«Պոետը պետք է առաջ անցնի իր դարաշրջանից, որպեսզի հավասարվի գալիք սերունդներին»․ Ջեյմս Ռասսել Լոուել

Իմպերատիվ հնչերանգով այս մտքին հետևելիս պետք է նկատի ունենալ, որ գալիք սերունդներին հավասարվելու ձգտման ճանապարհին լինելու ես չհասկացված ու չգնահատված քո ժամանակներում։ Մենք էլ մեր Ռասսել Լոուլն ունենք` պոետ Չարենցը, գուցե նրանից ավելի անվանի, բայց ի՞նչ էր հորդորում նա․ 

«Թե ուզում ես երգդ լսեն,
Ժամանակիդ շունչը դարձիր։
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին»։

Տե՜ր Աստված, այդ ի՞նչ «ռաբիս» երգ պիտի երգեիր, որ հասկանային, ու դրանով ժամանակիդ շունչը դառնայիր, երբ շուրջդ սով էր, համաճարակ, տարաբախտ գաղթականներ, համատարած անգրագիտություն։ Հավանաբար գովերգեիր հեղափոխությունը, որ լսողը լսեր, երբ անցանկալիներին սպանում էր, աքսորում, ունեզրկում, իսկ քո երգերում՝ «Շիրկանալը բոլշևիկ էր», «Խելագարված ամբոխները արեգակներ էին շպրտում երկինքն ի վեր», «Աշխարհի կենտրոնը Մոսկովն էր, Մոսկովը Մեքքայից էլ հին էր»։ Ու չկարծեք, թե մեր հանճարեղ պոետը չգիտեր, որ Մեքքայի մասին հիշատակումն առնվազն տասը դար առաջ է եղել Մոսկվայից, բայց դա հո ինքը չէր ասում, այլ՝ «արխադաշ» Ալին։ Պետք է հիասթափեցնեմ․ աշխարհում այդպիսի «անթասիբ» Ալի չես գտնի, որ իր Մեքքան ստորադասի Մոսկովին, ա՜յ, անթասիբ «Խաչիկ» որքան ուզես, որոնց համար Մոսկովն անգամ Երևանից է հին։

Մեր հեղափոխականները, այս մեկ տարվա ընթացքում մի արժեքավոր բան չստեղծած, դարձյալ մնացել են անցյալը հիմնահատակ մերժելու կարգախոսի տակ և շարունակում են պնդել, որ իրենց այս կամ այն քայլն աննախադեպ էր։ Ուղղակի լավ կլինի՝ մեր երիտասարդ ու խոստումնալից չարաճճի բալիկներն այդքան քայլելու ու «տները» տակնուվրա անելու փոխարեն մի տեղ «տիտիկ անեն» ու կարդան, ծանոթանան, թե նախկինում ինչեր են եղել, գուցե անցյալի փորձը պատահաբար օգտակար լինի։ Մերժում ենք նախկիններին, հինը ու տեղն ի՞նչ ենք կառուցում։ Մինչդեռ հենց նորն ու արժեքավորը ստեղծենք, հինը ժամանակի ընթացքում ինքնըստինքյան կմերժվի։ 
Այս ամենն արդեն տեսել ենք, մասնավորապես՝ շուրջ մեկ հարյուրամյակ առաջ, պրոլետկուլտականության տեսքով, ինչի հայաստանյան ջատագովները՝ Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովն ու Ազատ Վշտունին, երբ 1922 թվականին իրենց «Երեքի դեկլարացիան»-ն էին հրապարակել, կարծում էին, որ պետք է մերժել անցյալի մշակութային ողջ ժառանգությունը, փոխարենը նորը ստեղծել՝ պրոլետարականը։ Հիշեք նաև, թե այդ ամենը չկիսող մեր անվանի գրողներին ինչպես էին հեգնախառն հանդիմանում։

Եկավ ժամանակը, և հեղափոխական ծայրահեղականության համար Չարենցը զղջաց, բայց արդեն ուշ էր։ Ու երբ օրվա իշխանության համար ժողովրդական պոետն անցանկալի էր դարձել, նրան «շարքից հանելու» ժամանակը եկավ։ Բայց զարմանում էր, թե այդ ինչպե՞ս են իրեն պատժում, երբ ինքը գովերգել է հեղափոխությունը, ծառայություն մատուցել իշխանություններին։ Իսկ պատասխանը պարզ էր․ վախենում ես, որ քեզ մահապատժի ենթարկենք, ողջունողներ, քո երկինք նետած արեգակները հարմար գնով իջեցնողներ չգտնվե՞ն։ Իսկ Չարենցը, ցավալիորեն, իր «երգդ լսելու» հորդորն արել է արյունարբու Ստալինի օրոք։ Ու մեր հանճարեղ պոետի ողբերգական մահը կամ էլ հասուն տարիների քերթվածքները չեն սրբագրում ռեժիմին ծառայելու նրա հրեշավոր սխալները։ Ու եթե ոմանք ինձ կհանդիմանեն, թե ով եմ ես, որ հանճարեղ Չարենցին քննադատեմ, կասեմ՝ ավելի վատ, որ իր հանճարը ծառայեցրել է մահաբեր ռեժիմի գովերգմանը։

Շատերը ողջունեցին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցում իրեն հռչակեց ժողովրդի վարչապետ, նրանք հիացած էին, երբ ժողովրդի վարչապետը ԱԺ-ում «բռնանշանակվեց», նրանք երջանկացած էին, երբ Փաշինյանը գրոհեց ԱԺ-ն, արդյունքում՝ վերցրեց նաև օրենսդիր իշխանությունը, նրանք էքստազի մեջ են, երբ Փաշինյանն արդեն դատական իշխանությունն է վերցնում։ Կարծում են, թե հենց ողջ երկիրը լինի վարչապետի բռի մեջ, ա՜յ այդ ժամանակ կստանան իրենց ծառայության փոխհատուցումը տեղը տեղին։ Բայց մոռանում են, որ միապետը գործընկերներ չի ունենում, այլ հպատակներ, իսկ հեղափոխական ճանապարհով ուզուրպատոր դարձածն առաջին հերթին իրենից հեռացնում է նրանց, ովքեր կարող են հիշեցնել, որ նրա հետ հավասար քայլել են, «դու»-ով ու անունով խոսել։ Ու կապ չունի․ այդ բռնապետը Ստալինն է, Հիտլերը, թե Եթովպիայի երբեմնի աննկուն հեղափոխական Մենգիստու Հայլե Մարիամը, գործելաոճը նույնն է։ 

Լսեք իմ «երգը», թե ոչ, դրանից առանձնապես բան չի փոխվի, ավելի լավ է ականջալուր լինեք պատմության դասերի զանգերին, քանի ուշ չէ, քանի կարճ դասամիջոցի ռեժիմում ենք, հինը վերջնականապես չենք քանդել, նորն էլ չենք կառուցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել