Tert.am Life-ը գրում է.

«Հրազդան» մարզադաշտի ճանապարհին երեկ նոստալգիկ մթնոլորտ էր․ Ձախ Հարութի երկրպագուները շտապում էին նրա մենահամերգին: Այս անգամ, ի տարբերություն երիտասարդների, «շատախոսում» էին մեծահասակները, հիշում, թե ինչպես էին 30 տարի առաջ ուսանողական ընկերների հետ գալիս Ձախ Հարութի համերգին։ Կանայք չեն մոռացել իրենց սենյակում փակցված պաստառները՝ Հարութ Փամբուկչյանի լուսանկարով, իսկ տղամարդիկ մտաբերում են, թե ինչպես էին ժամանակին կրկնօրինակում նրա սանրվածքը։ 

Tert.am Life-ը ներկա է եղել Հարութ Փամբուկչյանի «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագրով համերգին, զրուցել կատարողի հետ և լուսանկարել ամենահետաքրքիր դրվագները։ Համերգին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առաջին տիկին Աննա Հակոբյանը:

Ամեն ինչ սկսվել է 1989 թվականին, երբ Հարութ Փամբուկչյանը 6 օր համերգներով հանդես է եկել նույն մարզադաշտում: Կատարողը համերգներից ստացած հասույթն ուղղել է բարեգործության՝ 1988 թվականի երկրաշարժից հետո աղետի գոտում տուժածների օգնության ֆոնդին։ 30 տարի անց երգիչը որոշել է կրկնել անմոռանալի էներգետիկայով համերգը:  Այս անգամ մարզադաշտում հավաքվել էին ինչպես այն սերնդի ներկայացուցիչները, որոնք մեկ անգամ արդեն եղել են համերգին, այնպես էլ նոր սերնդի ներկայացուցիչները։

Սիրված ու հայտնի ստեղծագործություններ, բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր և նոր կատարումներ։ Ինչպես երգիչը ձևակերպեց, տրամադրությունը յուրահատուկ բարձր է։

Tert.am Life-ի հետ զրույցում Հարութ Փամբուկչյանը խոսեց իր զգացողությունների մասին՝ ասելով, որ դրանք դեռ թարմ են ու երկար ժամանակ թարմ կմնան։ «30 տարի անց ժողովուրդը դարձյալ այստեղ է՝ չնայած սերունդներ են մեծացել և այսօր ներկա են նաև նոր սերնդի ներկայացուցիչներ, ինչն իրոք առանձնահատուկ հաճելի է ինձ համար։ Իսկապես անչափ մեծ ուրախություն է, որ  այսքան տարի մարդիկ չեն դադարել լսել իմ ստեղծագործությունները, ավելին՝ դեռ հետաքրքրվում են ինձնով, իմ ներկայացրած արվեստով, իմ երգ-երաժշտությամբ»,- ասաց երգիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել