2019թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ (ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia)
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 915 հոդված, որոնցից 138-ը եղել է բացասական, 48-ը՝ դրական, 729-ը՝ չեզոք։
Նախագահ Արմեն Սարգսյանի մասին բացասական հոդվածներն այս տասնօրյակում սովորականից շատ են: Դա պայմանավորված է Արմեն Սարգսյանի որոշումներով և ընթացող քաղաքական գործընթացներով։ Նախագահին քննադատում են Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար․ մամուլն ու հասարակությունը չեն մոռացել Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ։ Հասարակության մոտ էլ հարց է առաջանում՝ եթե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, ապա ինչպե՞ս է առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանը լեգիտիմ թեկնածու, իսկ այս պահին արդեն՝ ընտրված ՍԴ դատավոր։
Վերլուծություններում գրում են, որ Արմեն Սարգսյանը ենթարկվել է ներկա քաղաքական թիմի ճնշումներին և շարժվել է նրանց քմահաճույքով։ Վահե Գրիգորյանի առաջադրման առնչությամբ նույնիսկ բողոքի ակցիա տեղի ունեցավ Նախագահի նստավայրի մոտ։
Նախագահի PR թիմը փորձեց որոշ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը մեղմելու համար, սակայն այս ֆոնին, նույնիսկ, այդ քայլերը դարձան քննադատության հիմք։ Օրինակ՝ նախագահի այցը Գյումրիում գործող վարսավիրանոց, քննադատվեց։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն էլ կոշտ պատասխանեց նախագահի՝ իրեն ուղղված քննադատությանը։ Սա էլ իր հերթին բացասական հոդվածների առիթ դարձավ։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակությունն արդեն իսկ քննադատում է նախագահի տևական արտագնա այցերը։
Ստացվում է, որ նախկինում արվող PR քայլերն այլևս չեն աշխատում, իսկ քաղաքական գործընթացների մեջ Արմեն Սարգսյանը դեռևս պարտվողի դերում է, որովհետև նա քննադատվում է թե՛ հասարակության քաղաքականացված հատվածի, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության, և թե՛ խորհրդարանական ընդդիմության կողմից։