են նաև կողքի շենքերը, չկան միայն դիմացի մասում զետեղված լուսային շատրվանները, իսկ ծառերը ծածկել են դեպի մուտք տանող աստիճանները: Առևտրի կենտրոնի մուտքի մոտ ավելացել են բացօթյա սրճարանները, որոնք ժամանակին բացակայում էին: