Չեմ կարծում, թե ղեկին քնելու կամ ավելորդ ուղևոր վերցնելու պատճառը մեքենա վարել չիմանալն է։ Որքան էլ որ խստացնենք վարորդական իրավունք ստանալու կարգը, միևնույն է, իրավունք ստանալու են նույն քանակի մարդիկ և մոտավորապես նույն վարորդական հմտություններով ու գիտելիքներով։ Բայց կանոններ իմանալն ու դրանց հետևելը շատ տարբեր բաներ են։ Բոլոր տեսակի խախտումներն ունեն երկու հիմնական պատճառ՝ փող և լկտիություն։ 

Հնարավոր է՝ Վրաստանի դեպքի վարորդն ամեն օր Քոբուլեթի է քշում, որ սեզոնին հասցնի մի քիչ փող կուտակել, ավելորդ ուղևորներն էլ հավելյալ փող են իր համար, գիշերն է քշում, քանի որ այդպես ավելի արագ է։ Ուղևորներն էլ համաձայնվում են, քանի որ այդպես ավելի էժան է, քան գնացքով։ Մի քանի ուղևոր ավել տեղափոխելն է նաև քաղաքային տրանսպորտի վարորդների կատարած երթևեկության և ուղևորափոխադրումների կանոնների խախտումների պատճառը։ Փողն է նաև սպասարկող մեքենաների զանգվածային անսարքությունների պատճառը։ 

Ինչ վերաբերում է լկտիությանը, ապա այն կարող է պայմանավորված լինել ջահելությամբ, բնավորությամբ, բայց հիմնականը անդաստիարակությունն է և անպատժելիությունը։ Ու դարձյալ դա ոչ մի կապ չունի վարորդական հմտությունների հետ։ Նույնիսկ հակառակը, լկտի լինելու համար ահագին ինքնավստահություն է պետք։ Ամենալկտի 18 տարեկան արարածն անգամ կարող է հեշտությամբ սերտել կանոնները և հանձնել ամենախիստ գործնական քննությունը, իսկ 40 տարեկանում վարորդական իրավունք ստացող մի պարկեշտ և զգուշավոր անձնավորություն գուցե և մի քանի անգամ կտրվի քննությունից։ 

Այնպես որ, փնտրեք այլ լուծումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել